Ժամանակ առ ժամանակ Հայաստանում եղել են և լինում են բարձրաձայնումներ առ այն, որ Ադրբեջանը Հայաստանին քառակողմ շրջափակման մեջ դնելու համար շատ ակտիվ աշխատում է ոչ միայն Հայաստանի հարավի՝ Իրանի ուղղությամբ, այլ նաև շատ ավելի ակտիվ՝ մեր հյուսիսում՝ Վրաստանում։
Ընդ որում, եթե Իրանի պարագայում գործ ունի հսկայական ռեսուրսներ, կայսերական ավանդույթներ և բարձր հարգանք վայելող հայկական համայնք ունեցող երկրի հետ, և հետևաբար հնարավորություններն այդ ուղղությամբ արդյունքներ գրանցելու շատ ցածր են, ապա Վրաստանի պարագայում իրավիճակը մեր տեսակետից շատ ավելի բարդ է։ Վրաստանի վրա կիրառվող ադրբեջանական առնվազն էներգետիկ և ժողորվրդագրական լծակները մշտապես ունենալու են որոշակի ազդեցություն հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտելու առումով։
Բավական էր, որ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարեր, որ Հայաստանը տեսականորեն կարող է օգտվել (բացառապես ֆորսմաժորային իրավիճակներում) Աբխազիայի ու Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներից` Ռուսաստանից ապրանքները փոխադրելու համար, որպեսզի Ադրբեջանի փորձագետները սկսեին Վրաստանին դավաճան աանվանել
Ստորև դնում եմ ադրբեջանցի քաղաքագետներից մեկի՝ նշված հարցի առնչությամբ տված մեկնաբանությունից մի հատված․
«Վրաստանի կառավարության այս քայլը դեմ է Ադրբեջանի շահերին։ Սա նույնիսկ հնարավոր է գնահատել որպես Ադրբեջանի դեմ դավաճանություն, քանի որ թե տնտեսական առումով, թե էներգետիկ ապահովման տեսանկյունից Ադրբեջանն արդեն տարիներով բոլոր մակարդակներում Վրաստանին անօրինակ օգնություն է ցույց տալիս։
Վրաստանի տնտեսության ծնկի չգալու մեջ Ադրբեջանը մեծ դեր է ունեցել և այսօր էլ ունի։ Ամենածանր պահերին Վրաստանին ձեռք մեկնողը Ադրբեջանն է։ Այժմ էլ Ադրբեջանից Վրաստանին շատ մեծ օգնություն է ցուցաբերվում։ Ադրբեջանն իր էներգակիրները Վրաստանին վաճառում է զեղչային պայմաններով։
Բացի այդ, Վրաստանում ապրում է ավելի քան 500.000 ադրբեջանցի և նրանք այնտեղ ամենահին բնիկ ժողովուրդն են։ Վրաստանը պետք է ադրբեջանական հողերը օկուպացրած և այժմ էլ թշնամական դիրքորոշում ունեցող Հայաստանի հետ իր հարաբերություններում այս ամենն ամբողջությամբ հաշվի առնի։ Օկուպանտ երկրին փաստացիորեն լուրջ շունչ տալը քայլ է՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Եթե Վրաստանն օժանդակում է օկուպանտ մի պետության, ապա դա, անկասկած, կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա»։