Վերացարկվելով «տարեկետում-չտարեկետում» թեմայից՝ մի դիտարկում անեմ պատերազմող երկրի գիտության ու անվտանգության կապի, հատկապես անհատական մակարդակում զինծառայության արդյունքում ձեռք բերվող կամ ավելի շուտ չբերված հմտությունների մասով։
Վերջերս պարզվեց, որ անկախության տարիների ընթացքում ունենք գիտությունների մոտ 6000 թեկնածու ու մի 400 էլ դոկտոր։ Բոլոր վերոնշյալներն օրենքի ուժով ստացել են զինգրքույկ, սակայն չեն անցել զինվորական պարտադիր ծառայություն։
Չխորանալով նշյալ քաղաքացիների՝ «գիտնական» դառնալու մոտիվացիայի մեջ, քանզի թեմային տեղյակ մարդկանց այս մասով ամեն բան հայտնի է, նշեմ, որ փաստորեն պատերազմի մեջ գտնվող երկրում այսօր կա մոտ 6000 քաղաքացի (չհաշվված եզակի բացառությունները), ովքեր զինծառայությունից առհասարակ տեղյակ չեն, կրակել չգիտեն, չգիտեն մարտական հերթափոխը ինչ է և այլն... Մի խոսքով չունեն անհրաժեշտ ռազմական գիտելիքներ, որոնք պատերազմող երկրի քաղաքացու համար պետք է որ կարևոր լինեն։
Ստացվում է, որ եթե, ասենք, վաղը պատերազմը ակտիվացավ, մենք ունենք մոտ 6000 հոգի պահեստազոր, որը ռազմական առումով գործունակ չէ. պարզ է, որ հնարավոր չի լինի կարճ ժամանակում այդ մարդկանց անհրաժեշտ ռազմական հմտություններ փոխանցել։
Իհարկե այս ընթացքում մի քանի անգամ «ներքևների» ու «վերևների» նախաձերնությամբ ռազմական հմտությունների փոխանցման նման կարճաժամկետ դասընթաց-պարապմունքեր իրականացվել են, սակայն ես չեմ կարող դրանց պատշաճ գնահատական տալ, քանզի դրանք ինստիտուցիոնալ բնույթ չունեն ու գնահատման չափանիշներ էլ մեծ հաշվով չկան։
Պարզ է, որ դիտարկումս միանշանակ չի ընդունվի, այդ թվում իմ կոլեգաների կողմից։ Ավելին՝ շատերը սրա տակ ինչ ասես չեն տեսնի ու ինձ կարող են վերջում հակդարձել, քննադատել, անարգանքի սյունին գամելով, բայց դե ունենք այն, ինչ ունենք... Ասեմ ավելին՝ ես շատ լավ պատկերացնում եմ նման առաջարկի իրականացման բոլոր բարդությունները, սակայն կարծում եմ, որ կարևոր խնդիր է, որին ինչ-որ ադեկվատ լուծում պետք է տրվի։
Ասում եմ լավ կլինի, որ ՊՆ-ն ԲՈւՀ-երի ղեկավար կազմի հետ այս ուղղությամբ առարկայական քննարկումներ, ապա նաև քայլեր ձեռնարկեն համապատասխան դասախոսական կազմի շրջանում ռազմական ոլորտի պարտադիր բնույթի հմտություններ փոխանցելու ուղղությամբ։
Հակառակ դեպքում ստացվում է, որ 20 տարեկան զինծառայություն անցած երիտասարդի ֆոնին պատերազմող երկրի «գիտությունների թեկնածու հնչեղ կոչում» ունեցողը ոչ միայն չի տարբերում «ПК»-ն «РПГ»-ից, այլև դրանից օգտվել չգիտի առհասարակ։
Հ.Գ. Օրինակ նման ծրագիր կարելի է իրականացնել ԵՊՀ դասախոսական անձնակազմի վերպատրաստման պարդատիր դասընթացի շրջանակներում։