Ծիծեռնակաբերդ: Այստեղ դեպի երկինք է բարձրանում քարե սյունը, որը խորհրդանշում է անմահ հոգիների հիշատակը և արդարության տենչանքի՝ աղոթքի աղաղակն ու հայ ժողովրդի վերածնունդը: Ամեն տարի, Ապրիլի քսանչորսին, այստեղ են գալիս հարյուր հազարավոր հայեր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերին: Գրեթե հարյուր տարի է անցել, սակայն սերունդները դեռ հիշում են, այն մխրճված է նրանց հիշողության և սրտերի մեջ: Օսմանյան կայսրության կողմից իրականացված մեկուկես միլիոն հայերի կոտորած, որն իր հետքն է թողնելու հաջորդող սերունդների ճակատագրի վրա: Ոչինչ մոռացված չէ, ոչ ոք մոռացված չէ: Իսկ ոճրագործն ապրում է: Նա ապրում է այդ զոհերի թափված արյան վրա, այն հողի, որը ներծծված է այդ արյամբ: Չկա զղջում՝ չկա ափսոսանք: Ոճիրը մնացել է անպատիժ, և անպատժելիության զգացողությունը ծնել է նոր ոճրագործներ և նոր ոճրագործներն անպատժորեն՝ նոր ոճիրներ են գործում: Թշնամին չի լինում միայն արտաքին, այն կարող է լինել նաև ներքին: Ժողովուրդն ասում է. «Դուշմանը որ տանից չլինի, եզը երթիկից են հանելու» (ժ.խ): Դե իհարկե, այսօր, եթե հաշվարկում ենք թուրքի ձեռքից քաշած մեր «վնասները», ապա հոգոց ենք հանում: Ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ սպանդը: Մենք կարող ենք միայն պատկերացնել դա: Ի՞նչը կարող է լինել ավելին, քան կյանքն է: Միայն կյանքը և ոչ մի բան ավելի: Մարդկային հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի մի հասկացողություն՝ «Ստոգհոլմյան ախտանիշ» անվամբ: Այսինքն՝ զոհի մոտ տարբեր հոգեկան հուզումներից առաջանում է համակրանք հանցագործի նկատմամբ, և նա սկսում է աջակցել հանցագործին: Ի՞նչ ի նկատի ունեմ ես: Կարծո՞ւմ եք, որ սա մեղադրա՞նք է, թե՞ փաստ: Լավ, եկեք տեսնենք, թե ինչ են մեզ ասում փաստերը, իսկ ենթադրություններն ու եզրակացությունները՝ հետո: Սա մենք ենք, մեր Հայաստանը և մեր իրականությունը: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանի կանանց 37 տոկոսը իր կյանքում գոնե մեկ անգամ կատարել է հղիության արհեստական ընդհատում: Թեև իրականում, կանանց մեծամասնությունը, դա արել է միջինը՝ 1–ից 7 անգամ: Հաջորդը: Հղիությունների 52 տոկոսը ընդհատվում է աբորտի և վիժման հետևանքով, իսկ սա նշանակում է, որ միայն հղիության 48 տոկոսն է ավարտվում ծնելիությամբ: Շարունակեմ: Կանանց 20 տոկոսը օգտագործում է հակաբեղմնավորիչներ և որպես դրանց հետևանք՝ բարձրանում է վիժումների և աբորտների, իսկ հետագայում՝ անպտղաբերության ցուցանիշը: Սրանք միայն թվեր են, ցուցանիշներ, որը մենք ունենք՝ որպես ՀՀ Առողջապահության նախարարության կատարած աշխատանքի հաշվետվություն: Իսկ դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան ավելի բարձր է ստվերային ցուցանիշը, որն ավելի իրական կարող է ներկայացնել փաստերը: Այս հոդվածը գրելիս իմ կողմից ուսումնասիրվել են բազմաթիվ հոդվածներ, տվյալներ, ուսումնասիրվել են ՀՀ օրենքները և ի զարմանս ինձ՝ ես հանգել եմ մի եզրակացության՝ Հայաստանում ստեղծված են բոլոր նախապայմանները՝ ներկայումս շարունակելու 1915 թվականի՝ Օսմանյան կայսրությունում կազմակերպված միտումնավոր ջարդերը: Ջանքեր ոչնչացնելու հային՝ աշխարհի երեսից: Ովքե՞ր են շարունակում այդ սպանդը, միգո՞ւցե ոճրագործների սերունդները: Իսկ ինչո՞վ ենք մենք՝ տարբերվում նրանցից: Տպավորություն է ստեղծվում, որ մենք «գիտակցաբար» կամ «անգիտակցաբար» միացրել ենք ինքնաոչնչացման մեխանիզմը: Ցանկանում եմ, որ լցվես համբերությամբ և միասին անդրադառնանք այս խնդրին, եթե իհարկե՝ այն քեզ հուզում է: Մենք միասին կատարում ենք ընտրություն և քվեարկում ենք այս կամ այն քաղաքական ուժի օգտին՝ տալով նրան իշխանություն՝ իրականացնելու և կատարելու ՀՀ օրենքները: Ուժեր և մարդիկ, ովքեր կանչված են ՀՀ քաղաքացիների համար ստեղծելու և ապահովելու բարեկեցիկ և ապահով կյանք և ոչ թե ապահովելու ինքնաոչնչացման գործընթացը: Ուստի, մեր երազած երկիրն ունենալու համար, կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք իրականության առջև կանգնել, համարձակորեն անվանել իրերն իրենց անուններով և արմատախիլ անել ամեն արատ, որը խանգարում է մեր ժողովրդի երազանքների իրականացմանը: Ուստի: Քո ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի օրենքներ՝ հուսալով, որ դրանց հետ բախվելու պատճառներ երբևիցե չես ունենա, սակայն դրանց իմացությունը կարող քեզ կամ ուրիշների համար օգտակար լինել:
ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 104.1: Սպանություն: Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածի վրա:
Հոդված 106. Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը: Մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Իսկ հիմա ցանկանում եմ, որ դուք ուշադիր լինեք հաջորդ հոդվածին: ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 16 - Ապօրինի աբորտ կատարելը համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս են պատճառել նրա առողջությանը կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից, պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կարծում եմ, որը Հիպոկրատի երդումը, երբեք էլ չի ունեցել ուժ, և այն կրել է ձևական բնույթ, թեև չէի ցանկանա դա ընդհանրացնել: Ինչպես ասում են. «Օրենքները ստեղծվել են, որպեսզի դրանք խախտվեն»: Ինչպես տեսնում ենք, այս օրենքների առկայությունը երբեք չի կարողացել խոչընդոտ հանդիսանալ հղիության արհեստական ընդհատման և առավել ևս՝ դրանց ապօրինի իրականացման համար: Ինձ զարմացնում է կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ վրդովեցնում և բարկացնում է այն հանգամանքը, որ մենք լեգալացրել ենք աբորտներն՝ ընդհանրապես: Ստորև գտնվող օրենքը դրա վառ ապացույցն է: ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 2.2 հղիության արհեստական ընդհատում (աբորտ)` վիրաբուժական միջամտություն, որը կատարվում է հղիության ընդհատման նպատակով: Նախքան շարունակելս, զգուշացնում եմ, որ գրելով այս հոդվածը, ես չեմ խոսում բացառիկ՝ ծայրահեղ դեպքերում կատարված հղիության արհեստական ընդհատման մասին, որը տվյալ պարագայում պարզապես անհրաժեշտություն է: Շարունակեմ միտքս: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մտածում ենք մեր սերունդների մասին, այլև կառուցում ենք նրանց ապագան միլիոնավոր սպանված մանուկների արյան վրա: Կարծո՞ւմ եք, նրանց ձայները չեն աղաղակում առ Աստված, ինչպես աղաղակում էր Կայենի կողմից սպանված Աբելի արյունը: Քրիստոնեական երկրներում, որտեղ մինչև 20-րդ դարը ազդեցիկ էին քրիստոնեական հավատքի սկզբունքներն ու արժեքները, եկեղեցու և պետության կողմից արգելված էր հղիության ընդհատումը՝ համարելով դա սպանություն և մեղք Աստծո և մարդկանց առջև: Սակայն, 20-րդ և 21-րդ դարերում քրիստոնեական սկզբունքները տեղի տվեցին հասարակության աշխարհիկացմանը և հասարակության մոտ փոխեցին աբորտի մասին ունեցած պատկերացումն ու մոտեցումը: Մի՞թե մենք մոռացել ենք, որ սպանությունը սահմանված է որպես հանցանք՝ հենց Աստծո կողմից, և այն տասը պատվիրաններից վեցերրորդն է: Հիմա ո՞վ է իրականում ոճրագործը, նա՞, ով հրաժարվում է իր որովայնում կրել կյանքը, թե՞ նա, ով այդ կյանքին վերջ է դնում: Ի՞նչը կարող է բթացնել մայր դառնալու վեհ կոչումը կամ բժշկի զգացական աշխարհը, որն առանց ողորմության՝ ողնուղեղ չունեցող մսագործի կամ դիակահերձողի ջանասիրությամբ կտրատում և բաժանում է փոքրիկ, անպաշտպան մարմնը: Միգո՞ւցե օրենսդիրն է ոճրագործը, ով ստեղծում է բարենպաստ հող այդ սպանդի համար, կամ Քրիստոսի եկեղեցին, որն իր լռությամբ, թվում է թե, խրախուսում է սպանությունը: Չփնտրենք մեղավորների, պարզապես գանք հայելու առջև, նա այնտեղ է: Մեղավոր ենք բոլորս: Եկեղեցական սպասավորության ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու բազմաթիվ կանանց և խորհրդատվություն անցկացրել նրանց հետ այս հարցերի շուրջ և լսել բազմաթիվ պատմություններ՝ սրա վերաբերյալ: Թեև պիտի ասեմ, որ որոշ դեպքերում ինձ զարմացրել են որոշ կանանց անտարբերությունն ու քիչ ներքևում ձեզ ներկայացված երևույթների բացակայությունը: Ժողովրդի մեջ կա տարածված մի արտահայտություն, որով բնութագրում են նմանատիպ կանանց, ովքեր մի տեսակ «մասնագիտացել» են աբորտների մեջ: Նրանց անվանում են «Ղասաբներ», այսինքն՝ մսագործներ: Եթե հարյուր տարի առաջ հայ կինն իրեն քարափից ներքև էր նետում, որպեսզի չպղծվեր թուրք զինվորի կողմից, ապա այսօր նա փոխվել է: Եթե մենք խոսում ենք խնդրի քրեական կամ օրենսդրական կամ հոգևոր կողմի մասին, ապա մենք չենք կարող նաև չխոսել դրա բարոյահոգեբանական կողմի խնդրի մասին, որը նպաստում է հասարակության դեգրադացմանը և դեգրադացնում է հասարակական, քաղաքական, եկեղեցական և մի շարք այլ ինստիտուտներ: Ի՞նչ ի նկատի ունեմ ես: Այն, որ ավելորդ չէր լինի խոսել աբորտի հետևանքների մասին, ինչ է տեղի ունենում կնոջ հետ՝ հետաբորտային շրջանում: Քանի որ դրանց անտեսանելի կամ վարպետորեն քողարկված հետևանքները ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են հասարակության կյանքի և զարգացման վրա: Աբորտի ամենատարածված ու ցավալի հետևանքներից մեկը անպտղությունն է: Եթե խոսենք ֆիզիկական ցավի մասին, ապա այն կրկնապատկվում է հոգեկան վիճակի ճնշմամբ, քանի որ այն կարող է առաջացնել դեպրեսիա և նույնիսկ հոգեմետ դեղորայքի, ոգելից խմիչքների կամ նույնիսկ թմրանյութերի օգտագործման հակում: Հարկ է հիշել նաև, որ այն ազդում է ամուսնական կյանքի վրա, քանի որ կինը սկսում է մեղադրել ամուսնուն և օտարանալ նրանից: Հետաբորտային շրջանն անցնում է ճնշված տրամադրությամբ, խղճի խայթով, մեղքի զգացմունքով, որը հաճախ դառնում է խանգարված քնի պատճառ: Գիշերային վախերը և մղձավանջները և անդադար երևակայական հետապնդումները կարող են կնոջը հասցնել հոգեկան խանգարման: Մենք հաճախ ենք խորհում աբորտի իրական դրդապատճառների մասին: Եվ առաջինը, որ գալիս է մեր մտքին, ապա դա սոցիալական խնդիրն է, երկրորդ՝… Չէի ցանկանա թվարկել, քանի որ պատճառները լինում են տարբեր, բայց մի երկուսը որպես օրինակ կբերեմ: Օրինակ՝ պատանեկան անպատասխանատու սեռական հրապուրանքի հետևանք կամ երիտասարդների՝ առանց փոխադարձ պատասխանատվության սեքսի հետևանք, կամ պարզապես բռնության ենթարկված կնոջ անելանելի իրավիճակ և այսպես շարունակ, և դրանք այնքան են կախված այդ տարբեր իրավիճակներից, որ թվում է, թե դրանք կնոջը անկյուն են քշում՝ փակելով բոլոր ելքերը՝ բացի մեկից: Կայացված դատավճիռը չի արդարանում և չի կարող արդարացնել պատճառները, քանի որ որևէ պատճառ չի կարող գերակշռել կյանքը: Առավել ևս որ դա մեկ ուրիշի՝ փոքրիկի կյանքն է: Յուրաքանչյուր էակ ձգտում է կյանքի, դա նրա իրավունքն է՝ տրված իր Արարչի կողմից: Միայն մեկը կարող է այդ կյանքը հետ պահանջել, Նա, ով արարել է այդ կյանքը: Վերջ դնել կյանքին, ընդհատել այն, վերցնել, խլել՝ լինի դա անձնական կամ ուրիշի՝ ԱՐԳԵԼՎԱԾ է: Մայրը, որն իր որովայնում կրում է այդ կյանքը, նա չի հանդիսանում այդ կյանքի արարողը, նա միայն կրողն է, դա պարգև է, որ տրված է նրան՝ իր իսկ Արարչի կողմից: Երանի թե միայն կարողանայիր տեսնել այդ փոքրիկ հրաշքին՝ այն պահին, երբ պատրաստվում ես քո ոճիրն ի կատար ածել, կամ կարողանայիր լսել նրա ձայնը, թե ինչպես է նա այդ որոշիչ պահին հետ փախչում, ձեռքերով բռնում փոքրիկ գլխիկն ու հուսահատ աղաղակում. «Մի սպանիր ինձ, մայրիկ, ես ապրել եմ ուզում»: