Տարեվերջյան մտահոգիչ վիճակագրությունները հաջորդում են մեկը մյուսին: Հերթական ահազանգը Զբաղվածության պետական գործակալության կողմից է:
Պարզվում է՝ Հայաստանում աշխատանք է փնտրում 36,4 հազար մարդ: Ցավալին նշված ցուցանիշի կառուցվածքն է. ըստ տարիքային ցենզի՝ 16-29 տարեկանները կազմում են աշխատանք փնտրողների 24,2 տոկոսը, 30-44 տարեկանները՝ 39,6 տոկոս, 45-54 տարեկանները՝ 19,9 տոկոս: Աշխատանք փնտրողների մոտ 16 տոկոսը կազմել են 55-ից բարձր տարիքի անձիք:
Ինչպես երևում է, առյուծի բաժինն ընկնում է 30-44 տարեկաններին, ինչը նշանակում է, որ մեր երկրում աշխատանք չունի ամենազգայուն տարիքային շերտը. դրանք այն անձինք են, ովքեր գտնվում են կյանքի ամենաստեղծագործ տարիքում, դրանք այն անձինք են, ովքեր ինքնուրույն են, դրանք այն անձինք են, ովքեր հիմնականում ընտանիք ունեն, դրանք այն անձինք են, ովքեր կարտագաղթեն...
Վիճակագրությունը տրված է և այն իրավունք չունի անտեսվելու: Հետևություններն ու գործողությունները պետք է անհապաղ լինեն, հակառակ պարագայում կդատարկվենք հիմնովին։