-
Իտալիայում Ամանորին ազատվում են հին իրերից, որպեսզի Նոր տարուն մոռացության տան անցած տարվա անհաջողությունները և ամեն ինչ սկսեն նորից։
-
Ֆրանսիայում Ձմեռ պապը կամ, ինչպես իրենք են անվանում, Պեր Նոյելը Նոր տարվա գիշերը հյուր է գալիս երեխաներին և նվերներ է թողնում նրանց կոշիկներում։ Ամանորյա թխվածքի մեջ ընդունված է տեղադրել լոբու հատիկ։ Նա, ով իր թխվածքի մեջ գտնում է այդ լոբու հատիկը, ստանում է «լոբու արքա» անվանումը։ Ամանորի գիշերը բոլորը պետք է կատարեն նրա հրամանները։
-
Շվեդիայում Ամանորից առաջ երեխաներն ընտրում են լույսի թագուհուն՝ Լյուցիային։ Նա սպիտակ շոր է հագնում և գլխին վառվող մոմերով թագ է դնում։ Լյուցիան նվերներ է բերում երեխաներին։
-
Կոլումբիայում ամանորյա դիմակահանդեսի գլխավոր հերոսը՝ Հին տարին, քայլում է երկար ոտքերի վրա և երեխաներին հետաքրքիր ու ծիծաղելի պատմություններ է պատմում։ Պապա Պասկուալը (կոլումբիական Ձմեռ պապը) հրավառություններ է կազմակերպում։
-
Կուբայում Ամանորից առաջ բոլոր դույլերն ու անոթները ջրով են լցնում և կեսգիշերին այդ ամբողջ ջուրը թափում են պատուհանից։ Այսպես նրանք անցնող տարուն մաղթում են ջրի նման պարզ ճանապարհ։ Ժամացույցի 12 զանգերի հետ պետք է ուտել 12 խաղողահատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունն ու խաղաղությունը ամբողջ նոր տարուն ուղեկցեն մարդուն։
-
Մեքսիկայում Ամանորը դիմավորում են տոնական հրավառությամբ։ Գիշերը երեխաներին նվիրում են շոկոլադե տիկնիկներ։
-
Ճապոնիայում Ամանորի գիշերը զանգերը 108 անգամ են խփում։ Դրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ չարիքի։ Չարիքները ընդամենը վեցն են՝ ժլատությունը, հիմարությունը, բարկությունը, թեթևամտությունը, անվճռականությունն ու նախանձը, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ։ Դրանց գումարն էլ հենց հավասար է 108-ի։
-
Թուրքիայում շատ ընտանիքներ դիմավորում են Նոր տարին ըստ քրիստոնեական (գրիգորյան) օրացույցի և ուրախանում են Սանտա Կլաուսի (Նոել Բաբայի) հետ։ Սակայն մուսուլմանական հոգևորականությունը քննադատորեն է մոտենում այդպիսի տոնակատարություններին։
-
Իսպանիայում կեսգիշերին ընդունված է ուտել 12 խաղողահատիկ։
-
Հյուսիսային Ամերիկայում 1976 թվականից սկսած հատուկ ավանդույթ կա։ Այդ օրը բոլորը հրաժարվոում են ալկոհոլից:
-
Եվ վերջում՝ Հայաստանում Ամանորի նախապատրաստությունն ընթանում է երեք ուղղությամբ՝ տոնական սեղանի համար կերակրատեսակների պատրաստում, նվերների հայթայթում, բնակարանների կարգավորում: Սակայն Ամանորի տոնակատարության արարողակարգի հիմնական տարրը տոնական սեղանն է: Ամանորի նախօրեին հայ ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է միայն խոզաբդի վրա, որը մնում է որպես տոնական սեղանի թիվ 1 կերակրատեսակը: Տոնական ոչ մի սեղանից չի բացակայում խաղողի տերևներով ավանդական տոլման, շատերը, որպես սառը ուտեստ պասուց տոլմա են պատրաստում, ասել է, թե՝ պահքի տոլմա` բրնձի, ձավարի, լոբու, ոսպի կամ սիսեռի միջուկով: Ավանդական որոշ կերակրատեսակներ սլավոնական արմատներ ունեն, մասնավորապես՝ բլինչիկները: Մեր օրերում Ամանորին նյութական տարրն է կարևորվում. այն վեր է ածվել բարեկեցության և ֆինանսական հնարավորությունների ցուցադրության: Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ին, 12 հաղթական զանգերի հետ միասին մարդիկ շնորհավորում են իրենց ընտանիքի անդամներին, ապա այցելում հարևաններին: Շատերը Ամանորի գիշերը եկեղեցի են գնում, մոմ վառում և շնորհակալություն հայտնում Աստծուն նախորդ տարվա ընթացքում ունեցած թե՛ հաջողությունների և թե՛ ձախողումների համար: Բարեբախտաբար, փոփոխության չի ենթարկվել հին քրիստոնեական ժամանակներից եկող ավանդույթը, երբ Ամանորի հաջորդ օրերին երիտասարդները տնետուն շրջում էին, շնորհավորում բոլորին Նոր տարվա առթիվ: Այսօր ևս Ամանորի այցեր կատարելը պարտադիր է, մանավանդ՝ տարեցներին: Եվ, իհարկե, ուշադրության կենտրոնում երեխաներն են, ովքեր նվերներ են ստանում Ձմեռ պապից:
Նյութի աղբյուր՝ https://www.giteqte.com/single-post/2017/12/17/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%A9%D5%A5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել