Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ու Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների համագործակցությամբ դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վրաց իրավապահների հետ քննարկվում է Պյոտր Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:

Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվել էին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվել էր Չեխովի փողոցում` հոկտեմբերի 14-ի գիշերը:

1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերել էին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:

Այսպիսով, ավազակային հարձակման բոլոր մասնակիցները հայտնաբերված են։

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել