2012 թվականի նոյեմբերի 25-ին «Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանի կողմից ծեծի ենթարկված իր հարևան Հայկազ Խաչատրյանը ապրիլի 21-ի գիշերը հիվանդանոցում մահացել է: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ Հայկազ Խաչատրյանի հարազատներից:

Հայկազ Խաչատրյանը ծեծկռտուքի օրը հիվանդանոց տեղափոխվելուց հետո դուրս չէր գրվել և գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչև լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարևաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարևանը համարձակվել է բարձրանալ վերև ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորն անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռագբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաև Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց։

Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, և նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նշենք, որ ծեծողը Փայլակ Հայրապետյանի եղբոր որդին է։

 

Աղբյուրը՝ lurer.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել