Այսօր բոլոր քրիստոնյա ազգերը տարեմուտը տոնում են հունվարի 1-ին, և հունվար նշանակում է «ծնունդ»: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում, կաշկանդված հավիտենական մահվամբ, քանի որ բոլորն էլ մահանալուց հետո դժոխք էին գնում: Եվ Քրիստոս, այս ամսին ծնվելով, ավերեց դժոխքը և մեզ ազատեց հավիտենական մահից, և առաջնորդում է երկնքի արքայություն, այդ պատճառով էլ այս ամիսը մեզ համար եղավ ամիսների սկիզբ: Ինչպես հին Իսրայելը Մովսեսի միջոցով ազատվեց մարմնավոր և ժամանակավոր գերությունից և հրաման ստացավ անբան գառների արյունը ցողել տան դռան սեմերին և տարեմուտ տոնել, այնպես էլ նոր Իսրայելը՝ Եկեղեցին, Աստծու Միածին Որդու միջոցով ազատվեց հոգևոր և հավիտենական մահից և հրաման ստացավ Աստծու անարատ Գառան արյամբ ցողել հոգու և մարմնի սեմերը և ուրախությամբ բոլորին հայտնել, որ գերի էինք, և Աստված մեզ ազատեց:
Սա մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է, և այդ օրը եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում: Այդ օրը մենք հավաքվում ենք միասին, տոնում տարեմուտը և միմյանց ընծաներ մատուցում՝ ասելով՝ «Շնորհավո՛ր Նոր տարի»: Եվ գոհություն ու երկրպագություն ենք մատուցում Տիրոջը, որ անցնող տարին խաղաղությամբ անցկացրինք և խնդրում, որպեսզի եկող տարում ևս մեզ խաղաղությամբ պահի: Այս տոնը կոչվում է նաև Կաղանդ և Ամանոր: