Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա ասուլիսի ժամանակ հաստատվեց, որ ռուսաստանյան քաղաքական վերնախավում լուրջ տարաձայնություններ են առկա: Գործող նախագահն առաջադրվելու է գալիք նախագահական ընտրություններին ոչ թե «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունից, այլ որպես ինքնառաջադրվող թեկնածու՝ ստեղծելով վերքաղաքական պլատֆորմ: Դրանով փաստվում է իշխող կուսակցության և գործող նախագահի միջև առաջացած անջրպետի առկայությունը, որը դրսևորվեց մի քանի շաբաթ առաջ՝ Եվրամիության և Հայաստանի միջև ասոցացման պայմանագրի հետ կապված ռուսաստանյան որոշ շրջանակների աղմուկով:

Դառնում է ակնառու, որ ռուսաստանյան մի շարք շրջանակներ փորձում են տարբեր միջոցներով, նաև իրենց ավանդական դաշնակիցների հաշվին որոշակի քաղաքական միավորներ կորզել՝ իրենց երկրի հասարակական կարծիքի շրջանակներում հանդես գալով որպես իրական հայրենասեր: Պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գարեգին Նժդեհի դեմ հանդես եկավ հենց «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներից մեկը, կարծես թե խանդի դրսևորմամբ: Եվ հենց այդ «խանդն» է, որ մինչև Վլադիմիր Պուտինի՝ առաջադրվելու մասին հայտարարությունը բացահայտեց ռուսաստանյան իշխող էլիտայի մեջ առաջացած ճեղքը: Մյուս ազդակը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հավասարեցման քաղաքականության հարցում տարակարծությունն է:

Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից բազմիցս շեշտվում է, որ Հայաստանը տարածաշրջանային միակ դաշնակից երկիրն է, իսկ Ադրբեջանը՝ զուտ գործընկեր, ապա հենց «Եդինայա Ռոսիա» կուսակցության որոշ շրջանակների կողմից փորձ է արվում արդարացնելու տեղական զենքի վաճառքը Ադրբեջանին և տարածաշրջանային այդ փխրուն հավասարակշռության խախտման դրսևորումները: Ռուսական քաղաքական էլիտայի այդ հատվածը փորձում է շահարկել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի հետ հարաբերություներն ավելի սերտացնելու նպատակով, քանի որ ունի Բաքվի հետ հարաբերությունների նորոգման թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական շահեր: Եվ դառնում է ավելի քան բացահայտ, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցով ևս առկա է տարաձայնություն:

Ըստ այդմ՝ մոտակա ժամանակներում գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ղեկավարվող «Եդինայա Ռոիսա» կուսակցությունը կփորձի առավելագույնս սրբագրվել ռուսաստանյան հանրության աչքերում, ներկայանալ որպես Վ.Պուտինին սատարող հիմնական քաղաքական ուժ՝ մտահոգված նախագահական ընտրություններից հետո դիրքերի թուլացման և վարչապետի պաշտոնին Դ.Մեդվեդևի չառաջադրման վտանգով: Իսկ ՌԴ գործող նախագահի այսօրվա մեսիջն ակնհայտ էր. դժգոհություն և նոր թիմի ստեղծելու մտադրություն: Ուստի կարելի է սպասել, որ ռուսաստանյան գալիք ընտրությունները կարող են ընթանալ բավական լարված մթնոլորտում՝ քաղաքական այլևայլ մեթոդների կիրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել