«12-րդ դասարանի ավարտական քննություններն ընթացիկ դեկտեմբերին հանձնելու նպատակով դիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտվել է: Նաև լրացել է այդ տվյալները Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) ներկայացնելու համար սահմանված ժամանակը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ աշակերտներին հնարավորություն է տրվում, ըստ ցանկության, դպրոցի ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերին, իսկ ուսումնառության վերջին կիսամյակը նվիրել իրենց նախընտրած առարկաների ուսումնասիրությանը, որոնք գուցե նրանց համար լինեն բուհի ընդունելության քննական առարկաներ:
ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանից տեղեկացանք, որ վաղաժամկետ հայոց լեզու առարկայից քննություն հանձնելու համար դիմել է 1920 սովորող, մաթեմատիկայից 2 764, իսկ հայոց պատմությունից 4 004:
Ներկայացված թվերը, ըստ նրա, կարող են մի քանի միավորով փոփոխվել պայմանավորված տեխնիկական պատճառներով: Ամեն դեպքում, այս ցուցանիշները զգալիորեն զիջում են նախորդ տարվա միևնույն ցուցանիշերին:
2016 թ. դեկտեմբերին ավարտական քննություններ հանձնել է հայոց լեզվից 3 813, մաթեմատիկայից՝ 5834, հայոց պատմությունից 8442 սովորող: Խոսելով այսպիսի մեծ տարբերության մասին՝ ԳԹԿ տնօրենը նկատեց, որ այս տարի շրջանավարտների քանակն էլ գրեթե կրկնակի քիչ է լինելու 10 հազարից էլ պակաս: Դա կապված է տարիներ առաջ 1-ին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ: Այսուհանդերձ, վաղաժամկետ քննություն հանձնելու համար դիմումների վերջնաժամկետ էր սահմանված դեկտեմբերի 5-ը, այն դեպքում, երբ նախարարի համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 4-ին: Այսինքն՝ հնարավո՞ր է քննություն հանձնել ցանկացող աշակերտների փոքր թիվը նաև դիմել չհասցնելով է պայմանավորված: «Չունենք այդպիսի արձագանքներ, որ չենք հասցրել և այլն: Եթե լինի, ընդամենը մեկ-երկու դեպք կարող է լինել»,- պատասխանեց Արա Իսպիրյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել