«Առավոտ»-ն  իր խմբագրականում գրում է. «Օրերս ծանոթացա մի հրաշալի երիտասարդի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա ապրում է Գյումրի­ում, մասնակցում է բազմաթիվ պայծառ երիտա­սարդական նախաձեռնությունների, փորձում է համախմբել իր քաղաքի երիտասարդներին՝ ավելի լավ, ավելի ուրախ, ավելի ստեղծագործական ու հետաքրքիր կյանք կերտելու համար: Ընդհանրապես, լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու մեր հասարա­կության ամենատարբեր շերտերի հետ: Վստա­հաբար կարող եմ ասել, որ ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են, իսկ այս «գաղջ» զանգվածի մեջ առավել անհետաքրքիր են նրանք, որոնք հատել են 50 տարեկանի սահ­մանագիծը: Նախօրոք գիտես, թե ինչ են ասելու, ինչ դեմագոգիայով և պոպուլիզմով են զբաղվե­լու, ինչպես են իրենք իրենց փառաբանելու և սե­փական անսխալականության մասին հեքիաթներ պատմելու: Կհամաձայնեք, չէ՞, որ ավելի երիտա­սարդները՝ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, անկախ նրանից, թե ինչպիսի հայացքներ ունեն, տարբերվում են իրենց ավագ ընկերներից: Հանուն արդարության պետք է ասել, որ կան այնպիսիք, որոնք ժառան­գել են ավագ սերնդի թերությունները:
 
Բայց քաղաքական դաշտը բոլոր դեպքերում են­թադրում է որոշակի կաղապարներ, կարծրատիպեր, և կուսակցականը որոշ դեպքերում պար­տադրված է ասել՝ «Jawohl, mein Fuhrer»: Իսկ այն երիտասարդները, որոնց հանդիպում եմ քա­ղաքական դաշտից դուրս, ազատ են այդ կաղա­պարներից: Եթե փորձեմ առանձնացնել ամենակարևոր հատկությունը, որը ես հավանում եմ այդ ազատ երիտասարդների շատերի մեջ, դա (մի զարմացեք) պրագմատիզմն է:
 
Տարիներ, տասնամյակներ շարունակ մեր ամ­բողջ հասարակական դիսկուրսը հիմնված է ազ­գային ռոմանտիզմի վրա: Մանկապարտեզից սկ­սած դաստիարակությունը ելնում է «խեղճ», «տա­ռապյալ», բայց «հպարտ» և «վրեժխնդիր» հայի մոդելից: Այդ մոդելն իր դրական դերն է խաղա­ցել նախորդ դարի 60-70 թվականներին, բայց բացարձակապես անպետք է այսօր, երբ ունենք լավ թե վատ պետություն՝ իր բանակով և բոլոր մնացած ատրիբուտներով: Պատկերավոր արտահայտվելով՝ մենք այսօր այլևս չենք կարող ասել՝ «այո, ուտում է, կաշառք է վերցնում, փոխարենը հայրենասեր, ազգին նվիրված մարդ է»: Եթե որևէ բան պետք է արդիականացնել, ապա դա կրթությունն է, ավելի լայն իմաստով՝ հասարակա­կան մտածելակերպը՝ հրաժարվելով «ազգային-ազատագրական» զեղումներից:
 
Եվ ահա նոր սերունդը, գոնե նրա որոշակի մա­սը, խուսափել է այդ՝ դարն ապրած դաստիարա­կությունից»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել