Թալիբանի մասին կատարած իրենց ուսումնասիրություններում բազմաթիվ հեղինակներ պնդում են, որ այն ահաբեկչական կազմակերպություն է՝ վկայակոչելով դրա արմատական բնույթը, խստությունը, գործողությունները: Ի հակադրումն սրա՝ որոշ պետություններում Թալիբանը չի ներառվում ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում: Հաշվի առնելով այս հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերում ներկայացված Թալիբանի գաղափարական պատկանելիությունը և էությունը, դրա գործողությունների բնույթը՝ ստորև կներկայացնենք մի ուսումնասիրություն, որտեղ կպարզենք՝ արդյո՞ք Թալիբանն ահաբեկչական կազմակերպություն է, թե ոչ, և ինչ դիրքորոշում ունեն շահագրգիռ պետություններն այս հարցում:
Թալիբանը ներկայումս շատ երկրների կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Այն ընդգրկվում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներում, թե ոչ, սա արդեն մեդալի մյուս կողմն է: Տարբեր պետությունների կողմից հրապարակված տվյալները և վիճակագրությունն ուսումնասիրելիս կնկատենք, որ ընդհանրապես ծայրահեղական կառույցին որպես «ահաբեկչական կազմակերպություն» որակելու համար անհրաժեշտ են որոշ չափանիշներ: Առաջին հերթին պետք է հստակեցնել, թե որ դեպքում է խմբավորումը համարվում ահաբեկչական: Համաձայն Cambridge Dictionary-ի՝ «ահաբեկիչ» է այն անձը, ով քաղաքական նպատակների համար օգտագործում է դաժան գործողություններ կամ դրա սպառնալիք: Հիմք ընդունելով այս և ստորև ներկայացվող փաստերը՝ գալիս ենք այն եզրակացության, որ Թալիբան շարժումը ահաբեկչական կազմակերպություն է՝ անկախ այն բանից՝ այն որպես այդպիսին ընդունում են աշխարհի գլխավոր դերակատարները, թե ոչ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը իր հրապարակած ցուցակում ներառում է բազմաթիվ ծայրահեղական կազմակերպություններ, այդ թվում նաև՝ Թալիբանի՝ Պակիստանում գործող ճյուղը՝ «Թեհրիկ-է-Թալիբան Պակիստան»-ը (Tehrik-e Taliban Pakistan, TTP): Սրա հետ մեկտեղ՝ այս ցուցակում ներառված չէ Աֆղանստանի տարածքում գործող Թալիբանը: Հարց է ծագում. ո՞րն է պատճառը: Առաջին հերթին. ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա կառույցը «ահաբեկչական» որակումը ստանալու համար՝ համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի: Կառույցը պետք է ընդգրկված լինի ահաբեկչական գործողություններում և սպառնա ԱՄՆ քաղաքացիների կամ ԱՄՆ պետական անվտանգությանը: Աֆղանական Թալիբանը համապատասխանում է այս 2 չափանիշներին էլ:
Չընդգրկվելու պատճառը ավելի քան պարզ է: Իսլամական պետությունից մինչև ՀԱՄԱՍ ձգվող, 61 կազմակերպություններից բաղկացած ցուցակում աֆղանական Թալիբանին չընդգրկելու հիմքում քաղաքական պատճառներ են: Թալիբանի դեպքում պատճառը այն հնարավոր փակուղին և դժվարություններն են, որոնց կարող են բախվել Միացյալ Նահանգները և աֆղանական կառավարությունը Թալիբանի հետ խաղաղության բանակցություններում: ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի և Պակիստանի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Ջեյմս Դոբբինը ասել է. «Կասկած չկա, որ Թալիբանը պարբերաբար և միտունավոր կերպով հարձակումներ է գործում խաղաղ բնակչության վրա, և սրա անունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն: Եվ այդ ցուցակում Թալիբանին ընդգրկելը, այնուամենայնիվ, կդիտվի որպես քայլ՝ ուղղված խնդրի կարգավորմանը»:
Տարիներ շարունակ ԱՄՆ Պետդեպարտամենտում աշխատած Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Բառնետ Ռուբինը նշում է. «Իհարկե, Թալիբանը իր նպատակներին հասնելու համար որպես միջոց օգտագործում է ահաբեկչությունը: Այսպիսի գործելակերպ որդեգրել են նաև մոջահեդդինները 1980-ական թթ.: Բայց ԱՄՆ-ը եկել է այն եզրահանգման, որ Թալիբանը չի թիրախավորում Աֆղանստանից դուրս որևէ օբյեկտ կամ տարածք»: Սրանով էլ կարելի է բացատրել Թալիբանի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից արված քայլը:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի Դաշնության՝ ոչ այնքան բազմաքանակ ցուցակում Թալիբանը տեղ է գտել «Մուսուլման եղբայրների», «Ալ-Կաիդայի» և մյուսների կողքին: Հարկ համարենք նշել, որ Թալիբանը այս ցուցակում ընդգրկվել է դեռևս 2006 թվականին՝ Ռուաստանի Դաշնության Գերագույն դատարանի որոշմամբ:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստվում է Աֆղանստանում նոր խաղ խաղալ, որը կարելի է համեմատել այն խնդիրների հետ, որոնք նա կարողացել է լուծել Սիրիայում ռազմական ճանապարհով: Բայց այս դեպքում առանց այդ ներգրավվածության «աֆղանական սինդրոմը», որը ի հայտ եկավ Աֆղանստանի խորհրդային օկուպացիայի ժամանակ, դեռ չի հաղթահարվել:
2015 թվականի դեկտեմբերի վերջին ռուսական դիվանագիտությանը հաջողվեց շշմեցնել միջազգային հանրությանը իր սենսացիոն ճանաչմամբ. «Մոսկվան թալիբների հետ շփման ուղիներ ունի», և նրանց շահերը «համընկնում են» ռուսների հետ: Սրա մասին հայտարարեց ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ հանձնակատար Զամիր Կաբուլովը: Նա նաև նշեց, որ «թալիբները մեծ հաշվով գործում են որպես ազգային-ազատագրական շարժում»՝ բնականաբար, սա կապելով ամերիկացիների հետ՝ որպես թալիբների գլխավոր հակառակորդ: Ամերիկացիներին նա ներկայացնում էր որպես «օկուպանտներ, որոնք զավթել էին նրանց հայրենիքը և վտանգ էին ներկայացնում նրանց մշակութային և կրոնական ավանդույթների համար»:
Բարձրաստիճան դիվանագետի այս հայտարարությունը չափազանց մեծ հնչեղություն ստացավ և բազմաթիվ հարցերի տեղիք տվեց: Չէ՞ որ Մոսկվան ընդունել էր Թալիբան շարժման հետ ունեցած իր կապը, չնայած այն հանգամանքին, որ շարժումը գտնվում էր այն կազմակերպությունների ցանկում, որը Ռուսաստանի Դաշնությունը համարում էր ահաբեկչական կառույցներ: Եթե առաջնորդվենք «ազգային» սկզբունքով, ապա այդ դեպքում Թալիբանը արժանի չէր հայտնվելու այդ ցանկում, քանի որ այն որևէ ահաբեկչական գործունեություն չէր իրականացրել ռուսական տարածքում: Հենց այս փաստով է բացատրում Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՄԱՍ-ի և Հիզբոլլահի բացակայությունը այդ ցանկում:
Մյուս կողմից՝ Թալիբանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ևս ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Իսկ ահա Միացյալ Նահանգները, ինչպես նշվել է վերևում, չի ներառում շարժմանը համապատասխան ցանկում՝ չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտից հետո հենց ամերիկացիները ղեկավար դեր ստանձնեցին Թալիբանի դեմ ռազմական գործողություններում:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի հարևան Հնդկաստանին, ապա վերջինս Թալիբան շարժումը դիտարկում է որպես Պակիստանի կողմից հովանավորվող ռազմական միավոր, որը կարող է վատթարացնել Քաշմիրում տեղի ունեցող հուզումները, բայց, դարձյալ չի ներառում այն իր հրապարակած ցանկում:
Համաձայն 2017թ. մայիսի 3-ին Մեծ Բրիտանիայի կառավարության հրապարակած բավական ծավալուն և բովանդակալից ցանկի՝ դարձյալ, ի տարբերություն պակիստանյան Թալիբանի՝ բացակայում է աֆղանական Թալիբանը: Նույն վիճակում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններիի կողմից հրապարակված ցանկը: Հաշվի առնելով վերոհիշյալ պետությունների բարիդրացիական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ կարող ենք փաստել, որ աֆղանական Թալիբանը ահաբեկչական խմբավորումների ցանկում չընդգրկելու պատճառը թեկուզ և շատ թույլ, այնուամենայնիվ, գոյություն ունեցող շփումներն են, բանակցությունները թալիբանյան իշխանությունների հետ:
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Թալիբան շարժումը բացակայում է նաև Պակիստանի Ազգային ժողովի կողմից հաստատված ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, այն դեպքում, երբ կարող ենք ասել, որ հենց ինքն է եղել Թալիբանի հիմնադիրը: Պակիստանը տարիներ շարունակ մեղադրվել է Թալիբանի ստեղծման, հաստատման, կայունացման և ուժեղացման համար: Այսօր այն համարվում է այն գլխավոր դերակատարներից մեկը, որը կարող է ստիպել Թալիբանին նստել բանակցային սեղանին: Սակայն դրա հետ մեկտեղ հարաբերությունները Թալիբանի և Պակիստանի միջև այնքան էլ բարիդրացիական չեն կարող համարվել: Նախ կարելի է նշել այն փաստը, որ Պակիստանը ահաբեկչական է համարում TTP-ն, որը համարվում Է Թալիբանի ճյուղը Պակիստանում: Երկրորդ, Պակիստանը, կարելի է ասել, վախենում է հնարավոր ռազմական այն իրադրությունից, որը կարող է ստեղծել Թալիբանը Պակիստանում՝ աֆղանական կառավարության հետ վերջինիս հնարավոր բանակցությունների արդյունքում: Այս անհանգստությունը հիմնավորվում է Պակիստանի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սարտաժ Ազիզի կողմից արված հայտարարություններով: Դեռևս 2014 թվականի նոյեմբերին նա նշում էր. «Պակիստանը չպետք է հակադրվի այն խմբավորումներին, որոնք նրա համար վտանգ չեն սպառնում»: Դառնալով աֆղանական Թալիբանին՝ նա ընդգծում է. «Ինչու Ամերիկայի և [Աֆղանստանի] թշնամիները պետք է անպայմանորեն դառնան Պակիստանի թշնամիները»:
Մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները շահագրգռված է հիմնել անվտանգ և կայուն աֆղանական իշխանություն, մինչդեռ Պակիստանը, հակառակ իր պնդումներին, շարունակում է օգնել Թալիբանին և հնարավոր, ջիհադիստական միտումներ ունեցող մյուս խմբավորումներին, որպեսզի թույլ չտա դա: Եվ սա կարող է ինչպես բարդացնել Դուրանդի գծի շուրջ առկա իրողությունների վիճակը, այլ նաև վատթարացնել ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները:
Մելինե Հայրապետյան