«2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
 
Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն՝ եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել և տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի:
 
Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը:
 
-Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասել, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:
 
-Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց՝ իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության, իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը, և ներկրում են այն երկիր, որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձանց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս:
 
-Օրինակ կբերե՞ք:
 
-Եգիպտոսից ներկրելու դեպքում, օրինակ, իրավունք ունի արգելել: Առանձին թույլտվությամբ իրավունք ունի ներկրել:
 
-Ես հիմա երկու օրինակ բերեմ, դուք ասեք՝ խախտո՞ւմ է այդ դեպքը, թե՞ ոչ: Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրվում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից և ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են՝ վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
 
-Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել:
 
-Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երևանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞:
 
-Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե Եգիպտոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը:
 
-Երրորդ օրինակը բերեմ՝ «Սնիկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երևան: Ապրանքանիշի իրավատերը Երևանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը:
 
-Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Կարող է լինել «Սնիկերս», կարող է լինել կահույք և այլ հայտնի ապրանքային նշան, որի ներքո արտադրվում է կոնկրետ ապրանք, յուրաքանչյուրն իրավունք ունի, եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սահմանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, և արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները:
 
-Այդ ռեեստրը կամ գրանցամատյանն արդեն կա՞, թե՞ ապրանքային նշանի իրավատերը պետք է դիմի մաքսայինին, այդ գրանցամատյանում գրանցվելու համար, որպեսզի կարողանա արգելելու պահանջ ներկայացնել:
 
-Դա իրավատերերի նախաձեռնությունն է, իրենք են դիմում իրավասու մարմնին, որպեսզի գրանցվեն գրանցամատյանում, որից հետո մաքսայի մարմինները համապատասխան գործառույթ իրականացնեն:
 
-Ո՞րն է ձեր կարծիքն այս նորամուծության հետևանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա:
 
-Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել, և տնտեսական հետևանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, մենք ուսումնասիրություն չենք անցկացրել և չենք կարող ասել, թե ոնց կլինի: Խոշոր ներկրողները ողջունել են դա, ասում են՝ դրական է, կան անձինք, որ ասում են՝ ոչ:
 
-Ապրանքային նշանի նկատմամբ հեղինակային իրավունքի իրացման այս դրսևորումը մյուս տնտեսական միություններում է՞լ է այսպես կիրառվում: Օրինակ՝ ԵՄ-ում կա՞ նման արգելք:
 
-Իհարկե: Նույն սկզբունքը գործում է Եվրոպական միության տարածաշրջանում: Զուգահեռ ներկրումը նաև իրենց մոտ է սահմանափակ գործում: Նույն իրավիճակն է նաև ԵՄ-ում:
 
-Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ առանց ապրանքային նշանի տիրոջ թույլտվության ներկումը քրեորեն պատժելի է: Քրեական օրենսգրքում դա ամրագրելու գործընթացը սկսվե՞լ է:
 
-Ես չեմ կարող ասել զուգահեռ ներկրումը քրեորեն պատժելի է, թե՝ չէ: Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունեմ: Դա իրավունք է, որից օգտվում է իրավատերը՝ արգելելով ներմուծումը: Մաքսային մարմնի միասնական գրանցամատյանում գրանցվում է, որի առկայության դեպքում սահմանային մաքսավորներն արգելում են ներմուծումը:
 
Նշենք, որ այս սկզբունքի կիրառումը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով: Ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողները կարող են արգելել զուգահեռ ներմուծումը և դա բերի ապրանքների թանկացման»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել