«Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:
 
Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո և որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչև երեխայի երկու տարին լրանալը և անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանկապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչև 55 հազար դրամի չափով:
 
«18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում և այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:  
 
Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ և շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:
 
Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:
 
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին:
 
Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի և սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը:
 
«Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի և նաև չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ և՛ ծնողի, և՛ դայակի համար, որովհետև այդպիսով արդեն սահմանվում են և՛ իրավունքները, և՛ պարտականությունները: Նույն դայակը, որն առանց որևէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում և միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը:
Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ:
 
«Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար և ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը:
 
Ինչ վերաբերում է «դայակների» ծրագրի հետ միաժամանակ մշակված մեկ այլ ծրագրի, այն, ինչպես ասաց նախարարության պաշտոնյան, չի իրագործվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել