«Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի ձևավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնք­ված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակա­րարվող գազի գինը կմնա անփոփոխ՝ մինչև 2018 թվա­կանի ավարտը:
 
Հայաստանը Ռուսաստանից գազը ստանամ է 1000 խորանարդ մետրը 150 դո­լարով: Սա տեսականորեն: Գործ­նականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռու­սաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկա­նող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճա­ռում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:
 
Գազի գնի թեման Հայաստանի և Ռուսաստանի հա­րաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քա­նի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչև այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն՝ նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միևնույն տնտեսական տարածքում: Այսինքն՝ զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողն իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը: Եթե տնտեսական այդ միասնական մա­սերում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում՝  ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամա­բանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին: Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգևորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել