Շիրակի պետհամալսարանի գրադարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ ԿԳ նախարարության փաստահավաք խմբի կողմից կազմված ակտում տեղ է գտել տեղեկություն, ըստ որի՝ 2016 թ-ի մայիսին, երբ ռեկտոր էր Վարդևան Գրիգորյանը, իբրև թե մեծ քանակությամբ գրականություն հանձնվել է որպես թափոն, որի փաստաթղթային հիմքերը չկան։ Այսօր հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում այդ փաստը հերքել է նաև բուհի նախկին ռեկտորը, ով ասել է. «Չկա նման բան, իմ օրոք մակուլատուրա ոչ մի հատ գիրք չի հանձնվել։ Իմ ղեկավարման ժամանակ՝ 10 տարվա ընթացքում, 30 հազար միավոր գիրք է ավելացել։ Ես ճշտել եմ, որ այդ 15 տոննա գրքերի մի մասը հանձնվել է 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, իսկ մյուսը՝ սեպտեմբերին: Այդ ժամանակահատվածում ես ռեկտոր չեմ եղել: Համապատասխան մարմինները կարող են քննություն սկսել և պարզել»:

Խնդրին անդրադարձել է նաև ռեկտոր Սահակ Մինասյանը. «Ես տեղեկատվության չեմ տիրապետում: Տեղեկանք կազմողները խոսել են մարդկանց հետ, գրել են: Դա իմ իրավասությունից դուրս է: Հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից: Իմ ժամանակ 6 տոննան է օտարվել, կարծեմ»,- ասել է ՇՊՀ ռեկտորը։

Ռեկտորի սույն արձագանքը սպասելի էր։ Զավեշտալի բան է ստացվում։ ԿԳ նախարարության հանձնախումբը Նորիկ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-4-ը բուհում հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ, սակայն չեն հանդիպում գրադարանի նախկին տնօրենի հետ, և ինչ-որ անհայտ մեկը կեղծ տեղեկություն է հրապարակում գրադարանի գրքերի ոչնչացման ժամկետի մասին, իսկ ԿԳ նախարարի ենթակաները դա, հալած յուղի տեղ դրած, ընդունում են և տեղադրում են իրենց կազմած ակտում։ Սա շատ պրիմիտիվ է և անլուրջ։ Մենք պահանջում ենք պարոն Կարապետյանից հրապարակել այդ զրպարտության հեղինակի անունը, այլապես ստացվում է, որ այդ անհայտ ստախոսի ի հայտ գալը գրքասպան ռեկտորի և նրա ընկերոջ՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, ծրագիրն է, որով փորձ է կատարվում մեղմելու ռեկտորի գործած հանցանքը բուհի հանդեպ։ 

Այսպես մեկնաբանելով ԿԳ նախարարության ակտում տեղ գտած ապատեղեկատվությունը` ՇՊՀ ռեկտորը նաև ձեռքերը լվանում է և ամեն ինչ բարդում ԿԳ նախարարության հանձնախմբի վրա, որը և ակտում ամրագրել է այդ սուտը։ Այսինքն` հենց Լևոն Մկրտչյանի ենթականերն են պատասխանատու այդ կեղծիքի համար։  Ռեկտոր Մինասյանի այն միտքը, թե «հնարավոր է, որ նախկինի ժամանակ էլ չի եղել, ես տեղյակ չեմ այդ շրջանից», ուղղակի չի մեկնաբանվում։ Միայն մեկ հարց. եթե նախկինի ժամանակ չի եղել, ով ղեկավարել է բուհը 15 տարի, ապա ու՞մ ժամանակ է ոչնչացվել համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի 15 տոննա գիրքը։ Պատասխանը մեկն է՝ Սահակ Մինասյանի։ Հենց դրա համար էլ նա իրեն հետ քայլի հնարավորություն է թողնում` մեկնաբանության վերջում «կարծեմ» բառն արտասանելով։ Այսինքն, եթե կեղծիքը չանցնի, ապա Մինասյանը կընդունի իր հանցանքը։ 
Պահանջում ենք ԿԳ նախարարությունից անհապաղ բացահայտել այն մարդու կամ մարդկանց անունները, ովքեր հայտարարել են, որ 2016 թ-ի մայիսին համալսարանի գրքերը հանձնվել են մակուլատուրա։ Չներկայացնելու դեպքում մենք կդիմենք համապատասխան ատյաններ, քանի որ տարածված տեղեկությունը կեղծիք է։ 
Հաջորդ հարցը ռեկտոր Մինասյանի «ընդունած» 6 տոննա գրքի օտարումն է, որն, ըստ ռեկտորի, տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 29-ին, այսինքն` բաց նամակի և իմ կողմից գրադարանի գրքերի լուսանկարների հրապարակումից 4 օր անց։ Սրան ինչպե՞ս է արձագանքելու ռեկտոր Մինասյանի մտերիմ ընկերը՝ ԿԳ նախարար Լևոն Մկտչյանը։ Ուղղակի արդեն ամոթ է, որ ԿԳ նախարարն այսպիսի պրիմիտիվ մեթոդներով է պաշտպանում իր ընկերոջը։

ՀԳ. Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և հայտարարել. «Անարդարությունը նման է քաղցկեղի. ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է»։ Լիովին համաձայն եմ նախագահի այս կարծիքի հետ, քանի որ մեր հարազատ բուհն արդեն վաղուց է հիվանդ այդ ախտով և, ցավոք սրտի, այն սկսել է տարածվել։ Դեռ հավատս չեմ կորցրել, որ Շիրակի պետհամալսարանը բուժվելու հնարավորություն ունի՝ չնայած այն հանգամանքին, որ ռեկտոր Մինասյանի գործած հանցանքները և անօրինականությունները ջանադրաբար փորձում է կոծկել և մեղմել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել