Մարդիկ սիրում են առեղծվածներ: Չնայած որ բազմաթիվ առեղծվածներ արդեն իսկ բացահայտված են, դեռ գոյություն ունեն այնպիսիք, որոնք չեն ենթարկվում որևէ բացատրության: Այս անգամ մենք կանդրադառնանք գիտական առեղծվածներին, որոնք խճճում են հետազոտողներին և թողնում այնպիսի տպավորություն, թե ժամանակակից գիտությունը անզոր է, և կամ էլ այստեղ ինչ-որ գերմարդկային ուժ է խառնված: Ստորև ներկայացված են 10 գիտական առեղծվածներ, որոնք ձեզ կստիպեն մտածել և փորձել գիտական ինչ-որ լուծումներ գտնել: Հնարավոր է, որ մի օր ձեզնից որևէ մեկը գտնի այս առեղծվածներից մեկի բանալին և իր հայտնագործության համար աշխարհահռչակ գիտնական դառնա: Բայց մինչ այդ այս առեղծվածները դեռևս ամբողջությամբ ապացուցված և հասկացված չեն:
10. Մայրցամաքային դրեյֆ
Մայրցամաքային դրեյֆի տեսությունը առաջին անգամ առաջ է քաշվել 1500 թվականին: Համաձայն այս տեսության՝ մայրցամաքները Համաշխարհային օվկիանոսում շարժվում են մեկը մյուսի նկատմամբ: Հետագայում այս տեսությունը վերափոխվել է տեկտոնական սալերի մասին տեսության, ըստ որի՝ օվկիանոսի հատակում գոյություն ունեն տեկտոնական պլատֆորմներ, որոնք շատ դանդաղ շարժվում են՝ միլիոնավոր տարիների ընթացքում ստեղծելով օվկիանոսները և հեռացնելով մայրցամաքները մեկը մյուսից: Այս սալերի շարժման պատճառը դեռևս մնում է առեղծված, և տեսությունը չի կարողանում վերջնականապես բացատրել դա: Տեսության անբացատրելի լինելու և այն ժխտող որոշ փաստերի առկայության պայմաններում որոշ հետազոտողներ ենթադրում են, որ մայրցամաքները իրականում շարժվում են շատ ավելի արագ՝ ջրային հոսանքների ազդեցությամբ:
9. Մեգաֆաունայի կրճատում
Ժամանակին Երկրի վրա գոյություն ունեին փղերի նման բազմաթիվ հսկա կենդանիներ, որոնց ամբողջությունը անվանվում է մեգաֆաունա: Մեգաֆաունան որպես այդպիսին անհետացել է վերջերս՝ մոտավորապես 10 հազար տարի առաջ, և գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչու: Գոյություն ունի երկու հիմնական տեսություն. առաջինը գտնում է, որ պատճառը մարդու ազդեցությունն է, երկրորդը՝ կլիմայի փոփոխությունը: Նրանք, ովքեր պնդում են, թե ոչնչացման պատճառը կլիմայի փոփոխությունն է, սովորաբար շատ քիչ փաստեր ունեն դա բացատրելու համար: Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե պատճառը մարդու իրականացրած որսն է, իրականում շատ քիչ հնագիտական փաստեր կարող են գտնել տեսությունն ապացուցելու համար: Առեղծվածը մնում է դեռևս չլուծված և երևի թե այդպես էլ վերջնականապես չբացահայտվի:
8. Մփեմբայի էֆեկտը
Մփեմբայի էֆեկտի էությունը կայանում է նրանում, որ եռացող ջուրը հատուկ պայմաններում կարող է վերածվել սառույցի ավելի արագ, քան սառը ջուրն է վերածվում: Այս ֆենոմենը դեռևս հայտնի է եղել Հին Հունաստանում, և գտնում են, որ այն հակասում է թերմոդինամիկայի օրենքներին: 1969 թվականին Էրաստո Մփեմբա անունով մի գիտնական փորձնականորեն ապացուցեց այդ երևույթի գոյությունը: Սա գիտնականների մոտ առաջացրեց բազմաթիվ հակասական հարցեր և տեսություններ: Հնարավոր է, որ մի օր գիտության զարգացման հետևանքով գիտնականները հասկանան այս երևույթի պատճառը:
7. Լույսի արագություն
Լույսի արագության մասին գոյություն ունեցող տեսությունը ամբողջությամբ չի ապացուցում այն փաստը, որ այն ընդհանրապես գոյություն ունեցող առավելագույն արագությունն է: Որոշ գիտնականներ գտնում են, որ սև էներգիան շարժվում է շատ ավելի արագ: Նրանք ենթադրում են, որ եթե Մեծ Պայթյունի տեսությունը ճիշտ է, նոր ծնված տիեզերքը պետք է որ լայնացած լինի ավելի արագ, քան լույսի արագությունն է: Արդյո՞ք գոյություն ունի լույսի արագությունից ավելի մեծ արագություն, դեռևս հստակ պարզված չէ, այս առեղծվածը մնում է չբացահայտված, բայց գիտությունը գտնվում է այն բացահայտելու ճանապարհին:
6. Փորձեր մարմնից դուրս
Մահամերձ վիճակում գտնված մարդիկ հաճախ պատմում են, որ իրենց գիտակցությունը լքել է մարմինը այն ժամանակ, երբ վերջինս դեռ կենդանի է եղել:
Հետազոտողների մի խումբ փորձում է ուսումնասիրել այս զգացումը: Նրանք օգտագործում են վիրտուալ իրականություն ստեղծող սարքեր և տեսախցիկներ: Սկզբում հետազոտողը դիպել է ինչ-որ մեկի վիրտուալ պրոյեկցված մարմնին, ապա իրական մարմնին և վերջում նորից վիրտուալ մարմնին: Փորձարկվողների մեծ մասը պնդում էին, որ նրանց դիպել են նույնիսկ այն դեպքում, երբ հետազոտողները դիպել էին միայն վիրտուալ մարմնին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մաշկային զգացողությունը շատ դեպքերում կախված է նրանից, թե որտեղ է մարդը պատկերացնում իր մարմնի գտնվելու վայրը: Մեկ այլ հետազոտող հիվանդանոցում մի քանի տարի շարունակ ուսումնասիրել է մահամերձ վիճակում գտնվող մարդկանց զգացողությունները: Նա հավատում է, որ կարող է ապացուցել՝ արդյո՞ք մահամերձների զգացածը միայն պատրանք է, թե՞ նրանց գիտակցությունը իրականում դուրս է գալիս մարմնից: Քանի որ այս տեսություններից և ոչ մեկը մինչև օրս վերջնականապես ապացուցված չէ, մարդկանց մի մասը հակված է հավատալ, որ դուրս եկողը մարդկային հոգին է:
5. Թռչունները ընկնում են երկնքից
Արկանզասում շուրջ 1 տարի առաջ բազմաթիվ սև թռչուններ էին ընկնում գետնի վրա: Այդ ժամանակ թռչունների ընկնելու պատճառը համարեցին հրավառության օգտագործումը, չնայած որ այդ ենթադրությունը ապացուցված չէր: Նույն երևույթը տեղի ունեցավ կարճ ժամանակ անց, և այս անգամ ոչ ոք արդեն համոզված չէր, որ դա տեղի է ունեցել հրավառության պատճառով: Թռչունների ընկնելու հետ միաժամանակ միևնույն տարածքում առեղծվածային կերպով սատկեցին բազմաթիվ ձկներ, որը կատարվածն ավելի տարօրինակ դարձրեց: Շատ դժվար է բացատրել, թե ինչու են հազարավոր թռչուններ ընկնում երկնքից, և սատկում բազմաթիվ ձկներ, այն էլ միաժամանակ և միևնույն տարածքում: Եթե դա նույնիսկ պատահականություն է, ապա շատ տարօրինակ «պատահականություն»:
4. Տիեզերքի ձայնը
2006 թվականին գիտնականները, փորձելով ուսումնասիրել նոր ծնված աստղերը, հանկարծակիորեն բախվեցին տիեզերքից եկող տարօրինակ աղմուկի հետ: Գիտնականները մինչև օրս չգիտեն, թե ինչը կարող է լինել այս ձայների պատճառը: Հայտնի է, որ ձայնը չի կարող տարածվել տիեզերքով, իսկ ռադիոալիքները կարող են: Հենց սրա պատճառով հետազոտողները կարծում են, թե իրենց հայտնաբերածը ռադիոալիքներ են: Այս անգամ էլ պարզ չէ, թե ո՞րն է ռադիոալիքների աղբյուրը: Բացի այդ՝ ձայնը 6 անգամ ավելի բարձր է, քան սովորական ռադիոալիքները: Գիտնականները ենթադրում են, որ դրանք մինչև այժմ անհայտ ռադիոալիքների տեսակներ են, որի աղբյուրը գուցե ինչ-որ բանական էակներ են...
3. Լուսնի պատրանքը
Լուսնի պատրանքը հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից՝ Հին Հունաստանում և Չինաստանում: Պատրանքի էությունը կայանում է նրանում, որ լուսինը հորիզոնին մոտիկ գտնվելիս ավելի մեծ է թվում, քան երբ այն ավելի բարձր է: Անցյալում մարդիկ ենթադրում էին, որ պատճառը ինչ-որ մթնոլորտային կամ ֆիզիկական երևույթ է: Իսկ մյուսները կարծում էին, թե խնդիրը հարաբերական մեծության կամ էլ հեռավորության մեջ է: Սակայն այս առեղծվածային երևույթը նույնիսկ ժամանակակից գիտությունը չի կարողանում բացատրել:
2. Լույսի երկակի բնույթը
Մարդիկ երկար ժամանակ վիճում էին՝ արդյոք լույսը ալի՞ք է, թե՞ կազմված է մասնիկներից: Որոշ հետազոտություններից հետո, սակայն, գիտնականները եկան այն եզրակացության, որ ֆոտոնը կարող է իրեն դրսևորել միաժամանակ և՛ որպես ալիք, և՛ որպես մասնիկ, կախված նրանից, թե ինչպիսի պայմաններ են ազդում նրա վրա: Գիտնականները չեն կարողանում վերջնականապես բացատրել այս ամենի պատճառը և դեռ փորձում են հասկանալ: Որոշները անվանում են այս երևույթը «քվանտային մեխանիկայի միակ առեղծված»:
1. Կյանքի ծագումը
Դեռ հնագույն ժամանակներից կյանքի և տիեզերքի ծագումը բազմաթիվ վեճերի և տարաձայնությունների առիթ է հանդիսացել: Շատ գիտնականներ տիեզերքի ծագումը բացատրում են Մեծ պայթյունի տեսությամբ, որի մասին մեծամասնությունը դեռ դպրոցում է սովորում: Միաժամանակ նաև մեծ ուշադրություն է հատկացվում աբիոգենեզին, որը կյանքի ծնունդն է անօրգանական միացություններից: Չնայած այս ամենին՝ վերը նշված տեսություններից և ոչ մեկը ապացուցված չէ: Մեծ Ադրոնային Կոլայդերի ստեղծումը և Հիգսի բոզոնի հայտնաբերումը ուներ հենց այդ նպատակը. ֆիզիկոսները հավատում են, որ ուսումնասիրությունները թույլ կտան ավելի մոտենալ տիեզերքի ծագման բացահայտմանը:
Անհրաժեշտ է նաև նշել, որ Հիգսի բոզոնի հայտնաբերումը չնայած որ նոր էջ բացեց ֆիզիկայում, բայց, ամենայն հավանականությամբ, նրա միջոցով հնարավոր չի լինի ապացուցել Մեծ պայթյունը:
Բացի այդ՝ շատերը, ովքեր հավատում են գերբնական Արարչի գոյությանը, պնդում են, որ եթե նույնիսկ Մեծ պայթյունը գոյություն է ունեցել, դա չի նշանակում, որ Աստված այդ պրոցեսում դեր չի խաղացել: Գուցե հենց Աստված է ստեղծել տիեզերքը և տվել նրան շարժում: Նրանք նաև առաջ են քաշում Թովմա Աքվինացու հայտնի փաստարկը, ըստ որի՝ ամեն ինչ պետք է իր պատճառն ունենա: Տիեզերքը անսահման է ու հսկա, և նրա առաջացումը երևի թե երբևէ ամբողջությամբ չի բացատրվի: