Առողջապահության ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ հիվանդանոցների խայտառակ սանիտարական վիճակ, անհայտ ծագման դեղերի շրջանառություն, անհետևանք մնացող բազմաթիվ բժշկական սխալներ, բավականին թանկ բուժսպասարկում, որն իր հերթին ուղեկցվում է ստվերային դրամաշրջանառությամբ։ Բազմաթիվ են դժգոհությունները և, ցավոք, պատասխանատուների կողմից չեն ձեռնարկվում անհրաժեշտ քայլեր, որպեսզի հասարակությունը գոնե հույս ունենա, որ սայլը տեղից կարող է շարժվել։ «Փող չկա, կանենք, կտեսնենք» և նմանատիպ ոչինչ չասող մեկնաբանություններն էլ ավելի են հեռացնում հասարակությանը պատասխանատուներից։
Եվ ահա, այս անվստահության ֆոնի վրա համակարգը ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել՝ մոռանալով, թե ինչ կարծիքի է իր մասին հասարակությունը։ Մոռացան և հայտարարեցին մարդու պապիլոմավիրուսի դեմ իրականացվելիք պատվաստման մասին։ Հայտարարեցին և նոր հասկացան անվստահության մակարդակը, երբ հասարակությունը ոչ միայն չի ուզում լսել գիտական հիմնավորումները, այլև անգամ սեփական երեխաներին պատվաստելն է դիտարկում որպես վատ երևույթ։
Ցավալի է, իհարկե, բայց հասարակությանն այս վիճակին հասցրել է հենց համակարգը։ Անգամ մի շարք բժիշկներ ընդդիմանում են նախագծին՝ մեջբերելով բժշկության հետ կապ չունեցող մարդկանց կարծիքը։ Իսկ ոչ բժիշկը կարող է ասել ամեն ինչ, միտումնավոր կամ ոչ միտումնավոր հրապարակել հոդվածներ, որոնք վաղուց հերքված են։
Պատկան կառույցի համար սա պետք է դաս լինի, ի վերջո պետք է գիտակցեն, որ չի կարելի չերկխոսել հասարակության հետ։ Ավելին՝ պետք է գիտակցեն, որ շատերը կարծիք չեն հայտնում, քանզի չեն կարող վաղը նայել քաղցկեղով հիվանդ կնոջ աչքերին ու ասել՝ գիտե՞ս, եթե պատվաստվեիր հնարավոր է փրկվեիր։ Մինչդեռ հակառակվելու ցանկություն ունեցողների թիվը ավելի մեծ է, մոտիվացնողների պակաս էլ չկա, այլ հարց է, որ շատերը մարդու ապագան ավելի վեր են դասում, քան համակարգին իր տեղը ցույց տալը։