Մարկո Պոլոն գրում էր. «Հայաստանում գործում են ամենալավ և ամենագեղեցիկ գորգերը»: 1390 թ. հայերը գորգ էին վաճառում բելգիական Բրյուժ քաղաքի Սբ. Դոնատ եկեղեցու առջև, իսկ հետագայում՝ Վենետիկի Սբ. Մարկոս տաճարի մոտ: 1534 թ. «Հոլի Քրոս» և «Մերյու Գոնսոն» նավերը Անգլիա էին վերադառնում մետաքսով, գորգերով և այլ հայկական ապրանքներով: 1600 թ. լվովցի հայ վաճառական Զախարիաշ Իվաշկևիչը Պոլսից Լվով բերեց բազմաքանակ ապրանքներ, այդ թվում՝ 150 գորգ: 1610 թ. Ջորջ Սանտիսը վկայում էր, որ անգլիացիները Պոլսի հայ վաճառականներից գնում էին Պարսկաստանից բերված գորգեր, իսկ 1702 թ. ֆրանսիացիները հայկական գորգեր էին բերում Զմյուռնիայից:
Եվրոպացիների կողմից ցուցաբերված այս հետաքրքրությունը շուտով աշխարհով մեկ ձևավորեց շուկայական լայն պահանջարկ, ինչից էլ, բնականաբար, օգտվեցին հայ վաճառականները: Գորգավաճառության դարավոր առևտրից գոյացած համախառն գումարը մեր ժողովրդի հավաքական կապիտալում երկրորդն է եղել՝ զիջելով միայն հում մետաքսին: