«Հանրության շրջանում ամենաշատ քննարկման թեման թերևս կարագի թանկացումն է: Այն իրոք թանկանում է կատաղած տեմպերով: Եթե այսօր տեսնում եք, որ մեկ կիլոգրամ կարագն արժե, ասենք, 4000 դրամ, ապա իրավունք ունեք կասկածելու, որ հաջորդ օրն այն մի 5-10 տոկոսով ավելի թանկ կլինի:
Որքանով են այդ քննարկումները համապատասխանում այն «դերին», որը խաղում է կարագը մեր կյանքում: Եթե առաջնորդվենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, ապա հայ հանրության համար կարագի թանկացումը պետք է աննկատ մնար ընդհանրապես:
Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկությունների՝ անցած ողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 հազար 725 տոննա կարագ: 2015 թվականին ներմուծվել էր 4 հազար 383 տոննա: Այսինքն՝ ունեցել ենք աճ մոտ 8 տոկոսով: Սակայն 2017 թվականի առաջին կիսամյակում պատկերը կտրուկ փոխվել է: Այդ ժամանակահատվածում ներկրվել է 2 հազար 361 տոննա, որը 224 տոննայով կամ 8.6 տոկոսով քիչ է 2016 թվականի նույն ցուցանիշից:
Բայց այս աճն ու նվազումն այնքան էլ էական չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում կարագի սպառումը շատ քիչ է: Տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 1.5 կիլոգրամ կարագ: Եթե համարենք, որ կարագի մեկ կիլոգրամի գինը կհասնի կամ կանցնի 5 հազար դրամը, ապա տարեկան յուրաքանչյուր անձի հաշվով կարագի վրա կատարված ծախսը կկազմի 7 հազար 500 դրամ, կամ ամսական 625 դրամ: Կարագի ասենք 50 տոկոս թանկացումն ավելացնում է դրա վրա յուրաքանչյուր անձի կատարած ծախսը միայն 200-300 դրամով:
Առաջին հայացքից դա շատ քիչ է: Սակայն նման հաշվարկներ անելը, այսպես ասենք, կոռեկտ չէ մանավանդ Հայաստանի դեպքում: Կարագն առաջին անհրաժեշտության ապրանք է և պարտադիր առողջ սննդակարգի պարտադիր բաղադրիչ պետք է լինի: Բայց Հայաստանում բնակչության եկամուտների բաշխվածությունը չափազանց անհավասար է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հացն ու կարտոֆիլը մեր բնակչության 70 տոկոսի համար հիմնական սնունդ են հանդիսանամ: Իսկ բնակչության մոտ 30 տոկոսը հազիվ է ապահովում իր սնունդը՝ աղքատ է: Ահա այս խավերի համար կարագի նույնիսկ չնչին թանկացումը հանգեցնելու է այդ մթերքի սպառման նվազմանը: Եվ դա, որքան էլ տարօրինակ հնչի, պարզ երևում է պաշտոնական վիճակագրության տվյալներից: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մեկ կիլոգրամ կարագի մաքսային արժեքը եղել է 3.5 դոլար: 2017-ին նույն ցուցանիշը եղել է արդեն 4.3 դոլար: Այսինքն՝ հենց այս տարվա առաջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ: Ու հենց առաջին կիսամյակում էլ ներկրումը նվազել է, ինչը ենթադրում է, որ նվազել է նաև սպառումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել