«Հայկական ժամանակ»-ը զրուցել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ: Ներկայացնում ենք հատված:
Վազգեն Խաչիկյանն այժմ աշխատանք է փնտրում:
- Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ էր քաղաքացիական կյանքին:
-Հիմա ինձ հոգեհարազատ աշխատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ և այդպես: Իհարկե, ինտեգրվել եմ, իհարկե, ինտեգրվում եմ:
-Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում:
-Տարբեր, դասախոսական, չգիտեմ: Մինչև նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:
-Հետևո՞ւմ եք քաղաքական գործընթացներին:
-Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում:
-Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ:
-Ո՞նց կարող եմ անտարբեր լինել:
-Վերջին քաղաքական գործընթացներին նաև Ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր:
-Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պարտվի: Չասեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:
-Ասում եք, որ մեզ նման հետևում եք քաղաքական գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թ. վարչապետի հարցն է, Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը:
-Ինձ համար պարզ է, որ վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, և ով էլ կլինի, մենք կողջունենք որպես ՀՀ շարքային քաղաքացի: Որպես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այլ կառավարության և կուսակցության գծին:
-Որպես քաղաքացի Ձեր կյանքը լա՞վ է:
-Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) և չեմ կարող ասել իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո, իմ կյանքը լավ է, որովհետև անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշանակելու է ինչ-որ պաշտոնում:
-Ձեր ասածը գիտական ֆանտաստիկայի ժանրից է:
-Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
-Իհարկե ոչ:
-Բացառո՞ւմ եք, որ Ձեզ որևէ պաշտոնում կնշանակեն:
-Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաև իմ ազատազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաև ցանկացած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավանական, որքանով ես կարող է տիեզերք թռչեմ: Հավանական է, բայց ֆանտաստիկա է:
-Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձևով շնորհակալություն հայտնե՞լ եք Ձեր ազատման համար:
-Ես ամեն օր շնորհակալություն հայտնում եմ Սերժ Սարգսյանին իմ աղոթքներով, իմ մտածումների մեջ: Առերես՝ ոչ:
-Աղոթքները տեղ հասնո՞ւմ են:
-Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրինելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել հասնում է տեղ, թե չէ: Այդ ճանապարհները դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երևի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կարողանում ենք տեղ հասցնել, առավել ևս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: