Այսօր հաղորդավար Էրիկ Անթառանյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է իր 33 տարին: Հաղորդավարը esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ շնորհավորանքներն ու անակնկալները սկսվել են գիշերվանից, և մինչև հիմա պարբերաբար շնորհավորական զանգեր և նամակներ է ստանում: Նրան առաջինն ընտանիքի անդամներն ու ընկերներն են շնորհավորել. «Գիշերը կինս իր ձեռքով պատրաստած տորթով, գինիով, մոմերով եկավ ու շնորհավորեց ինձ: Ես նախապես չէի տեսել այդ ամենը, քանի որ համակարգչի առաջ նստած աշխատում էի»:

Էրիկից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր երկուամյա որդին արդեն հասկանո՞ւմ է, որ հայրիկի ծնունդն է, և ինչ-որ նվեր մատուցե՞լ է իրեն: «Դեռ չի հասկանում` ինչ առիթ է: Զգում է, որ տասն օրը մեկ ինչ-որ բան է կատարվում տանը, թռվռում է, ուրախանում: Տասն օր առաջ կնոջս ծնունդն էր, տասն օրից էլ իր ծնունդն է :) Մայիսի 9-ը, 19-ը և 29-ը: Ինձ համար ամենամեծ անակնկալն ու տոնը դա է»,- նշեց Էրիկը:

esyes.am-ի հետ զրույցում հաղորդավարն ասաց, որ ինքը երբևէ չի նախաձեռնել նշել իր տարեդարձը. «Չեմ սիրում ինքս կազմակերպել իմ տարեդարձի երեկույթը: Եթե իմ շրջապատում չկան այնպիսի ընկերներ, ովքեր ցանկանում և նախաձեռնում են տարեդարձս նշելը, ուրեմն իմաստ չունի այն նշելը: Պետք է ասեմ, որ ամեն տարի էլ հարազատներիս նախաձեռնությամբ շատ հետաքրքիր եմ նշել տարեդարձս: Մի տարի նույնիսկ փորձեցի փախչել, սակայն չստացվեց:)»:

Կինն ու ընկերներն այսօր անակնկալ են խոստացել Էրիկին. նրան բացիկ են տվել, որում մի քանի հասցե է նշված: Հաղորդավարը պետք է հերթով այցելի նշված վայրերն ու վայելի իրեն հասանելիք անակնկալը:) Թե այն ինչպիսին է լինելու, հաղորդավարը չասաց, քանի որ ինքն էլ չգիտեր:)
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է Էրիկին և միանում բոլոր բարեմաղթանքներին:)



