Մեր փոքրիկ Երևանում այսօր գործում են մեկ տասնյակից ավելի թատրոններ և միայն երկու կինոթատրոն, ինչը թերևս նշանակում է, որ թատրոնն ավելի մեծ պահանջարկ ունի, քան կինոն: Դա, իհարկե, ոչ միայն նոր ու որակյալ բեմադրությունների և միջազգային թատերական փառատոների շնորհիվ է, այլև հենց երիտասարդների: Այո՛, թատրոնն այսօր աշխուժացել է նաև երիտասարդների շնորհիվ. խոսքը ոչ միայն աշխատակազմի ու դերասանների սերնդափոխության, այլև այն մասին է, որ հատկապես երիտասարդների մեծ հոսք է նկատվում դեպի թատրոն:
Այս աշնանը մեկնարկեցին միանգամից մի քանի աղմկոտ ու սիրված թատերական փառատոներ, որոնք չնայած ավարտվել են, սակայն դեռևս շարունակում են քննարկման թեմա լինել: Նրանցից առաջինը Վահրամ Փափազյանի անունը կրող Շեքսպիրյան միջազգային փառատոնն է, որին մասնակցում էին թատերական խմբեր Ֆրանսիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Ի դեպ, փառատոնի հյուրերի թվում էր նաև թատերական գործիչ, հայտնի շեքսպիրագետ, Լեհաստանում Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրովսկին: Իսկ ահա ամենաաղմկոտ ու սպասված հայկական թատերական փառատոնը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը, նախորդ տարվա «շքեղությունն ու փայլը» չուներ: Պատճառն, ինչպես նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ֆինանսկան ճգնաժամն է: Նշենք նաև, որ կային ներկայացումներ, որոնք պարզապես նախորդ տարվա բեմադրության կրկնությունն էին կամ շատ չնչին փոփոխություններով վերաբեմադրված:

«Կարմիր լապտերներ». Լիլի Էլբակյան
Էդգար Էլբակյան թատրոն
«Կարմիր լապտերները» երիտասարդ ռեժիսոր Լիլի Էլբակյանի առաջին լուրջ բեմադրությունն է: Ներկայացումը պատմում է հասարակաց տան ու նրա բնակիչների մասին, արտահայտում նրանց ապրումներն ու զգացմունքները: «Սկանդալային գործ է, լեզուն ժարգոնով է, սկզբում շատ էի վախենում, իսկապես մեծ ռիսկ էր: Ում ասում էի իմ այդ մտահղացման մասին, մի պատասխան էի լսում` չի ստացվի... Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ուրախությամբ նշում է Լիլին: Նրա պիեսի վերաբերյալ հանդիսատեսը ծայրահեղ կարծիք է հայտնել` կա´մ խիստ դրական, կա´մ էլ` չափազանց բացասական: «Բացասական կարծիք ունենում են հիմնականում մեծահասակները, ովքեր և լքում են դահլիճը: Իսկ երիտասարդներին հետաքրքիր է, նրանք մնում են մինչև ներկայացման ավարտը: Շատ երիտասարդներ էլ մի քանի անգամ են գալիս: Մեր նպատակն է ոչ թե խրախուսել, այլ ցույց տալով այդ երևույթները` բացատրել, որ դա վատ է»,- ասում է նա:
Անդրադառնալով հայտնի ծնողների դերին իր կյանքում` Լիլին ասաց, որ նրանք ևս շատ են աջակցել իրեն, օգնել կայանալ կյանքում: «Մեծացել եմ թատրոնում, մենք միասին ենք աշխատում, միշտ կատակով նշում ենք` ոնց որ ֆուտբոլի թիմ լինենք: Իրար օգնում ենք ու շատ հաճելի է միասին աշխատելը: Կողքից շատ եմ լսում` Արմեն Էլբակյանի աղջիկն է, դրա համար էլ առաջ է գնում, բայց իմ աշխատանքով արդեն ապացուցել եմ, որշնորհքունեմ: Բեմումչես կարող ստել, կեղծել, եթե տաղանդ չունեցար, ում աղջիկն ուզում ես եղիր, մեկ է` հաջողության չես հասնի»,- համոզված է Լիլին: Նշենք, որ երբ նա դարձավ Էլբակյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, փոխեց թատրոնի ձևաչափը: Այսուհետև այն միայն երիտասարդական է:
Լիլի Էլբակյանը ամենաերիտասարդ գեղարվեստական ղեկավարն է:

«Փնտրվում է տղամարդ», «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ». Լուսինե Երնջակյան
Կամերային թատրոն
«Փնտրվում է տղամարդը» 22-ամյա ռեժիսոր Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունն է: Հոգեբանական այս դրաման սիրո որոնման պատմություն է, որտեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը: «Արդեն տարի ու կես ներկայացումը բեմում է ու դահլիճը միշտ լեփ-լեցուն է: Պահանջարկ եղել է միշտ ու շարունակվում է. ինքներդ տեսաք, որ դահլիճում ազատ աթոռ չէր մնացել»,- հայտնեց Լուսինեն և հավելեց, որ իր հաջողության գրավականը իր դերասաններն են, ովքեր չնայած երիտասարդ տարիքին` բավական պրոֆեսիոնալ են: Պարզվում է` հանդիսատեսի համար զարմանահարույց է հենց թեմայի ընտրությունը: «Ասում էին, թե շատ երիտասարդ եմ նման խնդիր բարձրացնելու և միայնակ կնոջ կերպար կերտելու համար: Արդյունքում, հուրախություն ինձ, հանդիսատեսն ու քննադատները գոհ էին: Նշեմ, որ իմ հանդիսատեսը հիմնականում երիտասարդներ են, երևի շնորհիվ նրա, որ և´ դերասանական խումբն է երիտասարդ, և´ պիեսների թեմաներն են երիտասարդական: Երեք-չորս տարի առաջ երիտասարդությունն ավելի քիչ էր հաճախում թատրոն: Այսօր այդպես չէ»,- պնդում է երիտասարդ ռեժիսորը: Մեկ տասնյակից ավելի թատրոններ են գործում այս փոքրիկ քաղաքում, երիտասարդ ռեժիսորն ինչպե՞ս է կարողանում այդքան հանդիսատես հավաքել, արդյոք հայրը` Արա Երնջակյանը, դրանում իր ներդրումը չունի՞: «Հայրս ինձ և´ ոգևորում է, և´ քննադատում: Սակայն նա միայն վերջնական փուլում է դիտում ներկայացումը: Եթե երկուսիս բեմադրությունները համեմատեք, կտեսնեք ոճի ու ձեռագրի տարբերություն: Անշուշտ, նրանից շատ բան եմ սովորել»,- անկեղծորեն ասաց Լուսինեն:

2007-08թթ. թատերաշրջանում «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում Լուսինե Երնջակյանին շնորհվել է «Արտավազդ» մրցանակ` «Փնտրվում է տղամարդ» բեմադրության համար:
Իսկ ահա Լուսինեի` «Ի՞նչ տարբերություն, թե ումհետ» ներկայացումը սիրո մի պատմություն է հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալ երազող անզուսպ աղջնակի մասին: Ներկայացման մեջ խաղում են Լուիզա Ներսիսյանը, Արշալույս Հարությունյանը, Լիլի Էլբակյանն ու Արսեն Գրիգորյանը: «Այստեղ Լուիզա Ներսիսյանը բոլորովին այլ դերում է: Ով դիտել է «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը, չի կարող Լուիզային այս կերպարում պատկերացնել, բայց նա այդ դերը հրաշալի է կատարում»,- նշեց ռեժիսորը, որ այսօր մտածում է երրորդ ներկայացման բեմադրության մասին, որն էլ կամբողջացնի նախորդ երկուսը: «Սա ևս կլինի սիրո թեմայով, այն կներառի կին-տղամարդ հարաբերությունները: Միգուցե կազմակերպվեն երեկոներ, երբ երեք ներկայացումներն էլ միասին բեմադրվեն: Տեսնենք»,- հավելեց նա:

«Աղախիններ». Սուրեն Շահվերդյան
Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Հայ հանդիսատեսը ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի ներկայացումներն ամենից շատ է քննադատության արժանացնում: Պատճառն այն է, որ դրանցում շատ են «բաց» տեսարանները, հեղինակը փորձում է բարձրացնել խնդիրներ, որոնք փակ են համարվում: «Ես Հայաստանում առաջինն էի, որ սկսեցի աշխատել «նոր դրամա» ոճում, որում երիտասարդներին հուզող արդիական շատ թեմաներ են վեր հանվում: Ժամանակակից թատրոնը չի կարող կյանքից կտրված լինել: Իմ ներկայացումներում շատ փակ թեմաներ կան, որոնք բոլորին են հետաքրքրում: «Լիբիդո» ներկայացման ժամանակ տարեց հանդիսատեսը ինձ հայհոյելով դուրս է գալիս, բայց մյուսները մնում են և գտնում այն ամենը, ինչ պետք է իրենց»,- հեռավոր Իտալիայից մեզ հետ զրույցում ասաց Սուրենը: Նա նշեց, որ Հռոմում բեմադրել է «Hitler in love» ներկայացումը, իսկ մեզ հետ ունեցած հարցազրույցից մի քանի ժամ հետո մեկնելու էր Ռումինիա, որտեղ, ըստ Սուրենի, 13 ներկայացման տոմս արդեն իսկ վաճառվել էր: «Ցավում եմ, որ հիմա Հայաստանում ինձ թույլ չեն տալիս բեմադրել «Լիբիդոն» և «Պսիխոսիս 4.48» ներկայացումները և, ընդհանրապես, մեզ մոտ որքան կարող են, խոչընդոտում են, բայց փոխարենը շատ եմ աշխատում արտերկրում և կարողանում եմ ինքնարտահայտվել այնտեղ»,- ընդգծեց ռեժիսորը:
Սուրենի` թերևս ամենաքիչ քննադատված աշխատանքներից է «Աղախիններ» ներկայացումը, որը նրա առաջին փորձն էր «պլաստիկ դրամայում»: Տարեցները մեղադրում են, թե ինչո՞ւ եմ ներկայացման մեջ աբորտի խնդիր բարձրացնում: Մենք շատ հետ ենք համաշխարհային թատրոնից: Կարծում եմ` Երևանում մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի ու կկարողանամ բեմադրել այդ ներկայացումները»,- նշեց նա: Իսկ հարցին, թե ո՞րն է հոր` ռեժիսոր Վահե Շահվերդյանի դերն իր կյանքում, Սուրենը պատասխանեց. «Ինչքան մեծանում, այնքան հասկանում եմ հայրիկիս: Նա իսկապես շատ բան է արել իմ` ստեղծագործող անհատիս ձևավորման ու կայացման գործում: Ես մի փոքր այլ կերպ եմ մտածում ու նայում կյանքին հենց նրա շնորհիվ: Նա հայ թատրոնի համար շատ բան է արել և դեռ կանի: Ավաղ, հայրս ապրում է ոչ այն ժամանակներում, երբ պետք է, և ոչ այնտեղ, որտեղ պետք է:

«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի». Նարեկ Դուրյան
Տիկնիկային թատրոն
Ներկայացման ռեժիսոր Նարեկ Դուրյանը վեր է հանում այնպիսի թեմաներ, որոնք հուզում են ոչ միայն ավագ սերնդին:«Եթե դահլիճը լեփ-լեցուն չլիներ, ապա արդեն յոթերորդ ամիսն է` պիեսը չէինք բեմադրի: Մի բան կա, որ ինձ շատ-շատ է ուրախացնում. իմ հանդիսատեսը բաժանվում է երկու մասի` շատ կանայք ու երիտասարդներ: Ընդ որում` հանդիսատեսի մեջ կան այնպիսիք, ովքեր երկրորդ-երրորդ անգամն են գալիս ներկայացումները դիտելու: Կարծում եմ` պատճառն այն է, որ նրանց հուզող թեմաներ եմ բարձրացնում: Շատ եմ ուրախանում, երբ փողոցում երիտասարդները մոտենում են ու բարևում: Նրանք ոչ միայն դիտում են ներկայացումները, այլև փորձում են վերլուծել, գտնել դրա իմաստը»,- ասաց պրն Դուրյանը: Բեմադրված պիեսում առաջադրված են հարցեր, թե ի՞նչն է իրականում բաժանում մեզ` հայաստանցիներիս ու սփյուռքահայերին: Ո՞րն է ճիշտը` երթա՞լը, թե՞ գնալը, ո՞րն է ավելի շահեկան նյութական առումով: Ի վերջո` գնա՞նք, լքե՞նք Հայաստանը, թե՞ մնանք ու շենացնենք այն: Նարեկ Դուրյանին ճանաչում են նաև որպես Օհան Դուրյանի որդի: Հետաքրքրվեցինք` ինչպես է սցենարիստ-ռեժիսոր-դերասանը վերաբերում դրան. «Ինչ էլ անեմ, ասում են` Օհան Դուրյանի տղան է, ինչն, իհարկե, բացարձակապես չի նեղում ինձ: Հաճախ էլ ինձ դիտում են որպես հորս գործի շարունակող, սակայն ես ուրիշ բնագավառ եմ ընտրել, իմ գործն այլ է: Հորիցս շատ բան եմ սովորելու շատ բանով եմ նման նրան, բայց մեր ընտրած ուղին նույնը չէ»:



