«Ամենից ամենա» հաղորդաշարի հաղորդավարուհի Լիանա Տեր-Մինասյանը իր շրջապատում արդեն ստացել է «ամենից ամեն Լիանա» մականունը: Այս հաղորդաշարը ATV հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում 2009 թվականի հունիսից: Մինչ օրս «Ամենից ամենա»-ի ստուդիայում հյուրընկալել է 200-ից ավելի մարդ: «Առաջին հաղորդումը նվիրված էր ամենից ամենա ոճային աստղերին, միայն կանանց, որոնց շարքում էին Սիրուշոն, երգչուհի Նառան, Արմինկան, Էմմին, իսկ արդեն հաջորդ թեման ամենից ամենա առնական տղամարդիկ էին, ովքեր էին Հայկոն, Սոսը Ջանիբեկյան և այլն»:
Ի դեպ այս թեման նորություններով համալրված թողարկվելու է նաև առաջիկայում: Լիանան ArmStar.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հաղորդաշարի հիմնական նպատակը լուսաբանելն է ու ամեն ինչ անում են օբյեկտիվորեն: «Մենք հարցում ենք անցկացնում տարբեր տարիքային խմբերի մարդկանց միջև, ովքեր պատասխանում են միևնույն հարցաշարին, ու ըստ այդմ էլ որոշում ենք ամենից ամենաներին»: Բնականաբար այսչափ հետաքրքիր ու բազմազան հաղորդաշարի ընթացքում չէին կարող միջադեպեր չլինել:
«Ես, առհասարակ, արկածների շատ եմ հանդիպում, մի քիչ էլ «ձախորդ» եմ (ծիծաղում է): Մի անգամ հայտնիների երկրորդ բիզնեսի մասին էինք հաղորդում պատրաստում ու դրա շրջանակներում անդրադարձ պիտի կատարեինք նաև Հայկոյի ու Մկոյի «Կարգին օպտիկս»-ին: Մենք մեր նկարահանող խմբով գնացել էինք իրենց խանութ, որտեղ ես պետք է կրեի իրենց ակնոցն ու այդպես նկարվեի: Ի դեպ, այդ օրը մի քանի տեղ պետք է գնայինք նկարահանման: Աստիճանները շատ անհարմար էին ու բարձր, ու Մկոյի «Զգո’ւյշ» խոսքի վրա ես ընկա: Միայն այն եմ հիշում, որ այդ ժամանակ մտածում էի, հանկարծ ատամներս չջարդեմ ու էլ ոչինչ չեմ հիշում, բայց հետո ինձ ասացին, որ ասել եմ. «Թողեք, ես վեր կկենամ» (ծիծաղում է): Երբ աչքերս բաց արեցի, տեսա, որ Մկոն բինտը ձեռքին կանգնած է դիմացս, որովհետև բերանս ամբողջությամբ արյուն էր եղել, մենք սառույց դրեցինք, բայց դունչս հետո կապտեց: Դրանից հետո պիտի գնայի Միշոյի MAF  club –ը նկարելու, ես այս վիճակում, Միշոն զանգում ասում է՝ ի՞նչ եղաք, ինչի՞ եք ուշանում, ես գործեր ունեմ… (ծիծաղում է), ամեն դեպքում ինձ կարգի բերեցի ու շարունակեցի նկարհանումներս»:
Լիանան նշեց նաև, որ նկարահանումները միշտ շատ հետաքրքիր են անցնում: «Եթե մեկն ուշանում է, դա հաջորդաբար անդրադառնում է բոլորի վրա»,-ավելացրեց ամենից ամենա Լիանան: Հաղորդաշարը միօրինակ չէ նաև իր ֆորմատով: «Մեր հաղորդումների շարքում լինում են այնպիսինները, որոնց դեպքում հորիզոնականների բաժանումը անիմաստ է, ասենք ինչպես արեցինք ամենից ամենա հումորայինների թեման՝ ապրիլի մեկին, այստեղ հորիզոնականների բաժանելն անիմաստ է, ունենում ենք նաև առանձին անձանց նվիրված հաղորդումներ, ինչպես օրինակ անդրադարձանք Ռաֆայել Քոթանջյանին` իր ծննդյան օրվա կապակցությամբ…»: ArmStar.am-ի այն հարցին, թե ովքեր են եղել ամենից շատ անվանակարգերում հաղթած հայտնիները, Լիանան մտաբերեց. «Շատ է եղել Սիրուշոյի հաղթանակը, Նունե Եսայանի,  Հայկոյի և այլն: Մենք 2011 թվականի տարեվերջում նաև մրցանակաբաշխություն էինք կազմակերպել, որտեղ ամփոփում էինք բոլոր լավ հեռուստանախագծերը»: Ինչպես պարզ դարձավ, հաղորդավարուհու և նրա հաղորդաշարի աչքից ոչ ոք ու ոչինչ չի վրիպում:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը  (ArmStar.am)
Լուսանկարները` Լիանա Տեր-Մինասյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել