«Պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»Պաշտպանական գերատեսչությունը լրջորեն սկսել է զբաղվել մեր հասարակության շրջանում գաղափարական զարգացման հարցով՝ բանակում շեշտադրումը կատարելով հենց այս ոլորտի վրա: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նա նաև հավելեց, որ նախարարությունն իր առջև խնդիր է դրել մի քանի տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում ներմուծել ազգային գաղափարախոսությունը` որպես զինծառայողների մարտական ոգու բարձրացման կարևորագույն ուղի. «Այս խնդրի շուրջ բանակային համակարգի ղեկավարությունը ամենայն լրջությամբ է կենտրոնացել, ձեռք են առնվում բոլոր միջոցները, մշակվում են ազգային գաղափարական մոդելի ներդրման մեթոդները, այդ թվում` իրականացվում է նոր առարկային ժամաքանակ հատկացնելու պրոցեսը: Այսպիսով կարելի է ասել, որ պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը: Փորձագետների համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդությունն իր առջև դրված խնդիրներն առավել ճշգրիտ և պատասխանատվությամբ կկատարի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ի թիվս այլ միջոցառումների, վերոնշյալ նախաձեռնությունը զինվորականների շրջանում կնվազեցվեն նաև արատավոր երևույթները. «Իհարկե, այն կյանքի կոչելիս մենք կբախվենք բազմաթիվ խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում բանակ են զորակոչվում տարբեր գիտելիքների տեր անձինք, տվյալ պարագայում նախարարութունը ստիպված է իրականացնել մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքը այն կլինի, որ բանակից հասարակություն կանցնեն ոչ միայն զինվորական գործին տիրապետող, այլև գաղափարապես կայուն և խելացի երիտասարդներ»,- նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: Աշխատանքների առաջին փուլը ամփոփվեց մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում, որը նվիրված էր ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքին: Ներկայումս սկսվել են տեսական մասի մշակման աշխատանքները: «Մեր երկրի պաշտպանության նախարարությունը զորամասերում նոր առարկայի ներմուծմամբ և անցկացմամբ նպաստելու է ազգապահպանության և ազգասիրության խնդիրների իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ընգդծեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը. «Այս նախագիծը չափազանց մեծ ազդեցություն կթողնի մեր երկրի երիտասարդ խավի զարգացվածության վրա: Այն միաժամանակ կլուծի մի շարք խնդիրներ ծառայության ընթացքում ու դրանից հետո»,- համոզմունք հայտնեց ազատամարտիկը: Նշենք, որ այս ամենը կյանքի է կոչվում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և վերահսկողությամբ: Խնդրի իրականացմանը լծվել են պատասխանատու վարչությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների պետերն ու աշխատակիցները: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախարարության ղեկավարը վերջին երեք տարիներին մշտապես կրկնում է, որ արգելել է օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» և «Աշխարհի այլ բանակներում էլ են լինում նման դեպքեր» արտահայտությունները. «Այսինքն՝ բանակն ունի բոլոր լծակները հասարակությունից զինված ուժեր ներթափանցող խնդիրների լուծման համար: ԱԺ-ում վերջին քննարկումներից հետո շատերը մեկնաբանեցին, որ Սեյրան Օհանյանը նոր է դա օգտագործում, սակայն նախարարը դրա մասին վաղուց է խոսում: Վերջին իրադարձությունները, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի թափանցիկությանը միտված հստակ քայլերը վկայությունն են այն բանի, որ զինված ուժերն այդ լծակներն արդեն կիրառում են: Նախարարը հստակ խնդիր է դրել արմատախիլ անել արատավոր երևույթները և անգամ՝ հասարակության համար հանդիսանալ լոկոմոտիվ, օրինակելի կառույց, որտեղ ձգտեն: Գաղափարախոսական դաստիարակությունը լավագույն ձևն է կայացնել հզոր զինվորականի և լավ քաղաքացու հասարակության համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը: 
2-11

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել