Այն, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ այժմ լուրջ քննարկումներ են գնում տարբեր ձևաչափերում, կարծես թե այլևս աներկբա է։ Ապրիլյան պատերազմից առաջ ու հետո քննարկվող հարցերը, դրանց բովանդակությունը գուցե շարքային քաղաքացու համար դետալային առումով որևէ նորություն չէին պարունակում, սակայն քաղաքական շրջանակները կարող են փաստել, որ այժմ Ղարաբաղի թեմայի վերաբերյալ քննարկումներն ավելի խորքային են։ Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բաքու, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկելու ԼՂՀ հիմնախնդիրը։ Հիմա էլ հանդիպում է Բաքվի համալսարանականների հետ, որտեղ պատասխանում է նրանց հուզող հարցերին։ Այդ այցից հետո էլ Լավրովը ժամանելու է՝ Հայաստան արդեն Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարության հետ քննարկելու ԼՂՀ խնդիրը։ Ռուս դիվանագետը կհանդիպի նաև Սերժ Սարգսյանին։
Այս հանդիպումները մեզ կարող են թվալ սովորական հանդիպումներ, սակայն հաշվի առնելով, որ հանրային շրջանակներին տեղեկատվություն միշտ էլ քիչ են ստանում, այլ բան սպասել պետք էլ չէր, իսկ բովանդակային առումով ընդամենն անցյալ շաբաթ Հայաստանի նախագահը Մոսկվայում քննարկում էր Ռուսաստանի նախագահի հետ ԼՂՀ կոնֆլիկտը, Պուտինը դրանից առաջ էլ Ալիևի հետ էր քննարկել նույն խնդիրը, այսինքն՝ անընդհատ քննարկումներ, ընդ որում՝ ինտենսիվ քննարկումներ, որը գալիս է ապացուցելու, որ ինչ-որ տարբերակների շուրջ կողմերն այժմ քննարկումներ ծավալում են, ու այդ քննարկումներն իսկապես կարևոր են։ Թե ինչ տեսքով դա կարտահայտվի խնդրի իրական լուծման վրա, դժվար է ասել, սակայն ամեն դեպքում նկատվում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում խնդրի լուծման համար չեն ուզում ժամանակ հետաձգել, իսկ դա նշանակում է, որ օղակը գնալով սեղմվում է, և Հայաստանն այս պարագայում պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման։