Ընդդիմադիրաց ընդդիմադիր: Այս եզրը այսօր դանդաղ, բայց հաստատուն կերպով դառնում է տիտղոս, այնպես ինչպես «Արքայից արքան», որը կրել են մեր մի շարք թագավորներ: Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր դաշտում պայքարը այդ տիտղոսի համար է: 
Ընդդիմություն: Ամենապարզ սահմանումը` դեմ լինել իշխող մեծամասնության գործունեությանը: Եվ քանի որ մենք այսօր ժողովրդավարության պայմաններում ենք մեզ դիտարկում, ապա ընդդիմությունը այս պարագայում կարևոր բաղկացուցիչ մասն է քաղաքական պրոցեսների: Այսինքն` քաղաքական գործընթացների նորմալ գործառման համար ընդդիմությունը անհրաժեշտ տարր է իշխանության հետ ռոտացիոն կառավարում կազմակերպելու համար: 
Ի՞նչ ունենք մենք այսօր: Ունենք մասնատված ընդդիմություն, ավելի ճիշտ ընդդիմադիրներ, որոնց ամենագլխավոր նպատակն իրացնելու փոխարեն այսօր մրցավազքի մեջ են միմյանց հետ, թե` «ո՞վ է ընդդիմադիր դաշտի համար 1-ը»: Ու այնպիսի տպավորություն է, որ ռոտացիան գործում է հենց ընդդիմադիր դաշտի ներսում: 2008թ. նախագահական ընտրություններից հետո, որ ասում էինք ընդդիմություն, միանգամից հասկանում էինք ՀԱԿ: Այդ գիտակցումը պահպանվեց մինչև 2013թ. նախագահական ընտրություններ: Այսօր ՀԱԿ-ը երկատման պատրանք է ստեղծել, սակայն փորձում է հիմնավորել, որ այն ՀԱԿ-ը, որ իմացել են բոլորը, այսօր նույն ՀԱԿ-ն է, որը անխոս` վիճարկելի է: Համենայն դեպս` ՀԱԿ-ի նկատմամբ նախկին ընկալումը մարում է: Այսօր ընդդիմություն ասելիս կամ լսելիս միանգամից ՀԱԿ չի հասկանում քաղաքացիներից ամեն երկրորդը: Որոշ մասը հասկանում է ՀՅԴ, իսկ «բարևականները» ոչ թե «Ժառանգություն», այլ Րաֆֆի Հովհաննիսյան: Այստեղ մենք մի փոքր բացթողում ունեցանք ուժերին թվարկելիս` դա ԲՀԿ-ն է: Թեև ԲՀԿ-ն իրեն համարում է այլընտրանք, բայց գործողություններում ավելի ընդդիմադիր է, սակայն այնուամենայնիվ հասարակական ընկալումն այդիպիսին չէ, այն միշտ ու անընդհատ ընկալվում է որպես իշխանության մաս: 
Ինչպես ասում են` ինչպիսին հասարակական ընկալումն է քաղաքական ուժերի հանդեպ, այդպիսն եղել է գործողությունը: 
Մենք՝ քաղաքացիներս, շատ ենք ուզում ունենալ և´ ուժեղ իշխանություն, և´ ուժեղ ընդդիմություն, որ արդյունքում շահի ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել