Վերացարկվելով վերջին շրջանում ակտիվացած «տարկետման վերացում - գիտության չզարգացում» թեմայից և կենտրոնանալով շատ-շատերի կողմից անուշադրության մատնված ՀՀ 2018-ի բյուջեում գիտության ծախսերի կրճատման կոնտեքստի վրա՝ ինձ թույլ տամ մի քանի դիտարկումներ.
- Հավանաբար նախ պետք է գիտության ոլորտի ու հատկապես գիտնականների հաշվառում անել՝ ելնելով այն դիտարկումից, որ գիտական աստիճան ունեցող ամեն անհատ չէ, որ գիտնական է, և սահմանել չափորոշիչներ հասկանալու, թե ովքեր ունենք գիտության ոլորտում...
- Ըստ ոլորտների պատվերներ իջեցնել պետությունից գիտական հանրույթի ամենատարբեր սեգմենտներ՝ պահանջելով շոշափելի ու առարկայական «պրոդուկտ»: Ակադեմիական գիտությունը պետք է տրանսֆորմացվի առարկայական օգուտ տվող գիտության:
- Մյուս կողմից՝ առավել ակտիվ քայլեր պետք է ձեռնարկվի մասնավոր հատված-գիտություն փոխշահավետ կապ ստեղծելու առումով: Այս մասով, կարծես, արդեն ինչ-որ նախադեպեր ունենք:
- Գիտության այն ոլորտներում, որտեղ կարճաժամկետ պրոդուկտ տալը հնարավոր չէ, սահմանել մոնիթորինգ և փորձել հետազոտության ակնկալվող արդյունքերը կոմերցիոնալիզացնել:
- Պետական ու հանրային կառավարման ոլորտի բոլոր ստորաբաժանումների և գիտական հիմնարկների միջև մշակել օպերատիվ ու արդյունավետ գործակցության մեխանիզմներ:
- Հավանաբար կլինեն հետաքրքիր այլ դիտարկումներ էլ, որ տեղ չգտան վերոնշյալում, այնպես որ, այս շարքը հավանաբար հնարավոր է նաև շարունակել:
Ու ամենակարևորը՝ երբ իջեցված պատվերները չեն կատարվի պատշաճ կերպով ու անհրաժեշտ ժամկետներում, երբ գործակցությունը «պետություն-գիտության ոլորտ» իրականություն չի դառնա, նոր միայն գործադիրը հիմքեր կունանա գիտության ոլորտի բյուջեն լեգիտիմ ու հիմնավոր կերպով շոշափելիորեն կրճատել՝ ուղղելով այն այլ առաջնահերթությունների: