Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ և հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների։ Այժմ այն կրում է հետևյալ վերնագիրը՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Սրա շուրջ քննարկումներն, իհարկե, սրանով չեն ավարտվել, որովհետև օրենքի կողմ ու դեմ սուբյեկտները շարունակում են դժգոհել օրենքից, ամեն մեկը՝ իր պատրվակով։
Եթե դեմ արտահայտվողների համար օրենքն ինքն իրենով միջամտություն է ընտանիքի ներքին գործերին ու չի ընդունում ոչ մի կողմնակի սուբյեկտի ներթափանցումը ընտանեկան միջավայր, ապա կողմ դիրքորոշում ունեցողների համար իրավիճակն առավել քան տարօրինակ է։ Նրանք, ըստ էության, համարում են, որ օրենքը հիմնավոր փոփոխության է ենթարկվել սրանով՝ անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով ընտանեկան համերաշխության, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։ Իսկ միջազգային ձևակերպումների հետ հակասության մեջ մտնելն իր հերթին արդեն, այսպես ասած, խփում է ՀԿ սեկտորի գործերին, որոնց, ի դեպ, նախկին օրինագծով լայն հնարավորություն էր տրվում ընտանիքում տեղի ունեցող բռնության դեպքերում հանդիսանալ վեճ հարթող կողմ բռնության ենթարկված կանանց կամ երեխաներին համապատասխան կացության վայրեր, նյութական օգնություններ ցույց տալու առումով։ Այլ կերպ ասած՝ նրանք ընտանեկան ցանկացած վիճաբանության պարագայում դառնում են կոնֆլիկտի կողմ ու լայն իրավասություն ստանում ազդելու այդ ընտանիքի որոշումների վրա։ Հիմա նոր օրենքով նրանց լիազորություններն էականորեն կրճատվելու են, ինչն էլ առաջացրել է դժգոհություն ՀԿ սեկտորի ներկայացուցիչների շրջանում։
Սակայն եթե նպատակն ընտանիքում բռնությունը կանխարգելելն է, ապա այսպիսի շտկումներն ինչո՞ւ պետք է նման դժգոհություն առաջացնեն։ Նպատակն ի սկզբանե թե՛ ընտանիքում բռնության ենթարկվածին, թե՛ բռնություն գործադրողին համապատասխան օգնություն ցուցաբերելն է, ինչը մեխանիկորեն իրենից արդեն կանխարգելիչ գործողություն է ենթադրում, որպեսզի դեպքերն այլևս չկրկնվեն, հետևաբար հարցը ձևակերպման մեջ չէ, այլ, ավելի շուտ, բովանդակության, եթե, իհարկե, դավադրությունը մի կողմ դնենք։ Դավադրությունն ավելի շատ ՀԿ սեկտորի նկատմամբ է, ովքեր միգուցե համապատախան ֆինանսավորումներ ավելի քիչ ստանան այս օրենքի շրջանակներում գործելու համար։