Ինչպես ասում են՝ «Եղիր գիտունին գերի, անգետին սիրելի մի եղիր, իսկ կիսագրագետից փախիր»։ ԳՁՕ-ների վերաբերյալ վերջին ժամանակների աժիոտաժն ու կիսագրագետների ոգևորությունը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ ԳՁՕ-ների թեմային։ Երբ սննդամթերքի անվտանգության փորձագետն ասում է, որ ԳՁՕ-ները մարդու առողջության համար վտանգավոր չեն՝ բացառությամբ այն մարդկանցից, ովքեր ալերգիկ են, դա չի նշանակում, որ նա ասում է՝ ամեն օր անընդհատ պետք է ուտել ԳՁՕ մթերք։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ սննդամթերքի անվտանգությունն ու սննդագիտությունը տարբեր բաներ են։ Ես ինքս չեմ մտնում սննդագիտության ոլորտ, դրա մասնագետը Դավիթ Պիպոյանն է։ Ես ասում եմ՝ ԳՁՕ-ն վտանգավոր չէ օրգանիզմի համար այնպես, ինչպես որ գարեջուրը, քաղցրը կամ մեկ այլ մթերք, որ օգտագործում ես չափավոր, իսկ սննդագիտության տեսանկյունից սրանք բոլորն էլ հավասարապես կարող են վտանգավոր լինել, եթե չարաշահում ես նման մթերքների օգտագործումը։ Օրինակ՝ այն երկրներում, որտեղ կա ալյուրի սորտավորում, այսինքն, որտեղ ալյուրից հեռացվում է թեփը, այդ երկրներում, ըստ ստատիստիկ տվյալների, շաքարային դիաբետը մեծ տոկոս է կազմում, իսկ այն երկրներում, որտեղ չեն հեռացնում, մի քանի անգամ ավելի ցածր է։
Հիմա հարց է առաջանում՝ արգելե՞լ ԳՁՕ-ն ՀՀ-ում, թե՞ ոչ։ Այո՛, արգելել ԳՁՕ աճեցումն ու կուլտիվացումը, մենք այն երկիրը չենք, որը կարող է միլիարդներ աշխատել էժան եգիպտացորեն կամ սոյա արտահանելով, իսկ մեր եղածը մեզ ամբողջովին բավարարում է։ Իսկ իմաստ ունի՞ արդյոք արգելել ԳՁՕ պարունակող մթերքների ներկրումը ՀՀ տարածք։ Ոչ, չունի, այդ պատրաստի մթերքները, ինչպես նշեցի վերևում, մարդու առողջության համար անվտանգ են։ 

Իսկ հիմա Մոնսանտոհի մասին։ Այդ ընկերության ներկայացուցիչները խոսել են, որ չեն պատրաստվում ՀՀ ներկրել ԳՁՕ սերմեր։ Ի՞նչ է մեզ մնում այս դեպքում անել. պարզապես ստիպել ՍԱՊԾ-ին վերահսկել, Մոնսանտոյի կողմից ներկրվող բոլոր սերմերը ստուգել ԳՁՕ-ի նկատմամբ։ Փառք Աստծո, բացի ՍԱՊԾ ենթակայության տակ գտնվող լաբորատորիայից՝ կան նաև այլ լաբորատորիաներ, որոնք ի վիճակի են անել այդ հետազոտությունը, ինչպես նաև արգելել Մոնսանտոյի արտադրած հերբիցիդների գրանցումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել