Այս պատմությունները կանանց նկատմամբ բռնության վկայություններ են, որոնք բացահայտում են մեր իրականության ցավոտ կողմերից մեկը՝ ընտանեկան բռնության խնդիրը: Շատ կանայք տառապում են` անգամ չմտածելով, որ իրենք ընտանեկան բռնության զոհ են: 

60 տարեկան

«Ամուսինս հարբեցող էր: Ամեն անգամ, հարբած տուն գալով, ինձ ծեծում էր, վիրավորում: Ծեծում էր նաև աղջիկներիս: Մի անգամ փոքր աղջկաս գլխին այնպես խփեց, որ կարճատեսություն առաջացավ: Մի օր էլ, երբ նորից հարբած տուն էր եկել, ձեռքին մի շիշ կար: Ես սկսեցի բղավել, լաց լինել, իսկ նա լռեց ու լսեց ինձ, հետո վեր կացավ, բացեց իր բերած շիշը և լցրեց երեսիս: Էլ ոչինչ չեմ հիշում: Զարթնել եմ հիվանդանոցում` վիրակապերի մեջ: Միլիցիայի հարցաքննությունից իմացա, որ ամուսինս թթվի լուծույթ էր լցրել դեմքիս: Նրան դատեցին: Բանտում էլ մահացավ: Բայց չեմ կարողանում նրան ներել: Նա կործանեց իմ կյանքը»:

39 տարեկան

«Արդեն 10 տարի է` ամուսինս մեկնել է արտասահման աշխատելու և բարեբախտաբար, ոչ մի լուր չկա նրանից: Ես ատում եմ նրան: Ափսոսում եմ այնտարիները, որ վատնել եմ նրա կողքին: Նա թմրանյութեր էր օգտագործում: Ինձ այնպիսի վիճակի էր հասցրել, որ մի օր էլ որոշեցի ինքնասպան լինել, բայց երեխաներիս ձայնը լսելով` հետ կանգնեցի: Հաճախ նրա համար մոխրամանի դեր էի կատարում, նա սիգարետը մարմնիս վրա էր հանգցնում և այդպիսով հանգստանում: Հաճախ փորձում եմ մոռանալ նրան, նոր կյանք սկսել, բայց այրվածքների սպիները կրկին ու կրկին հիշեցնում են դժբախտ անցյալս»:

Քրոջ պատմածից

«Քույրս սիրում էր մի ամուսնացած տղամարդու: Այդ տղամարդն էլ քրոջս էր շատ սիրում և որոշել էր ամուսնալուծվել ու քրոջս հետ ամուսնանալ: Հայրս, իմանալով այդ մասին, շատ զայրացավ: Նա ոստիկանությունում էր աշխատում և ատրճանակ ուներ: Մի անգամ էլ ծեծեց քրոջս և ատրճանակով վախեցրեց: Դրա պատճառով քույրս կորցրեց հոգեկան հավասարակշռությունը: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան: 20 տարի տառապելուց հետո հոգեբուժարանում մահացավ»:

Հարևանի պատմածից

«Մեր հարևանի աղջիկը սովորում էր Երևանի բուհերից մեկում: Նրա ընկերները, ընկերուհիներնը հաճախ էին գալիս մեր գյուղ` հանգստանալու, քեֆ անելու: Ամբողջ գյուղը խոսում էր նրանց անվայելուչ վարքի, հագուստի մասին: Այդ ամենից նեղվելով` աղջկա հայրն արգելեց, որ նրա ընկեր-ընկերուհիներն իրենց տուն գան: Մի քանի ամիս անց խոսակցություններ տարածվեցին, որ այդ աղջիկը քաղաքում անառակությամբ է զբաղվում: Տուն էր գալիս 2-3 ամիսը մեկ անգամ: Մի օր էլ այդ ընկեր կոչվածները նրան հարբած, պատառոտված շորերով բերել, իջեցրել էին իրենց դռան մոտ ու փախել: Հայրը, խայտառակությանը չդիմանալով, քնած տեղը կացնով սպանել էր աղջկան»:

Հարևանուհու պատմածից

«Նա գեղեցիկ աղջիկ էր, լավ էր սովորում, շատ էր կարդում, բայց քանի որ ընտանիքում լարված իրավիճակ էր, նրա հոգեկան անդորրը խանգարվել էր:

Հարազատ մայրը վաղուց չկար, իսկ խորթ մայրն անընդհատ ծեծում էր, ստիպում ծանր աշխատանքներ անել: Երբ դպրոցն ավարտեց, այդ մայր կոչվածը, որ աշխատում էր ճաշարանում, ստիպեց նրան չնչին վարձի դիմաց սպասարկել հարբած հաճախորդներին: Աշխատած դրամը «մայրը» վերցնում էր ձեռքից: Այդպես խաթարվեց աղջկա ճակատագիրը: Շուտով նա հղիացավ: Երբ երեխան ծնվեց, այդ «մայրն» առանց աչքը թարթելու, փոքրիկին գցեց կոյուղու մեջ: Անցորդները փրկեցին երեխային, բայց «մայրը» նրան չընդունեց: Այդպես ծնվեցին նաև մյուս երկու երեխաները: Հիմա նրան հաճախ կարելի է տեսնել փողոցում` ծեծված, արնաշաղախ, սոված ու կիսամերկ»:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել