«Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ: Նման պնդում լրագրողների հետ զրույցում վերջերս կատարել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հայաստանի տնտեսության ամենամոնոպոլացված սեգմենտում՝ շաքարավազի շուկայում, գների նման տատանումը, այն էլ անկման միտումով, Շաբոյանը բացատրել էր մրցակցության «ուժեղացմամբ և խորացմամբ»: Այժմ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-նշել էր Շաբոյանը: Միևնույն ժամանակ նույն Շաբոյանը, որ հասարակության լայն շերտերին ավելի հայտնի դարձավ «բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը փոքր է» վիճելի պնդմամբ, չի նշում, մինչև օրս շաքարավազի գերկենտրոնացված շուկայում մրցակցության «ուժեղացման և խորացման» կամ ընդհանրապես մրցակցության առաջացման պատճառների մասին: Հայաստանում յուրաքանչյուր տաքսու վարորդի է հայտնի, որ շաքարավազի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, որին երբեմն անվանում են Հայաստանի «շաքարավազի արքա»:
Այդ պնդումն այնքան կասկածի տեղիք չտվող ճշմարտություն էր, ինչպես, ասենք, «1+1=2»-ի պարզ թվաբանական գործողությունը և դրա արդյունքը:
Ուստի հարց է առաջանում ինչ տեղի ունեցավ, որ իշխանությունը, ի դեմս Սամվել Ալեքսանյանի հրաժարվեց շաքարի մենաշնորհից կամ թույլ տվեց այդ գերշահութաբեր ոլորտում մրցակցության առաջացում: Հեռու պետք չէ գնալ և ուղղակի անհրաժեշտ է հիշել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում ու Ռուսաստանի շաքարավազի շուկայում գների գահավիժման փաստը: Սրան գումարվում է նաև գլխավորը՝ ՌԴ-ի ցանկությունը շաքարավազ վաճառել Հայաստանում, ինչին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:
Մինչ այդ ի՞նչ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այժմ քննարկվում են ԵԱՏՄ շրջանակներում շաքարավազի ընդհանուր շուկա ստեղծելու հնարավորությունները:
«Մտածել ենք շաքարի նոր շուկա ստեղծելու մասին: Այստեղ խնդիր է առաջացել, որը զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: Հանձնարարվեց մշակել մեխանիզմներ ընդհանուր շուկայում շաքարի հումքի ներմուծման առնչությամբ, որպեսզի շաքարի ճակնդեղի արտադրությունում խնդիրներ չլինեն: Որովհետև ստացվում է՝ մեր շուկան սեգմենտավորվում է տարբեր տիպի շաքարի ու հումքի առումով, ինչպես կարգավորել իրավիճակը, որպեսզի հավասար մրցակցություն լինի և շաքարի արտադրության համար 3-րդ երկրներից հումք ներմուծող գործարարների իրավունքները չխախտվեն»,- ասաց Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել