Կապի, տրանսպորտի և տեղեկատվության նախարարությունում նոր գյուտ են արել, ու գյուտն, ինչպես և աջ ղեկով մեքենաների դեպքում, որևէ ստատիստիկ և/կամ ուսումնասիրությունների հիմքով հաստատված չէ։

Նրանք նոր օրենք են հնարել, որով ցանկանում են տուգանել Դիլիջանի ոլորաններում եգիպտացորենի առևտրով զբաղվող գյուղացիներին, պատճառաբանությունն էլ այն է, որ այդ մասերում ապօրինի գովազդային վահանակներ ու կառույցներ են, որոնք վթարային հիմք են ստեղծում։ Օրենքն, առհասարակ, միջպետական ճանապարհներին մոտ գտնվող կառույցների մասին է։

Ստացվում է՝ երկու քառակուսի մետրի վրա առևտուր անող և 400 քառակուսի մետրի վրա բիզնես ունեցողներին հավասարաչա՞փ են տուգանելու (150.000֏)։ Կամ միջպետական ճանապարհների այդ ո՞ր հատվածն էր իդեալական, որ մի օր չտեսանք։ Գծանշումներն արեք, պարոնայք, կողքի անվտանգության կահավորանք ապահովեք, լուսավորեք, հետո նոր խոսեք վթարային վիճակների մասին։

Այս ձևով այս օրենքը նմանվում է դպրոցական շարադրության՝ «Ի՞նչ օրենք կգրեի, եթե լինեի նախարար» խորագրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել