Էս մեր թերթերը կմնան-կմնան ու կարևորը բաց թողնելով՝ մեկ էլ նենց մանրուքների կկպնեն, որ էլ ասելու չի: Թերթերից մեկը գրել է, որ ՀՀ նախագահի նստավայրն այս տարվա մեջ 1 մլն 100 հազար դրամի, իսկ ՀՀ կառավարությունը` 770 հազար դրամի ծաղկեպսակ է գնել` յուրաքանչյուրը 110 հազար դրամ արժողությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երկու հիմնարկներն էլ գնումները կատարել են մեկ անձից` «Արա Թորոսյան» Ա/Ձ-ից:
Ու շարունակելով զարգացնել միտքը՝ հայտարարել է, որ ծաղկեպսակները 10-50 հազար դրամ արժեն որպես կանոն, իսկ իշխանությունները կասկածելիորեն 110 հազարով են առնում: Մի քիչ ծիծաղելի է պատկերացնել, որ ասենք նախագահի աշխատակազմը բան ու գործ չունի, նստած 500-600 հազար դրամի ատկատներ ա անում, բացի դրանից, այ ձեր ցավը տանեմ, էս ի՜նչ մանր ծախսերից ենք խոսում: Ի վերջո էն ոչուփուչ Հայրիկյանին հատկացրած փողը բավարար էր, որ 10 տարի շարունակ կառավարությունն ու նստավայրը ուղիղ էսքան ծաղիկներ առնեին, ինչո՞ւ եք մանրանում:
Մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ ծաղկեպսակներ ուղարկում են որպես կանոն տոնական կամ սուգ օրերին, երբ ծաղիկների գները կրկնապատկվում են, և սրան գումարել նաև այն հանգամանքը, որ ծաղկեպսակ ուղարկելը սիմվոլիզմի դրսևորում է, սիմվոլիզմի դրսևորում է նաև այն, որ պետական բարձր մարմինների կողմից ուղարկված պսակները չլինեն ինչ-որ քնձռոտ տեսքի ու 10000 դրամանոց բաներ․․․ Այնպես որ, նորմալ է, ամեն ինչ տեղավորվում է առողջ տրամաբանության մեջ, իսկ քննադատելու էնքան թեմա կա, որ էս ծաղիկների թեման ուղղակի զավեշտալի է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/295337757266662?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել