ՀՀ Քաղաքաշինության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան գոյանում է ավելի քան 700.000 եւ ավելի տոննա թափոն: Օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում շուրջ 450-470 տոննա կենցաղային աղբ, տարեկան` 170-180.000 տոննա: 

ՀՀ-ում օրենսդրական թույլտվություններով գործում է 242 աղբավայր՝ 1344 հեկտար տարածքի վրա: Բացի այդ՝ գոյություն ունեն պաշտոնապես չգրանցված 196 աղբավայրեր` 171,2 հեկտար տարածքով: 

Այսինքն՝ Հայաստանում աղբավայրերը զբաղեցնում են մոտ 1500 հա տարածք: Հայաստանում ամենախոշորը Նուբարաշենի աղբավայրն է՝ մոտ 50 հա տարածքով: Փաստ է նաեւ, որ վերջին տարիներին աղբավայրեր են ստեղծվել նաեւ մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում:

Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում է. Հայաստանի աղբավայրերից եւ ոչ մեկում աղբի տեսակավորում եւ վերամշակում չի արվում: Փոխարենը գործում է ավելի հեշտ տարբերակը. աղբը դարսվում է տվյալ օրվա համար հատկացված աշխատանքային տարածքում, բուլդոզերներն աշխատանքային տարածքի երկայնական մասով տեղաշարժում են աղբը եւ խտացնում` ստեղծելով մինչեւ 0.3 մ հաստության շերտ: Այդ եղանակով անցած 50 եւ ավելի տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրում կուտակվել է ավելի քան 7.5 մլն տոննա կենցաղային աղբ, որից արդեն որերորդ տարին է ցանկանում են ճապոնական տեխնոլոգիայով 1.4 մգվտ էլեկտրաէներգիա ստանալ: (Ճապոնական ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ տարիներ շարունակ ընթացող հակամարտության մասին էլ չհիշեցնեմ, հավանաբար բոլորին է հայտնի):

Երեւանի քաղաքապետարանի 2006թ. տվյալների համաձայն` Նուբարաշեն տարվող աղբավայրում թափվող կենցաղային աղբի 10 %-ը թուղթ կամ ստվարաթուղթ է, 25 %-ը` մթերային թափոններ, 3 %-ը` տեքստիլ, 3 %-ը` պոլիէթիլեն, 5 %-ը` ապակի, 43 %-ը` քարեր, նստվածք, տիղմ եւ այլն: 

Նուբարաշենի աղբավայրում շահագործման կանոնները չպահպանելու հետեւանքով կատարվում է թափոնների ինքնայրում` վտանգավոր նյութերի արտանետումներով: Աղբավայրը, որպես կանոն, տեխնիկապես հագեցած չէ եւ չի իրականացվում ընդունվող աղբի կանոնավոր հաշվառում, մեքենաների լվացում, կուտակված աղբի շերտերի տոփանում եւ հողածածկում: Բացակայում են թափոնների տեսակավորման, վերամշակման եւ օգտահանման արտադրությունները: Վերամշակման թափոնների` թղթի, ստվարաթղթի, մետաղի, ապակու, պլաստիկի տեսակավորումը կատարվում է տարերայնորեն, հիմնականում աղբավայր մուտք գործող մարդկանց կողմից: 

ԻՄ ԿՈՂՄԻՑ ՄԻ ԽՈՐՀՈւՐԴ ԷԼ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ.

«ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԸ ՉԱՂՏՈՏԵԼՆ Է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել