Wnews.am-ը գրում է.
Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ։
Նրա խոսքով, 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը։
«Մենք նախատեսում ենք հնարավորություն ընձեռել երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնվել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասաց Ասատրյանը։
Նախարարը միաժամանակ չնշեց դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը։