Մեկ-մեկ ինձ-ինձ մտածում եմ. շա՜տ ենք պարծենում, որ խելացի, տաղանդավոր ազգ ենք, բայց ցավոք, երբ խորը վերլուծում եմ, իմ մեջ կասկած է առաջանում: Արդյո՞ք մտացածին չեն այդ որակումները բնութագրող հատկանիշները: Շատ հասարակ հարցերում այնպես ենք խճճվում, բարդացնում, տարիներ են պետք, որ կողմնորոշվենք, թե քանդված Լենինի արձանի տեղում ի՞նչ կարելի է կանգնեցնել: Անցել է շուրջ 25 տարի,  այդ թափուր տեղի համար տարբեր մրցույթներ եղան, բայց ոչ մի նախագիծ չշահեց: Տարբեր հրապարակումներ եղան մամուլում և ահա նոր մտահղացում, որ կարծես թե արժանացել է ուշադրության: «ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագիծ-առաջարկով: Դրա շրջանակներում առաջարկվում է Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը» որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից»: Կարդում եմ ու զարմանում, որ պետք է հրապարակի այդ բաց տարածքում 12 մ. բարձրության վրա ծառ հիշեցնող տոհմածառ կանգնեցվի: Չգիտեմ՝  ու՞մ մտահղացումն է այս տոհմածառի կանգնեցումը Լենինի արձանի տեղում, և ովքե՞ր են հավանություն տվողները, բայց եթե տոհմածառ է ու տարբեր ազգերի է ներկայացնելու, նախ պետք է ցածր լինի, որ կարդալ հնարավոր լինի: Դուրս է գալիս՝   ցածրը անշուք կլինի, բարձրն էլ իր նպատակին չի ծառայի՝ ուղղակի որպես արհեստական ծառ կդիտվի: Հետո էլ այդ դրամահավաքի գաղափարը նույնպես շատ սենտիմենտալ է՝ օգնել ուրիշ ազգերին. ախր մեկը լինի՝  մեզ օգնի, հետո էլ ողորմություն հավաքելու նման մի բան կընկալվի. չբացառենք, որ այդ ողորմությանն էլ տեր կանգնողներ կլինեն. փող աշխատելու աղբյուր կծառայի: Արդյո՞ք այդ տոհմածառը կդիմանա արևին, անձրևին, փոշուն ու քամուն և չի՞ խունանա, մի տարի անց չի՞ կորցնի իր նախնական տեսքը, քանի որ այն փակ տարածքում չէ,   ու այդ մանր դետալները հաճախակի մաքրելու կարիք կզգան: Այդ մտահղացման հեղինակը կարող է տոհմածառի փոքր մակետը տեղադրել Գաֆեսճյան թանգարանում կամ որևէ հյուրանոցի նախասրահում, որտեղ արտասահմանյան դիվանագետներն են իջևանում, կամ զբոսաշրջիկները, ոչ Հանրապետության հրապարակում: Սա ընդամենը անհարմարության մասին, իսկ բովանդակային առումով ասեմ՝ սա ուղղակի աբսուրդի հասնող ֆանտազիա է…
Ինչու՞ ենք ուզում ազգերին համոզել, որ նրանք սերվել են հայերից, կամ ո՞ր ազգը հալած յուղի տեղ կընդունի, որ ինքը հայի գեն ունի. հենց մեկը` եգիպտացուն արի ու համոզի, որ գիտե՞ս նախքան քո բուրգերի կառուցելը հայից ես սերվել դու... Բացի հայից էլ ու՞մ գլխում այդպիսի մտահղացում կճառագեր...
Գիտական ու կենսաբանական ի՞նչ հետազոտությունների հիման վրա է հիմնված այդ թեզը, և վերջապես ո՞վ է հայտնագործության հեղինակը, թե ռուսը, թուրքը, գնչուն, հրեան, գերմանացին, արաբը, սևամորթը, ճապոնացին, եգիպտացին կամ չինացին... սերել են հայից, ու մենք էլ, հենվելով այդ ապացույցի վրա, Հայաստանի գլխավոր հրապարակում աշխարհի ազգերի տոհմածառ ենք ուզում կանգնեցնել ու բարձրաձայնել. գիտե՞ք, դուք բոլորդ հայերի նախնիների հետևորդներն եք: Ի՞նչ գիտական ապացույցների վրա է հիմնված այս միֆը, թե՞  ուղղակի մենք ենք այդպես ուզում ու վերջ: Շատ թե քիչ տրամաբանող մարդ առանց որևէ գենետիկ հետազոտության էլ կարող է վստահաբար ասել, որ յուրաքանչյուր ազգ իր ազգային գենի կրողն է, ոչ հայի: Ինչքա՜ն օտարամոլ ենք ու վիճելի տոհմածառ ենք բարձրացնում գլխավոր հրապարակում, մեր պանծալին թողած: Եթե հպարտանալու ու մեզ աշխարհին ներկայացնելու առիթ կա, ապա մենք մեր թագավորներով պետք է հպարտանանք, որ եղել ենք հզորագույն պետություն, ունեցել ենք թագավորություն:
Ես միշտ մտածել եմ, որ այնտեղ արժանի է կանգնեցնել Տիգրան Մեծի արձանը: Թող զբոսաշրջիկները գան ու տեսնեն, որ Հայաստանը ունի հազարամյակների պատմություն, որ մ. թ. ա. 95– 55 թթ.-ին ունեցել է արքայից արքա Մեծն Տիգրան թագավոր, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձրել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Հենց արձանի պատվանդանի վրա կարելի է տեղադրել Տիգրան Մեծի օրոք Հայաստանի զբաղեցրած տարածքներն իր աշխարհագրական քարտեզով, իսկ պատվանդանի վրա վեր խոյանա բարձրադիր Տիգրան Մեծի հուշարձանը թագավորական թագով ու թագավորական ամբողջ շքեղությամբ:
Իմ կարծիքով զբոսաշրջիկը ավելի մեծ բավականություն ու տպավորություն կունենա մեր երկրից այս պարագայում, քան թե նրան համոզենք՝ գիտե՞ս, դու հայից ես սերվել ու այս ծառի վրա փնտրիր քո տոհմածառը: Բառիս բուն իմաստով աբսուրդ է: Իհարկե,  ոչ մի զբոսաշրջիկի հաճելի չի լինի գալով Հայաստան լսել այդ անակնկալը ու 12 մետր բարձրության վրա փնտրել իր տոհմածառը:
Իր ժամանակին Տիգրան Մեծի մասին Մովսես Խորենացին գրել է.
«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե´ ինքը և թե´ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի՝ Տիգրան Մեծի հոյակապ հուշարձանը ոչ թե պետք է տեղադրված լիներ ՀՀ նախագահի նստավայրում, այլ հենց հրապարակի բաց տարածքում, բայց ավելի մեծ չափերի: Չեմ կասկածում, որ Թոքմաջյանի պես հայրենասեր, շնորհաշատ, տաղանդավոր քանդակագործի համար պատվի խնդիր կլինի նույն գլուխգործոցի մեծադիր տարբերակը քանդակելը, որը կլրացնի հրապարակի բաց տարածքը և մեծ շուք կհաղորդի հրապարակին, միևնույն ժամանակ Երևանը աշխարհին ավելի ներկայանալի կդարձնի: Վստահ եմ՝  հայրենասեր քանդակագործը, հավերժացնելով Տիգրան Մեծին, դարերին կթողնի Տիգրան Մեծի անկրկնելի, անձեռակերտ հուշարձանը, որը կդառնա սերունդների հայրենասիրության ու հայրենատիրության ոգեղեն վկան:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել