Ոստիկանությունը վերջակետ է դնում համացանցում տարածվող տարբեր ասեկոսեներին՝ կապված Ներսիկ Նազարյան պաշտոնանկության իրական պատճառների հետ: Ի հեճուկս տարբեր ինտրիգաների ու շահագրգիռ կողմերի, որոնք տարբեր իրարամերժ վարկածներ էին առաջ քաշում, ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը մտնում է ոստիկանության համակարգային բարեփոխումների ծրագրի տրամաբանության մեջ, որը ենթադրում է, որ ոստիկանը չպետք է համատեղի բիզնեսն ու իր անմիջական պարտականությունները, իսկ Ներսիսյանը հենց դա է արել:
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանի կայազորի աշխատանքի արդյունավետությունը գնալով նվազում է ուստի դրա համար պատասխանատու պաշտոնյային՝ այս դեպքում Նազարյանին, ազատել են զբաղեցրած աշտոնից, իսկ մնացած բոլոր խոսակցությունները անհիմն են:

Հայտարարության տեքստը․

Հայաստանի ոստիկանությունը պարզաբանել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնից Ներսես Նազարյանին ազատելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումը:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելն աշխատանքային մոտեցում է եւ լիովին տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության եւ կադրային քաղաքականության շրջանակներում:

Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության եւ բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տեւական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի եւ ծառայողական գործունեության արդյունքների վրա:

Տվյալ դեպքում, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը նվազել է, ինչն անթույլատրելի է, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեին իրավիճակը շտկելու համար:

Ոստիկանությունը կարեւորում է իր առաքելության լիարժեք իրականացումը, իսկ մնացածը անհիմն եւ անիմաստ խոսակցություններ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել