«Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե Սիսիանի քաղաքապետ և համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանը սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի: Նշվում է, որ Սարգսյանը խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ: Նշվում է նաև, որ օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաև համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Ույծը Կարեն Համբարձումյանի հայրական գյուղն է:
Այս կապակցությամբ «Հայկական ժամանակին» Սիսիանի համայնքի ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանն ասաց, որ իր քարոզարշավն անցնում է նորմալ, կառուցողական մթնոլոտում, ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի և որևէ խոչընդոտի ինքն ու իր թիմակիցները չեն հանդիպում՝ չի էլ կարող խոչընդոտ լինել:
Սիսիանի գործող քաղաքապետ, համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Սարգսյանն էլ ասաց. «Կամ գյուղացուն համայնքի ղեկավարն ինչպե՞ս կարող է ասել՝ գնա, կամ մի գնա ինչ-որ մեկի հավաքին: Ուղղակի մարդիկ չեն ուզում գնալ հավաքի ու չեն գնում, դա նրանց կամքն է: Իրենց հայրական գյուղում գնացել են հավաքի, մարդ չի եղել. եթե մարդ չի եղել, ուրեմն գյուղապե՞տն է մեղավոր: Բացի դա՝ պատահական են գնացել, ոչ ոք չի իմացել, որ իրենք գնալու են քարոզարշավի, դրա համար էլ գյուղացիները չեն գնացել հանդիպման: Այդ գյուղում 250-300 հոգի մարդ է ապրում, մնացածն ինչո՞ւ չեն գնացել. լավ՝ ենթադրենք, թե գյուղապետն իր 4-5 աշխատողներին՝ իրենց ընտանիքներով, չի թողել գնան հանդիպման, իսկ մնացած 250-300 հոգի՞ն»,- մեկնաբանեց Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ընդամենը 5 օրից՝ նոյեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, Սիսիանում ևս անցկացվելու են խոշորացված համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու. ՀՀԿ-ն Սիսիանում առաջադրել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն՝ Կարեն Համբարձումյանի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: