Tert.am-ը գրում է.

Լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի: Այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար դա հաճելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը: Վերջինիս սոցիալական էջում հրապարակված լուսանկարները ողողել են համացանցը: Դրանցում հոգևորականը լուսանկարված է տարբեր կենդանատեսակների հետ՝ սպանված վիճակում: «Այն, ինչը գտել եմ, իմը չէ, այն, ինչի համար ես մեղավոր չեմ, ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում: Եկեք պտտվենք դաշտերում, կտեսնեք, թե որքան կան նման տեսակի թռչուններ, որոնց մարդիկ հաճույքի համար են սպանում: Ուղղակի իմ սխալն այն է, որ ես վերցրել լուսանկարվել եմ»,- նշեց Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը:

-Տե՛ր հայր, երեկ և այսօր համացանցում տարածվել են Ձեր լուսանկարները, որտեղ Դուք լուսանկարվել էիք տարբեր կենդանատեսակների, այդ թվում՝ գիշատիչ թռչունների հետ:  Բոլորը Ձեզ մեղադրում էին՝ նշելով, թե ինչպես կարող է հոգևորականը որսորդությամբ զբաղվել: Ի՞նչ կարող եք ասել այս մեղադրանքների վերաբերյալ:

-Բնությունն ինձ համար աստվածատուր պարգև է, բնության գրկում հնարավոր է՝ մարդն իրեն ազատ և հանգիստ զգա: Դրա հետ մեկտեղ իմ հարազատ ընկերներն էլ շատ են, ովքեր զբաղվում են որսորդությամբ, ինձ էլ հրավիրում են: Իհարկե, ոչ կրակելու տեսանկյունից, որովհետև իմ կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել արդեն, որը պատճառն է, որ ես այլևս զենք չվերցնեմ: Իմ հոր և երեխայիս մահից՝ 2012թ.-ից հետո կարող եմ ընկերներիս հրավերով նրանց միանալ, բայց զենք չեմ վերցնում: Բայց այդտեղ նաև իմ լուսանկարվելու ձգտումը, ցանկությունը կա, ինձ համար հաճելի է լուսանկարվելը: Եթե դու կարող ես ինքդ որս անել, կխնդրեմ, որ ես ինքս լուսանկարվեմ և ինձ լավ զգամ:

-Այսինքն՝ Ձեր որսած կենդանիները չէին լուսանկարներում:

-Հատկապես այնտեղ մի թռչուն կա, երկուսը չեն: Բազեանմանների ընտանիքից է, գիշատիչ է, և Դուք ինձանից լավ գիտեք, որ խելացի որսորդի, մարդու համար դա ընդունելի չէ: Այն, ինչը քոնը չէ, ուրեմն քոնը չէ: Եթե կենդանին, թռչունը որսորդ է բնության մեջ, դու քո նմանակին կարծես ձեռք պարզես: Բայց այդ դեպքը. Թալինի գյուղերից մեկի հարևանությամբ, լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին, նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի: Երբեմն կան երիտասարդ որսորդներ, որոնց ձեռքն առաջին անգամ զենք է ընկնում և բացի ինքնաթիռից, ինչ տեսնում են, վայր են բերում: Ես չեմ խոսում, որպեսզի մարդկանց առջև քավության նոխազ երևամ: Ես խոսում եմ նրա մասին, ինչը որ կա: Նորից եմ կրկնում՝ այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար հաճելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել