Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Ուղիղ մեկ տարի առաջ նկարագրել էի հիմնական իրավիճակը հայաստանյան սոցցանցերի ոլորտում։ Հիմա կարելի է արձանագրել, որ, վերջին տարվա ընթացքում Հայաստանի ցանցային հատվածում հիմնական լուրջ փոփոխությունն Ինստագրամի կտրուկ աճն է։

Օդնոկլասնիկին, կարծես թե, նահանջում է, և արդեն կարելի է ասել, որ այն Հայաստանի թիվ մեկ սոցիալական ցանցը չէ։ Ըստ Liveinternet-ի տվյալների՝ Օդնոկլասնիկիի այցելուների թիվը 2017 թվականին նվազել է, և հոկտեմբերին օրական կտրվածքով այցելուների թիվը հասել է 692 հազարի։

Օդնոկլասնիկի օրական այցելությունները 2015-2017 թվականին, ըստ  Liveinternet

Օդնոկլասնիկիի օրական այցելությունները 2015-2017 թվականին՝ ըստ Liveinternet-ի

Հայաստանից Ֆեյսբուքի այցելությունների թիվն ամսական կտրվածքով հասնում է արդեն 1 միլիոն 100 հազարի, օրական կտրվածքով Հայաստանից հարթակն այցելում է մոտ 690 հազար օգտատեր։ Այսինքն՝ Ֆեյսբուքի և Օդնոկլասնիկիի այցելուների թիվը գրեթե հավասար է։ Հիմնական պատճառը Հայաստանից Օդնոկլասնիկի այցելուների թվի նվազումն է, քանի որ Ֆեյսբուքի դեպքում մեկ տարվա մեջ Հայաստանից լսարանի աճը կազմել է ընդամենը 10%։

Ըստ Սիմիլարվեբի գնահատականի՝ Ֆեսյբուքի այցելուներն արդեն գերազանցում են Օդնոկլասնիկիին։ Երկրորդ տեղում Յութուբն է, որը Հայաստանում դառնում է ակտիվ վլոգերական հարթակ: Սա 2017թ.-ի զարգացումներից է, չնայած վլոգերությունն այդքան էլ նոր երևույթ չէ Արմնեթում։

Հայաստանից ամենաայցելվող կայքերը, ըստ Similarweb.com

Հայաստանից ամենաայցելվող կայքերը՝ ըստ Similarweb.com-ի

Իսկ այ, Հայաստանից լսարանի ռեալ աճ է արձանագրել Ինստագրամը։ Այստեղ տվյալ պահին Հայաստանից ամսական կտրվածքով այցելուների թիվը հասնում է 430 հազարի, իսկ օրական՝ 210 հազարի։ Համեմատության համար մեկ տարի առաջ տվյալ ցուցանիշները կազմում էին 200 հազար և 110 հազար համապատասխան։ Այսինքն՝ Ինստագրամում մենք ունենք երկու անգամից ավելի աճ։

Թվիթերի և Վկոնտակտե հարթակների վերաբերյալ դժվար է գնահատականներ տալ։ Թվիթերը Հայաստանի նման փոքր շուկաների վերաբերյալ վիճակագրություն չի տալիս։ Իսկ Վկոնտակտեն, փաստացի, մեծամասնությունը օգտագործում է զուտ որպես երաժշտություն լսելու կամ ֆիմեր դիտելու հարթակ: Հայաստանում այն չի դառնում սոցցանցային մեծ շփման տիրույթ՝ չհաշված բավականին հստակ ուրվագծված Սլավոնական համալսարանի ուսանողների և Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երիտասարդների խմբերը։

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել