Սփյուռքը փրփուրի նման ժամանակի ընթացքում, ցավոք, վերանում է: Որովհետև սփյուռքում իրեն գտնելու համար պետք է իրեն կորցնել: Տարօրինակն այն է, որ բառային առումով ևս սփյուռքը փրփուր է: Տեսնենք, թե ինչպես:
Արդի բառարանները ՍՓՅՈՒՌՔ բառի համար տալիս են հետևյալ նշանակությունը. «Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը», և երկրորդ իմաստով՝ «այդ վայրերի հայերը»:
Բայց ի՞նչ էր նշանակում բառը նախքան վերոհիշյալ իմաստներն ստանալը, ի՞նչ կազմություն, ի՞նչ ծագում ունի:
ՍՓՅՈՒՌՔ բառը կազմված է ՍՓՅՈՒՌ-ից և Ք հոգնակերտից: ՍՓՅՈՒՌ նշանակում է «ցրված, տարածված, ցիրուցան»: ՍՓՅՈՒՌ-ն ինքը կազմված է Ս սաստկական ածանցով ՓՌԵԼ բնիկ հայ բառարմատից:
ՓՌԵԼբառը գործածվել է Զսաստկական ածանցով՝ ԶՓՌԵԼ, հետո զ-ն դարձել է ս՝ հաջորդ փ-ի պատճառով: Արմատն է ՓԻՐ, և այստեղ է թաքնված սփյուռքի փրփուր լինելը, որովհետև նույն ՓԻՐ արմատից է ՓՐՓՈՒՐ բառը՝ փիրփուր – փրփուր:
Ճակատագրական է, որ ՍՓՅՈՒՌՔ-ն ու ՓՐՓՈՒՐԸ-ը նույն արմատից են, և մեր դարերի պատմությունը ցույց է տվել, որ սփյուռքը, իրոք, ցավոք սրտի, փրփուրի նման վերանում է՝ ձուլվելով տվյալ երկրի ժողովուրդների մեջ:
Այնուամենայնիվ, իմացանք, որ սփյուռք բառն անցել է փիր – փռել – զփռել – սփռել – սփյուռ – սփյուռք ճանապարհը: ՎԱՍ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել