«ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ լրագրողի հարցին, թե ի վերջո, նոյեմբերին կստո­րագրվի՞ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործըն­կերության համաձայնագիրը, պատասխանել է. «Ես մար­գարե չեմ, սպասենք նոյեմբերին»:
 
Հիրավի՝ սա ժամանակակից հայ պաշտոնյայի բավա­կան անկեղծ պատասխան է, որովհետև Հայաստանը վա­ղուց արդեն ոչ թե միջազգային հարաբերությունների կանխատեսելի  սուբյեկտ է, այլ սատանան գիտի, թե ինչ, որի գործողությունները կարելի է կանխատեսել ոչ թե տրամա­բանության, այլ գրբացության, սուրճի բաժակ նայելու միջո­ցով: Նույնիսկ այս մեթոդները երբեմն անզոր են գտնվում, և ամենավստահելի միջոցը թերևս մարգարե լինելն է:
 
Օրինակ՝ 2013 թվականի ամռանը մարգարե էր պետք լինել կանխատեսելու համար, որ Հայաստանը չի ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագրերը և կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:
 
Այդ պայմանագրի ստորագրումն, ի դեպ, նույնպես նախատեսված էր նոյեմբե­րին ու թերևս ԵՄ և նոյեմբեր բառերի համադրությունը հայ պաշտոնյաների մեջ բախտ բացողի մոտ գնալու անդիմադրելի մղում է առաջացնում:
 
Ի դեպ, երեկվանից հայաստանյան լրատվամիջոցները ազդարարում են, թե ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարել է, թե Հայաստանը կստորագրի համաձայնա­գիրը: Մինչդեռ հայտարարել է միայն, թե Հայաստանը ծրագրում է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գոր­ծընկերության համաձայնագիրը:
 
Այս հայտարարությունը որևէ բան չի նշանակում, որով­հետև նույն կերպ Հայաստանը ծրագրում էր 2013թ. նոյեմբե­րին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց չստորագրեց: Այնպես որ, այստեղ իսկապես մարգարեի ծառա­յությունից օգտվելու անհրաժեշտություն է զգացվում:
 
Իհարկե, հայաստանյան պաշտոնյաների հայտարարու­թյուններից որակապես տարբերվում է ԵՄ-ի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակա­տար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, որ նախօրեին արել է Տալինում: «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է, դրա շուրջ որևէ քննարկում չկա»,- ասել է նա:
 
Պարոն Հանը այստեղ արդեն մարգարե լինելու հայտ է ներկայացնում, բայց նրա նախադասության մեջ ներառված «գրեթե հաստատ է» արտահայտությունը նրան վերադարձնում է սովորական մահկանացուների շարքը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել