Հին Եգիպտոսի վերաբերյալ տեղեկություններն ու պատմությունները միշտ էլ հետաքրքրել են բոլորին: Բուրգերի գաղտնիքներ, մումիաների անեծքներ, բազմատեսակ մոգություններ. ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Հին Եգիպտոսի վերաբերյալ ամենահետաքրքրիր փաստերը:
Հանդերձյալների մասին
Եգիպտացիների համար մեծ կարևորություն ուներ մոգությունը: Այն օգտագործվում էր ամենուր ու ամեն ինչի համար: Տաճարի բարձրագույն քրմերը դրանց միջոցով բազմաթիվ հրաշքներ էին գործում: Ըստ լեգենդի՝ Հին Եգիպտոսում քրմերից մեկը լճի ջուրը բաժանել է երկու հավասար մասերի՝ գտնելու կորցրած կախազարդը:
Նրանք կարողանում էին վերակենդանացնել կենդանիներին և անգամ մարդկանց:
Վերակենդանացումը եգիպտական կյանքում կարևոր դեր ուներ, քանի որ մահվան ու նոր կյանքի գաղափարը նրանց կրոնի ու հավատալիքների կարևոր մասն էր կազմում: Եգիպտացիները հավատում էին, որ ինչպես արեգակն է ամեն անգամ նորից բարձրանում, այդպես էլ նրանք մահանալուց հետո նոր կյանք են առնում: Այս պատճառով էլ եգիպտացիները մահացածների մարմինները համապատասխան կերպով պատրաստում էին հաջորդ կյանքի համար: Երբ մարդը մահանում էր, մնացածը հավատացած էին, որ հանդերձյալը դատաստանի առաջ է կանգնում և հնարավորություն ստանում վերակենդանանալու ու այլ կյանք սկսելու:
Երազների նշանակությունը

Մեծ կարևորություն ունեին նաև երազները: Այսօր մարդիկ կարծում են, որ դրանք ուղղակի ինչ-որ պատկերներ են, որոնք ուղղակի կարող են արտացոլել օրվա ընթացքում մեր ապրումները: Սակայն հին եգիպտացիները հավատացած էին, որ երազները կարևոր նշանակություն ունեն: Մարդիկ վճարում էին տաճարների քրմերին, ովքեր կարողանում էին մեկնաբանել երազները, որպեսզի նրանց պատմեն տեսած երազի նշանակությունը: Երբեմն մարդիկ նույնիսկ փորձում էին տաճարում քնել, եթե ցանկություն ունեին որևէ կարևոր բան իմանալու՝ հավատացած լինելով, որ աստվածներին ավելի մոտ գտնվելով՝ իրենց երազների միջոցով կարևոր բան կարող են իմանալ:
Եգիպտացիների համար այնքան էլ կարևոր չէր երազի ընդհանուր բովանդակությունը. նրանք ավելի շատ ուշադրություն էին դարձնում մանրամասներին: Եթե երազում մեծ կատու էին տեսնում, ապա խոշոր հաջողություն էր սպասվում նրանց, իսկ թզուկ տեսնելու դեպքում հասկանալի էր դառնում, որ մարդու կյանքի մեծ մասն արդեն անցել է:
Հղիության թեստեր
Եգիպտացիները պատմության մեջ եղել են առաջիններից, ովքեր հղիության թեստեր են օգտագործել: Բեռլինի բժշկական պապիրուսում նշվում է, որ այդ թեստերն օգտագործելու տարբեր եղանակներ կային: Դրանցից մեկի դեպքում կնոջը գարեջուր ու արմավի խառնուրդ էին տալիս, ու կախված նրանից, թե որքան էր նա փսխում, եգիպտացիները կարողանում էին հասկանալ՝ հղի է, թե ոչ: Մեկ այլ դեպքում կինը պետք է միզեր գարով ու հացահատիկով լի պայուսակների մեջ, որոնց նաև արմավ ու ավազ էր խառնված: Եթե պայուսակները փքվում էին, նշանակում էր, որ կինը փոքրիկի էր սպասում:
Հին եգիպտացիները նաև փորձել են հղիության ընթացքում երեխայի սեռը պարզել, որի համար կրկին տարբեր մեթոդներ ունեին: Սակայն այդ մեթոդները գործում էին միայն 50% արդյունավետությամբ:
Անեծքներ

Ուրիշներից վրեժ լուծելու համար հին եգիպտացիները հիմնականում դիմում էին մոգությունների ու անեծքների: Առավել հայտնի են մումիայի անեծքները: Փարավոնների մումիաներին որոշակի անեծքներ էին դրվում այնպես, որ բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեին ներս մտնել դամբարաններ ու անհանգստացնել փարավոնների հանգիստը, իրենց հանցանքի համար սարսափելի պատժի կարժանանային:
Բրիտանական թանգարաններից մեկում, որտեղ եգիպտական մի արձան է գտնվում, վերջերս տեսախցիկը ֆիքսել է, թե արձանն ինչպես է ինքնուրույն շարժվում: Մասնագետները կարծում են, որ այն շարժվել է այցելուների քայլերի ազդեցությունից, սակայն դա փաստ չէ:
Ինչպես նաև փաստ չէ որևէ անեծի կամ մոգության գոյությունը, քանի որ գիտականորեն դրանք երբևէ չեն ապացուցվել:



