Բոլոր ժամանակներում էլ կնոջ մերկ, գեղեցիկ մարմինը հիացմունքի է արժանացել: Հայտնի կտավներում պատկերված մերկ կանանց նկարներն իրենց տեղն են գտել անգամ թանգարաններում: Հավանաբար ոչ թանգարանային ցուցադրության, սակայն մշտապես քննարկումների կիզակետում մնալու և ամսագրերի շապիկներին հայտնվելու համար սկսեցին մերկանալ հոլիվուդյան աստղերը: Փայլող աստղերը մեկը մյուսի հետևից սկսեցին ցուցադրել և անմահացնել իրենց բարեմասնությունները լուսանկարչական խցիկի առաջ: Մեկը մյուսի հետևից մերկ ֆոտոշարքեր են անում Փերիս Հիլթոնը, Մադոննան, Լեդի Գագան և այլք: Նորաձևությունը մշտապես նոր միտումներ է առաջ քաշում. մեկ այդ հայտնիներին տեսնում ես շատ մեծ բացվածքներով հագուստներով, մեկ` խիստ դասական հագուկապով, մեկ էլ բոլորը սկսում են մերկանալ: Կարծես իրենց մերկությամբ ուզում են դառնալ նորաձևության բաղկացուցիչ մաս` ինչպես, ասենք, հագուստի գույնը, կոշիկի ձևը կամ էլ սանրվածքը:

Բնական մերկությունը աստղերին ապահովում է և´ PR-ով , և´ լիքն է պահում նրանց քսակները: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ որոշեցին կոտրել կարծրատիպերը և հոլիվուդյան իրենց մրցակիցներից հետ չմնալու համար սկսեցին լուսանկարվել մերկ կամ լավագույն դեպքում` կիսամերկ: Կիսամերկ լուսանկարներով հասարակությանը ժամանակին զարմացրին Շպռօտը, Լիլուն, Ռիփփին, Նազենի Հովհաննիսյանը, Արմինկան, Անահիտ Սիմոնյանը, Հասմիկ Կարապետյանը և ուրիշներ: Նրանց լուսանկարները հայտնվեցին ճանաչված ամսագրերի շապիկներին`աստղերին պահելով ԶԼՄ-ների և հասարակության ուշադրության կենտրոնում:

Եթե ընդունենք, որ հայտնի և ճանաչված մարդիկ ինչ-որ տեղ նաև ճաշակ են թելադրում, ուրեմն կարելի է ենթադրել, որ մերկանալու և ֆոտոշարքեր անելու այս մարմաջը կվարակի շատերին: Գուցե շատերը սկսեն հիանալ և հիացնել իրենց բնական գեղեցկությամբ: Պարզապես պետք է հաշվի առնել, որ երբեմն մերկ լուսանկարներն արվում են շատ գեղեցիկ, գրագետ ու ակնահաճո են լինում, երբեմն էլ լինում են գռեհիկ ու անգամ տհաճ: Այնպես որ, հարգելի հայտնիներ, մերկ լուսանկարվելու որոշում կայացնելուց առաջ նախ մանրակրկիտ մտածեք, թե ինչպես եք ներկայանալու, որ հաճելի լինեք, ոչ թե գռեհիկ:





