Այդպես պետք է և այդպես կլինի: Որքան էլ ծիծաղելի է, որ այդքան շատ բան եմ սպասում, բայց շատ ավելի  ծիծաղելի եմ համարում բոլորի կողմից ընդունված այն կարծիքը, թե հիմարություն է խաղից  որևէ լավ բան ակնկալելը: Եվ ինչո՞ւ է խաղը փող հայթայթելու այլ միջոցներից, ասենք, առևտրից, ավելի վատ միջոց համարվում: Ճիշտ է, հարյուրից մեկն է հաղթում, բայց դա իմ ի՞նչ գործն է:

ՖՄԴոստոևսկի«Խաղամոլը» 

Միակ հաղթողը չխաղացողն է

Շլացուցիչ  լույսեր, վառ գույներ, մի ակնթարթում մեծ հարստության տեր դառնալու գրավիչ առաջարկներ, և խայծն արդեն կուլ տված է: Խաղատան ներսում ամեն ինչ մի քանի անգամ ավելի գերող է և տրամադրող. «զոհը» զոհասեղանի մոտ է: Զվարճանքի և լավ ժամանցի բոլոր պայմանները ստեղծված են, դեռ մի բան էլ` գումար շահելու մեծ հնարավորություն կա:

 

 

«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ մտա կազինո,-պատմում է 23-ամյա Հայկը,-այդ օրն ունեի ընդամենը 5.000 դրամ, բայց դուրս եկա 50.000-ով: Միակ բանը, որ մտածում էի այդ պահին, այն էր, որ կազինոն հեշտ փող աշխատելու վայր է: Մի անգամ էլ գնացի, բայց  տանուլ տվեցի: Դա ինձ չկանգնեցրեց: Տարօրինակն այն է, որ մի քանի անգամ հաճախելուց հետո արդեն սկսել էի հասկանալ` հազիվ թե գումար շահեմ, բայց գնում էի` նույնիսկ  քաջ գիտակցելով, որ մեծ գումար կկորցնեմ: Որոշ ժամանակ անց ընկերներիս նայելով` հասկացա մի բան. մոլի խաղացողը անինքնասեր մարդ է: Անկախ նրանից` զվարճանքի, թե գումար շահելու համար ես գնում, միևնույն է, մեկ անգամ կազինո ոտք դնողը գնում է դեպի կործանում: Ես հորս օգնությամբ կարողացա հետ կանգնել, բայց ոչ բոլորընկերներիս դա հաջողվեց»:

Հոգեբան  Հասմիկ Վարդանյանը  «հեշտ փողերի» հետևից ընկնելը բացատրում է տարիքային առանձնահատկությամբ, երբ դեռահասի մոտ ընթանում է կողմնորոշման փուլ: Հոգեբանության մեջ սա կոչվում է ճգնաժամային տարիք, որն, ի դեպ, հանդիպում է նաև հասուն մարդկանց մոտ:

«Որոշակի տարիքում մարդիկ ինքնահաստատման կարիք ունեն: Հենց այս ժամանակաշրջանում նրանք ավելի հակված են ինչ-որ բանից կախվածության մեջ ընկնել: Խաղից կախվածության  մեջ են ընկնում ու խաղում են, անկախ նրանից` կշահեն, թե տանուլ կտան: Որպես կանոն` առաջին անգամ հաղթում են, ինչը խթանում է նորից վերադառնալ` ավելի մեծ գումար շահելու ակնկալիքով: Իսկ եթե պարտվում են, վերադառնում են, որ հաղթեն և փակեն կորուստը: Եվ այդպիսով հայտնվում են ՙփակ շրջանում»,- ասում է  Հասմիկ Վարդանյանը:

Ինչպես նշեց հոգեբանը, ճգնաժամային տարիք ունենում են ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակները, ընդ որում, այս դեպքում հետևանքները շատ ավելի լուրջ են լինում:

Այսպես էլ  յուրաքանչյուրը, որ հայտնվում է ֆորտունային դեմ հանդիման, մտածում է, թե ինքը հենց նա է, այն հարյուրմեկերորդը, նա, ով լինելու է հաղթող այս խաղում: Սկզբում դանդաղ, ապա ավելի համարձակ, իսկ վերջում մոլագարի պես խրվում ու խրվում է ամենակուլ  խաղ-ճահիճը, որը դժոխքի պես ունի միայն մուտք, իսկ ելք... Երջանիկ է նա, ով գտնում է այն...

 

 

 

«Մորաքրոջս  ընկերուհու ամուսինը անընդհատ խաղում էր: Ու  հիմնականում կորցնում էր, քան շահում: Նրանց տանը դրա պատճառով հաճախ էին վեճեր ծագում: Հետո  մի օր էլ այդ մարդը կազինոյում իր տունը տանուլ տվեց... Ահավոր պատմություն էր: Կինը վերցրեց երեխային ու վերադարձավ ծնողների մոտ: Հիմա  նույնիսկ չգիտեմ էլ` նրա ամուսինն ինչով  է զբաղվում, ինչ է անում: Գիտեմ միայն, որ կինն անգամ թույլ չի տալիս ամուսնուն հանդիպելու երեխայի հետ»,- պատմում է Աննան:

«Մի պահ ես էլ ընկերներիս հետ շատ էի խաղում, կազինո էինք գնում, կամ բակում մեր շրջապատով գումարով տարբեր խաղեր էինք խաղում: Դե, ես հո չէի կարծում, թե մենք խաղամոլ ենք կամ էլ մի օր կդառնանք այն,- պատմում է 20ամյա Արտյոմը: - Բայց, անկեղծ ասած, հիմա  մենակ էդ խաղամոլություն բառը լսելուց մարմնովս սարսուռ է անցնում: Մի ծանոթ  ունեինք, մեր ընտանիքի ընկերներից էր, սիրում էր խաղալ: Կամաց-կամաց խաղը բնավորություն դարձավ, էլ  չէր կարողանում չխաղալ: Շատ մեծ փողեր կորցրեց խաղի պատճառով, բնակարանը վաճառեց, մեծ պարտքերի տակ ընկավ: Բայց ամենաահավորն էն  էր, որ մի օր էլ կնոջը դրեց խաղի մեջ, դե, կարճ ասած` կնոջ վրա խաղաց, պարտվեց ու... էլ  ուրիշ ելք չունենալով` ինքնասպան եղավ: Հավատացեք, որ էս դեպքից հետո էլ փողով չեմ խաղացել, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ ես էլ կարող եմ էդ աստիճան տարվել խաղով: Աստված չանի»:

 

Վիրտուալ ճահիճ 

Համաշխարհային ամենակուլ ցանց համարվող ինտերնետը տեղեկատվության անսպառ աղբյուր լինելուցունոր ծանոթություններ հաստատելու բազմաթիվ միջոցներ առաջարկելուց բացի, իր հետ բերեց նաև մոլուցքի նոր ձևեր: Օնլայն խաղամոլությունը այսօր դասվում է դարի հիվանդությունների շարքը: Երևակայական մակարդակներ (level) հաղթահարելուն զուգընթաց` փլուզվում են մարդկային իրական հարաբերությունները:

 

«Ինքս երբեք չեմ տարվել կոմպյուտերային խաղերով, - պատմում է Զառան, - բայց ինձ թվում է` դրանք շատ են փոխում մարդուն, դարձնում մի տեսակ անտարբեր, ցրված, կորցնում է իր հետաքրքրությունները: Ինչպես ընկերս ...նախկին ընկերս: Սկզբում առանձնապես փոփոխություն չէի նկատում, բայց մեկ ամիս անց արդեն սկսեցի անհանգստանալ: Սովորող ու աշխատող մարդը, որ ընկերական մեծ շրջապատ ուներ, դարձել էր օնլայնին գերի: Գիշերներով չէր քնում, միայն  թե իր սիրած խաղում մի level  էլ անցներ: Մոռացել էր իմ մասին, ընկերների մասին, անընդհատ բացակայում էր դասերից: Մի խոսքով` փոխվել էր, այլևս այն չէր»:

 

 

Հոգեբանի  կարծիքը 

«Կոմպյուտերային խաղերը լիցքաթափման, որոշակի պահանջմունքներ հաղթահարելու միջոց են: Կախված մարդու առանձնահատկություններից` խաղերը կարող են ազդել կամ ընդհանրապես ազդեցություն  չունենալ նրա վրա: Եթե անձի մոտ կան որոշակի նախադրյալներ, խաղերը կարող են փոխել նրան, հասցնել նույնիսկ հոգեկանի խաթարման: Սա պարզապես մեկ այլ իրականության մեջ ինքնահաստատվելու միջոց է»:

Խաղը  իրականությունից կտրվելու, երևակայությանն ազատություն տալու, ինքնախաբեության ճահիճ է, ուր դժվարը ընկնելն է, հետո մնացածը կանի ինքը` Ձերդ մեծություն Խաղը, որը կդառնա նախ` ընկեր, ապա` տեր, վերջում` դահիճ...

Մեր երկրում չկա խաղամոլությանը վերաբերող ոչ մի վիճակագրական տվյալ: Ինչպես տեղեկացրին վիճակագրության վարչությունում  և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, նման վիճակագրություն կազմելն անհնար է, քանի որ խաղամոլությունը  քրեորեն պատժելի հանցանք չէ, և արտաքին նշաններով էլ չի կարելի պարզել` տվյալ մարդը խաղամոլ է, թե ոչ: Ու չնայած այս ամենին` խաղամոլությունը թմրամոլության, ալկոհոլիզմի և մոլուցքի այլ տեսակների նման բազմաթիվ ընտանիքների համար դարձել է պատուհաս, մարդկային հարաբերությունների սարսափելի աղետ ու մարդուն` որպես անհատականություն փոշիացնող իրականություն: Սա էլ հիվանդություն է, որ մարդուն, ինչպես վայրի գազանին, քշում է դեպի վանդակ, որպեսզի չվնասի հասարակությանը, իր նմանին: Իսկ վանդակաճաղը բանտի է, թե հոգեբուժարանի, արդեն կարևոր չէ: Դրանց հետևում մարդն է` առանց դեմքի ու անունի:

Իսկ վաղը... Վաղն ամեն ինչ կավարտվի:

ՖՄԴոստոևսկի.  «Խաղամոլը» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել