Հայաթը քֆուր տալու տեղ ա…
Մալաթիա - Սեբաստիա շրջանի բակում ազատ շրջել չի կարելի: Եթե ունեք համեստ արտաքին, պարկեշտ եք, օրինախախտ չեք, ուրեմն այդ բակերում Ձեր մուտքը խստիվ արգելված է: Գուցե զարմանաք, բայց այս եզրակացությանը եկանք Մալաթիայի բակերից մեկում՝ շրջայցի ժամանակ: Այսօր՝ ապրիլի 15-ին, Երիտասարդական Քաղաքապետարանի անդամները այցելել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Սկզբում ամեն ինչ շատ հարթ էր ընթանում: Բայց եկեղեցի այցելելուց հետո շրջայցի ժամանակ հարակից շենքի բակերից մեկում տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Չգիտես թե որտեղից հայտնվեց սեւազգեստ ահաբեկիչը: Ու սկսվեց թումանյանական «Չարի վերջը»: Աղվեսը՝ սեւազգեստ ահաբեկիչը, պահանջում էր, որ լքենք այդ բակը: Բայց եթե «Չարի վերջ»-ում Աղվեսը հստակ սպառնում է կացինը բերել ու բնաջնջել, ապա այս դեպքում նրա սպառնալիքները այլ էին:
- Ասում եմ՝ թափով գնում եք, թե չէ լավ չի լինելու ձեր համար:
Իհարկե, նման յուրօրինակ հյուրընկալությունը զարմացրեց մեզ, բայց ամենեւին չվախեցրեց: Ու մենք փորձեցինք պարզել, թե ինչու պետք է լքենք բակը: Սեւազգեստ տղամարդը շարունակ պնդում էր, որ «հայաթը ջահելների հավաքվելու տեղ չի, հայաթը մենակ քֆուր տալու տեղ ա»: Պատասխանը որքան էլ պարզ էր, միեւնույն է ինչ-որ բան անհասկանալի էր: Կարծում եմ՝ չի լինի հոգեպես հավասարակշիռ մի մարդ, ով պատկերացնի բակը որպես քֆուր տալու տեղ: Ու չեմ էլ կարծում, որ կա հասարակությանը պիտանի մի քաղաքացի, որը հպարտորեն կհայտարարի, որ ինքը «խուժան ա», ու դեռ կպահանջի խուժանին վատը չհամարել: 
Սպառնալիքները շարունակվում էին, երբ նրան միացան թաղի տղաները: Եւ անանուն տղամարդը սկսեց բակի տղաների վրա էլ զայրանալ՝ ասելով, թե «ինչի՞ ձեր բակը չեք կարողանում պաշտպանեք»: Այնպիսի տպավորություն էր, որ մենք նրանց թշնամիներն էինք ու գնացել էինք Մալաթիա - Սեբաստիան գրավելու, թաղի տղաներն էլ պետք է մեր դեմ ելնեին ու թույլ չտային ոտք դնել իրենց հողի վրա: Վիճաբանությունը դեռ երկար կշարունակվեր, եթե մենք չզգայինք, որ քաղաքակրթությունից հեռու միջավայրում մեծացած այդ մարդը բանավիճելուց շատ հեռու է ու միայն հայհոյանքների շտեմարանն է, որ անգիր գիտի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել