Բոլոր նրանց հիշատակին, ովքեր հավերժ մնացին դիրքերում...


Մութ էր: Այնքան մութ, որ անհնար էր շուրջբոլորը ինչ-որ առարկաներ տեսնել և տարբերել դրանք իրարից: Եթե կյանքումդ բացարձակ մթություն չես տեսել, ապա դժվար է հասկանալ դա: Այդ օրը բացարձակ մթություն էր: Հենց մթության պատճառով էլ նա ոչ թե դիտարկում էր, այլ ուղղակի լսում էր: Փորձում էր տեսողությունը փոխարինել լսողությամբ և շրջապատում կատարվողի մասին պատկերացում կազմել ձայներով: Դա յուրաքանչյուր դի­տորդի պարտա­կանությունն էր: Այդտեղ այդ պահին նրա համար գլխավորը դա էր: Երանի չէ՞ր՝ այդ մթության պես նաև լռություն լիներ: Նա ճգնում էր բազմազան ձայները իրարից տարբերել. լսվո՞ւմ է արդյոք քայլերի կամ իրար դիպչող երկաթի ձայն: Անփորձ մարդուն կթվա, թե ի՞նչ դժվար բան կա այդտեղ, և իրոք. ի՞նչ մի դժվար է լսել քայլերի ձայնը, շատ «հեշտ» է, նամանավանդ քամուց խշխշացող խոտերի, մոտակայքում ոռնացող գայլերի ու բորենիների վայրենահաչի մեջ ու այս ամենին գումարած հոգեկան գերլարվածությունը: Հենց գերլարվածությունից է, որ մարդու ականջներին լսվում են ձայներ, որոնք իրականում չեն հնչում, ձայներ, որոնք սարսուռ են առաջացնում հոգուդ մեջ և կարող են հասցնել հոգեկան հիվանդության: Ու ինչպես չգժվի մարդը, եթե ամեն պահի թվում է, որ նենգը մտել է բլինդաժ ու այնտեղ մորթում է քո ընկերներին...

Ինքն էլ չդիմացավ. սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, նամանավանդ այն բանից հետո, երբ ինչ-որ ձայներ լսեց բլինդաժի մոտից: Իջեցրեց ավտոմատի ապահովիչը և խրամուղու միջով վազեց դեպի բլինդաժ: Մի քանի վայրկյան լուռ սպասեց մուտքի մոտ: Մարդասպան լռություն էր: Հետո սիրտ արեց մտնել ներս, ու... ամեն ինչ նորմալ էր: Տղերքը քնած էին ավտոմատները գրկած: Ժպտաց մի պահ՝ պատկերացնելով ինքն իրեն այսպես քնած: Հետո ժպիտը չքացավ դեմքից և նորից անհանգստության մի ալիք անցավ երեսով, մաշկի վրայով մրջյունների բազմություն վազեց... Դիտակետը դատարկ է ու... Խելահեղ վազքով սլացավ խրամուղու միջով: Այդ մի քանի տասնյակ մետրը կարծես չէր վերջանում: Մի ամբողջ հավերժության տևեց նրա վազքը: Իրականում մեկ-երկու վայրկյան ընդամենը: Խրամուղիները դատարկ էին, իսկ շուրջբոլորը նույն գազանային ձայները: Մի փոքր հանգստացավ, բայց դե... բայց դե կասկածի որդը դեռ կրծում է գիտակցությունը: Անցավ խրամատի միջով և ստուգեց բոլոր դիտակետերը ու ծածկված ճեղքերը: Ոչինչ չհայտնաբերեց: Ուրեմն ամեն ինչ նորմալ է: Լավ է: Հանգստացավ: Հենվեց խրամատի պատին` դեմքով դեպի թուրքերի դիրքերը ու լարեց լսողությունը:

Բլինդաժի կողմից ոտքերի քայլը նորից հանեց նրան հավասարակշռությունից: Անմիջապես նետվեց առաջ ու դիրքավորվեց խրամուղու անկյունում` պատրաստ կրակ բացելու: Երևաց մի ստվեր, ծանոթ ու անծանոթ ստվեր: Անցաբառ: Պատասխան: Ընկերն էր: Երևի նորից մղձավանջ էր տեսել, վեր թռել ու էլ չէր կարողացել քնել: Լուռ նստեցին իրար կողքի: Չէին խոսում: Ուղղակի լսում էին: Ամեն ինչ միանգամից պարզվեց: Տարօրինակ ձայները կտրվեցին. մնացին միայն բնության ձայները: Հոգեպես հանդարտվեց, ու գիտակ­ցությունը պարզվեց: Ինչ լավ է, որ միասին են, ինչքան հանգիստ է այսպես: Օրենքն իհարկե արգելում էր դա, բայց ինչ օրենք, երբ այսպես ամեն ինչ ընկնում էր իր տեղը, ու հոգեկան վստահություն էր մտնում իր մեջ: Լուռ էին: Այսպես լուռ էին միշտ էլ: Քիչ չէր եղել, որ ինքն էլ գիշերվա կեսին արթնացել էր ու գնացել, նստել էր տղերքից մեկի կողքին: Ընկերը վեր կացավ ու նորից առանց մի բառ ասելու գնաց դեպի բլինդաժ: Գնաց՝ մի քիչ հանգստանա, շուտով իր հերթափոխն է լինելու, դեռ կհասցնի... բայց դե այսօր նա լուսաբացին է հերթափոխի լինելու:

Նայեց ժամացույցին: Բան չմնաց: Կեսն անցել է արդեն, մի կես ժամից սկսելու էր լուսանալ: Այս գիշերն էլ անփորձանք անցավ: Քամին դադարեց ու արդեն կարողանում էր հստակ տարբերել ձայները: Ավտոմատի փակաղակի ձայն լսվեց: Դիմացից էր: Թուրքերն են: Երևի իրենց դիտորդն էլ անգործությունից հոգնել է ու զենքի հետ է խաղում: Ժպտաց: Ինքն էլ երբեմն անսանձ ցանկություն էր ունենում քանդել-հավաքել ավտոմատը: Բայց վախը միշտ էլ ավելի ուժեղ է գտնվել: Հանկարծ ու այդ պահին թուրքերի դիվերսանտները մտնեն: Իսկ ինքը նստած ավտոմատ է քանդում-հավաքում: Ոչ մի դեպքում: Չի կարելի: Անթույլատրելի է:

Չնկատեց՝ ինչպես լույսը սկսեց բացվել: Դիտորդի համար ամենաանհանգիստ մի քանի րոպեն, երբ արշալույսին ամենափոքրի թփի ստվերն անգամ մարդահասակ է երևում: Ժամանակն էր փոխել դիտակետը: Պետք է տեղափոխվել դիրքի կենտրոն: Այնտեղ էր ծածկված ճեղքը, և խրամուղին էլ նորմալ խորություն ուներ ու հողաթմբերով լավ պաշտպանված էր: Այնտեղ ոչ մի դիպուկահար չի կարող քեզ հայտնաբերել: Այնտեղ, որտեղ նա նստած էր գիշերը, ժայռ էր: Խրամուղին չէին կարողացել խորացնել, իսկ վերջին շաբաթ­վա անդադար քամիները անընդհատ մաշեցրել էին բրուստվերը: Նույնիսկ կռացած շարժ­վելու ժամանակ թուրքերի կողմից պարզ երևում էիր: Ավտոմատը աջ ձեռքում էր: Փորձեց տեղից վեր կենալ ու... լսվեց կրակոց: Փռվեց խրամուղու հատակին: Գնդակը դիպավ խրամուղու պատին` ուղիղ գլխավերևում, մի քանի սանտիմետր վերև: Սառը քրտինքը պատեց մարմինը: Այս ինչից պրծավ: Ուրեմն փակաղակի ձայնը, որ լսել էր... թուքերը սնայպեր են բերել: Երևի նա էլ սպասում էր լուսաբացին, որ սկսի իր որսը: Զենքն էլ նախապատրաստել էր կրակի դեռ մի ժամ առաջ: Իսկ ինքը, հիմարը, կարծում էր, թե դիտորդն է խաղում զենքի հետ: Այս ամենը նա մտածում էր գետնին փռվելու ընթացքում...ու դա երևի մեկ վայրկյանի կեսից էլ քիչ ժամանակ տևեց: Սողեսող շարժվեց մինչև դիրքի կենտրոն: Տղերքը լսած կլինեն ու հեսա կհասնեն: Բայց... ախր բլինդաժից դուրս եկող տղերքին խրամուղում կխփի շունը: Չի կարելի, չի կարելի թողել, որ հանգիստ նշան բռնի ու կրակի: Իրեն նետեց ծածկված ճեղքն ու ամբողջ մարմնով սեղմվելով պատին` պատի հետ միաձուլված մոտեցավ հրակնատին: Անմիջապես տեսավ շանը: Ինքնավստահ էր թուրքը: Հրացանը ուղղած դիրքի կողմը` նստած էր հողաթմբին: Երևի կարծում էր որ խփել է իրեն, հիմա էլ նշան էր բռնել բլինդաժի դռանը: Դրա համար էլ խրամատից դուրս էր եկել, որ կարողանա տեսնի բլինդաժի դուռը: Տղերքից ով դուրս գա, տեղում կմնա...Չէ՛, սենց չեղավ, մի բան պիտի անել: Ինքը վատ չէր կրակում: Անցած ամիս գումարտակի հրամանատարը հրաձ­գության մրցույթ անցկացրեց: Ինքը գրավեց երկրորդ տեղը: Առաջին տեղը գրավողը գնդացրով էր կրակում, իսկ ինքը սովորական ավտոմատով: Տարբերությունը մեծ է... Բոլորը ասում էին, որ լավագույնը ինքն է, որովհետև ավտոմատով այդքան միավոր միայն լավագույնները կկարողանային հավաքել: Ե՛վ մտածում էր, և՛ նախապատրաստվում կրակի: Ավտոմատի փողը հրակնատից դուրս չէր հանում, որ հանկարծ չտեսնի, եթե տեսավ, ապա կսկսի իր վրա կրակ վարել: Հրակնատը չի փրկի իրեն... երկու ամիս առաջ էր, որ տղերքից մեկին հենց այստեղ, այս դիրքում խփեցին... խփեցին, երբ հրակնատից նայում էր... Թուրքը նշանահատիկի վրա էր, բայց դեռ սպասում էր, սպասում ու Աստված կանչում, որ թուրքը մտնի խրամատ... չէր ուզում կրակել: Բայց էլ չէր կարող սպասել, չէր կարող. հիմա տղերքից մեկը դուրս կգա... դուրս կգա ու... հետո ոնց կարող է ինքն իրեն ների, ոնց կարող է: Ախր ինչպես պատասխան տա, ինչպես բացատրի, որ ինքը չի կարող այսպես հեշտ ու հանգիստ կրակի մարդու վրա: Բայց ախր սա մարդ չէ... սա կարող է հենց այն նույն կենդանիներից է, որ երեխա էին մորթում, կարող է հենց սա էր, որ մերոնց խփում է: Չէ, ինքն իրեն չի ների: Չի կարելի: Կրակիր: Արագ: Ժամանակն անցնում է: Շունչը պահեց և հանգիստ սեղմեց ձգանը: Այնքան լարված էր, որ իր ավտոմատի կրակոցի ձայն չլսեց, միայն տեսավ, թե ինչպես շունը ցնցվեց ու բերանքսիվայր ընկավ: Այո: Այսպես միայն այս շների հետ: Միանգամից ջերմություն ու ուրախություն պատեց նրան: Ինչ որ անհասկանալի մեծ հպարտություն: Ինքը վրեժ լուծեց: Վրեժ բոլոր զոհվածների համար: Համ վրեժ լուծեց, համ տղերքին փրկեց: Թուրքը շարժվեց: Երևի վիրավոր էր ու փորձում էր սողալով մտնել խրամատ: Հիմա ինքը շատ հանգիստ ու ինքնավստահ էր: Նորից նշան բռնեց: Կարկ: Թուրքը սատկած է: Դիակն էլ թող մնա ընկած հենց այդտեղ: Թող վախենան մոտենալ: Թող իրենց դաս լինի: Տղերքի ձայները լսվեցին: Եկան: Պատմեց: Հասկացան: Դիրքի ավագը անմիջապես կապնվեց հրամանատարին ու զեկուցեց: Տղերքը նախանձով էին նայում իրեն: Ինքը կարծես հերոս լիներ: Հպարտ էր: Հպարտ էր ու հերոս էր: Աքլորացել էր: Բայց հանկարծ հիշեց, որ տղերքի մեջ շատերը կային, որ սրանից ավելի վատ իրավիճակներում են եղել ու... ու հաղթող են դուրս եկել: Ամաչեց: Տղերքն էլ հասկացան: Նորմալ է: Ամեն ինչ նորմալ է: Իրենք բոլորը հերոսներ են: Ուղղակի նրա համար, ով երբեք չի եղել այստեղ ու չի տեսել այս ամենը, սա հերոսություն է: Իրենց համար սա ամենասովորական ծառայություն է: Սա մի սովորական օր էր: Ամենասո­վորա­կան օր:

Հերթափոխվեցին: Մտավ բլինդաժ ու հասկացավ, որ ահավոր հոգնած է: Հոգեկան գերլարումը քամել էր բոլոր ուժերը: Մինչ այդ ուղղակի չէր հասկանում: Իսկ հիմա պառկելով տախտակամածին` զգաց որ բոլոր մկանները ցավից պայթում են: Փորձեց աչքերը փակել ու քնել: Չստացվեց ոչինչ: Ինչքան ավելի հոգնած ես լինում, այնքան ավելի հեռու է քունը փախ­չում: Դիրքերի սովորական մի երևույթ: Գլխի մեջ անընդհատ պտտվում էր իրենց երգը: Ով էր հեղինակը, երբ էր գրվել... իրենցից ոչ ոք չգիտեր... Բայց բոլորը գիտեին ու երգում էին, ձայն ունենային, չունենային միևնույնն է երգում էին: Երևի հեղինակը մի զինվոր էր, որ Հորադիզ կայարանի մարտերին էր մասնակցել ու... դե ինքը կենդանի էր մնացել, բայց նվիրել էր իր երգը զոհված տղերքին: Սկսեց երգել, սկսում մտքի մեջ, հետո ինքն էլ չզգաց ինչպես բարձրաձայն երգեց: Տղերքն էլ միացան... Երգում էին ինքնամոռաց: Վերջացնում էին ու նորից երգում.

 Երևանից ինձ տանում են Հորադիզ,

Գուցե կյանքում էլ հետ չգամ ես նորից:

Վարդ է բացվել դուշման մարդկանց սրտերում,

Կյանքս անցավ մութ ու խոնավ պոստերում:

 Տասնութ տարիս նոր էր հազիվ լրացել,

Չթողեցին սիրած յարիս վայելեմ:

Վարդ է բացվել դուշման մարդկանց սրտերում,

Կյանքս անցավ Հորադիզի պոստերում:

 Ինձ տվեցին ավտոմատ ու ախ նռնակ,

Մարտի դաշտում մեզ թողեցին միայնակ:

Օֆիցեռներն էլ թողեցին ու փախան,

Կռվի դաշտում մենք մնացինք մեն-մենակ:

 Երբ ես ընկա կակաչներն ինձ գրկեցին,

Խեղճ ծաղիկներն իմ արյունով ներկվեցին:

Վերջին անգամ շշնջացի «Ախ մամ ջան,

Մնաս բարով, ես գնացի հավիտյան»...

Չզգաց նույնիսկ՝ ինչպես քնեց: Քնի մեջ էլ երգում էր: Իսկ երազում: Երազում տեսավ նրան: Տեսավ ու արտասվեց կարոտից: Երևանում էր, Բարեկամություն մետրոյի գետնան­ցումում: Ինքը գետնանցումի աստիճաններով բարձրանում էր, իսկ նա կանգնած էր վերևում: Նայում էր իր վրա ու կարծես չէր տեսնում: Նայում էր իր միջով: Սկսեց գոռալ, բայց ձայնը դուրս չէր գալիս: Դաժան էր: Սկսեց ցատկելով բարձրանալ աստիճաններով, իսկ աստի­ճանները չէին վերջա­նում: Հուզվել էր: Քրտնել էր: Էլ չէր դիմանում... քիչ էր մնում՝ սիրտը պայթեր: Վեր թռավ տեղից: Հասկացավոր երազ էր ու... մի կողմից ուրախ էր, որ վերջացավ այդ երազը, մյուս կողմից քիչ էր մնում լացեր... Այնքան էր կարոտել նրան... այնքան վաղուց չէր տեսել, որ դեմքն էլ մոռացել, իսկ երազում նա այնքան իրական էր: Այնքան մոտիկ ու այնքան ցանկալի...

Դիրքի ավագը մտավ բլինդաժ ու ասաց, որ պիտի բլրի հետևում փ­ոս փորեն... Ջրի մեքենան չի կարողանում հասնել մինչև դիրքը, թուրքերը գնդակոծում են... պիտի դիրքից հեռու փոս փորեն ու ջրի ամանը այնտեղ հողի մեջ թաղեն (որ ջուրը ինչքան հնարավոր է երկար սառը մնա): Ինքը լուռ վեր կացավ, ավտոմատը գցեց մեջքին ու վերցրեց բահերից մեկը: Ավելի լավ է գնա աշխատի: Գոնե կցրվեն մտքերը: Օրը կանցնի: Եվս մեկ օր կանցնի: Եվս մեկ օր կմոտենա զորացրմանը:

Դիրքի ավագը ցույց տվեց տեղը: Սկսեցին փորել: Սկզբում հեշտ էր: Կես մետր էլ չէին փորել երբ հասան խճաքարերի: Բահերը էլ չէին աշխատում: Վերցրեց քլունգը ու սկսեց ջարդել քարերը: Ինքը ջարդում էր, մյուսները հանում էին փոսից: Ինքնամոռաց աշխատում էին: Ինքը արդեն մտքերով նորից թռել էր հեռու: Մոռացել էր, որ բանակում է: Մոռացել էր, որ մի քանի տասնյակ մետր այն կողմ թուրքն էր: Կռիվ էր տալիս քարի ու խճի հետ: Դրանք չէին ուզում ենթարկվել: Բայց դե իրենց չենթարկվելուն նայող չկար: Ջարդում էր ու ջարդում: Վերջապես քարերը տեղի տվեցին՝ երևի հասկանալով, որ տղերքը միևնույնն է պիտի փորեն ես փոսը:

Նայեց տղերքին. բոլորը սպիտակել էին: Մի պահ չհասկացավ, թե ինչու: Մի՞թե ինքն էլ է այսպես սպիտակել: Մի՞թե այսքան ծերացել են իրենք: Հետո հասկացավ, որ ընդամենը փոշի է: Փոշին ծածկել էր նրանց ու սպիտակեցրել: Փոշին ոչինչ: Թափ կտան իրենց, կմաքրվի, եթե ջուր լինի մնացած, միգուցե նույնիսկ լվացվեն, եթե չլինի, ապա կսպասեն մինչև ջրի մեքենան գա, ու այդ ժամանակ գուցե մի բուռ լվացվելու ջուր լինի: Ջուր: Ամեն ինչի սկիզբը: Առանց ջրի կյանքն անհնար է, իսկ իրենք համարյա առանց ջրի են: Ջուրը միայն ճաշ պատրաստելու հա­մար է: Չի կարելի անխնա օգտագործել, իսկ լվացվելը անխնա օգտագործել է: Ջրի մեքենան ամեն օր չի գալիս: Ջուրն էլ այնքան շուտ է վերջանում: Զարմանալի է, որ կարողանում են այսքան երկար առանց ջրի ապրել: Նախկին կյանքում ինքը այդպես չէր կարող: Իսկ հիմա՞... Հիշեց, երբ է վերջին անգամ ջուր խմել: Երեք օր առաջ էր: Փայտ հավաքելու ժամանակ տեսավ քարի մեջ հավաքված անձրևաջուրը: Անձրև եկել էր մի շաբաթ առաջ: Մի շաբաթվա ջուր էր... անհամ, կանաչած, տղմահամ ու տտիպ: Բայց ջուր էր: Ինչքան լավ էր: Ափսոս, որ էլ չի գտնում: Բայց ոչինչ, հիմա կփորեն այս փոսը: Կբերեն ջրի տարան: Կթաղեն հողի մեջ: Հետո գիշերը կգա ջրի մեքենան ու... արդեն ջուր կունենան:

Նստեցին՝ հանգստանան: Ավագը հանեց սիգարետի տուփը: Մնացել էր մի քանի հատիկ մեջը: Վերջին տուփն էր: Ջրից հետո ամենացանկալի բանը զինվորի համար: Առանց ֆիլտր սիգարետներ էին: Հինգ հոգով էին: Ավագ վառեց ու ներծծեց իր մեջ սիգարետի ծուխը: Տվեց մյուսին... ու այդպես ծխեցին մեկ հատիկը: Ինչ լավ էր: Վերջապես ծխեցին: Մեկ հատիկը հինգ հոգով: Վերջինը գլխարկի միջից հանեց ասեղը և սիգարետը ամրացրեց ասեղին: Այդպես կարելի էր ծխել սիգարետը մինչև վերջ ու չվառել մատերը: Սիգարետից մի պահ ուղեղները մթագնեց: Կենսաբանորեն ասում են, որ երկար ժամանակ չես ծխում, հետո ծխում ես, արյան շրջանառությունը արագանում է, արյունը միանգամից բարձրանում է ուղեղ, ու մոտդ մի անսովոր զգացողություն է առաջանում:

Հանգստացան ու նորից անցան գործի: Պիտի անպայման ավարտեին: Արդեն մեկ մետրից ավելի խորացրել էին փոսը... մի քիչ էլ ու վերջ: Փոսը պատրաստ կլիներ արդեն: Դիրքի ավագը տղերքից երկուսի հետ գնաց ջրի ամանը բերելու: Իրենք մնացին վերջնական տեսքի բերելու: Կարծես վերջացրին: Բահը դրեց մի կողմ , սրբեց ճակատի քրիտնքը ու նայեց ուղղանկյունաձև փոսին: Աջ անկյունում շեղվել են գծից կարծես: Ամանը չի մտնի փոսի մեջ: Վերցրեց բահը ու մոտեցավ եզրին, որ ուղղի: Մոտեցավ դանդաղ: Արդեն շտապելու բան չունեին: Այո, չուներ ինքը շտապելու բան... հակառակը, նա ավելի ու ավելի դանդաղ պիտի մոտենար: Ուղղակի նա չգիտեր: Ոչ ոք չգիտեր: Կանգնեց եզրին, բահով գծեց գիծը, թե պատի որ մասը պիտի տաշի: Հանգիստ նայեց ու բարձրացրեց բահը և... պայթյունը...: Ինքը նույնիսկ չհասկացավ, թե ինչ եղավ... ինքը չզգաց, որ պայթյունը իրեն նետեց մի քանի մետր հետ ու ինքը գետնին ընկած գալարվում էր ու արյունաքամ լինում: Նա նորից գետնանցումում էր: Նա կանգնած էր վերևում, իսկ ինքը բարձրանում էր վեր ցատկելով միանգամից մի քանի աստիճան: Բայց այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ էր... Մի քանի ցատկ, ու ինքը հասավ վերև: Հասավ նրան: Գրկեց նրան ու ժպտաց, իսկ նա... նա արտասվում էր ու աչքերում սարսափ կար: Ինչո՞ւ, չէ որ վերջապես իրար հետ են, իրար գրկում...

Ամենասովորական օր էր... Այն օրերից, որպիսիք արդեն տասնամյակից ավելի կրկնվում են ողջ ռազմաճակատի գծով մեկ: Տղերքը լուռ նայում էին արդեն մահացած իրենց ընկերոջը:

Ահա և վերջը: Իրենցից յուրաքանչյուրի վերջը ամեն րոպե կարող էր լինել նույնը: Արդեն չկար զգացմունք նրանց մեջ: Ժամանակին ինքն էլ էր այդպես նայում զոհված ընկերոջ դիակին: Առանց զգացմունքի` գիտակցելով, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ ինքը: Եվ արժանացավ...

Օրը ավարտվեց: Ամենասովորական մի օր: Ավարտվեց կյանքը: Սկսվեց մի նոր օր...

15.04.2013 թ. Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել