Յուրաքանչյուր շնչին ընկնող մեդալների թվով Հայաստանն առաջինն է աշխարհում:
Պարզվում է՝ այս տարի պետական մարմինները շուրջ կես միլիոն, կրկնում եմ` կես միլիոն մեդալ են պատվիրել: Պետական բյուջեից 221 միլիոն դրամ է տրամադրվելու մեդալների ու դրանց տուփերի գնման համար: 
Տարիներ առաջ, երբ սկսեցին արկղերով մեդալներ, կոչումներ ու շքանշաններ բաժանել, հեգնում էինք, թե երեւի այսուհետ հանրությունը ավելի լավ կճանաչի նրանց, ովքեր մեդալ ու կոչում չեն ստացել, քանի որ համատարած խրախուսամանիայի ֆոնին ավելի շահեկան դիրքերում են հայտնվում եւ ավելի «երեւացող» են դառնում այն մարդիկ, որոնց պետական պարգեւների արժանի չեն համարել:
Հիմա պարզվում է՝ մեդալների շնորհումը դարձել է պարտադիր, ինչպես, ասենք, սուպերմարկետներում տրվող դրամարկղային կտրոնները:
Հաշվեք` կես միլիոն միայն 2013-ին, իսկ անցած 15 տարիներին, վստահաբար, բաժանվել է ավելի քան կես միլիոն մեդալ, նույնքան կոչումներ եւ շքանշաններ:
Ընդհանուր առմամբ, հաստատ, այդ թիվն անցել է 2 միլիոնը:
Այս թիվը բաժանեք երկրի բնակչության թվի վրա եւ կհամոզվեք, որ առնվազն բոլոր չափահաս քաղաքացիներին ինչ-որ բան հասել է:
Մնում է զարմանալ, թե բոլոր բնագավառներում «մատուցած ծառայությունների», «անուրանալի վաստակի» եւ նման բաների համար պարգեւատրվածների այս քանակի պարագայում ինչո՞ւ է երկիրը, մեղմ ասած, դոփում նույն տեղում (եթե չասենք` հետընթաց է ապրում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել