Անգամ փոփն է խոնարհվում Արքայի առջև: Գաիտանան` Ուկրաինայի Ջեյ-Լոն, կերգի «Շախտյորի» հիմնը հայերեն, եթե Մխիթարյանը` բոլորի համար King Henrikh I, 25 գոլ խփի գործնականում արդեն հաղթած առաջնությունում: Այժմ արդեն 22-ն են. ևս մեկը, ու Լուչեսկուի գոլային մեքենան ազգային ռեկորդը կգերազանցի:
Մինո Ռայոլային նոր միացած խաղացողը («Նրան ճանաչում եմ, վստահում եմ նրան») «Շախտյոր» պետք է գար շատ ավելի վաղուց. Լուչեսկուն սիրահարվեց նրան, երբ նրա «Փյունիկի» դեմ խաղաց Չեմպիոնների լիգայում: Իսկ հետո՞: «Ամեն դեպքում եկա Դոնեցկ, բայց «Մետալուրգ»: Այնտեղի մարզչի հետ աշխատել էի Հայաստանում, նրան ճանաչում էի, և նա էլ ինձ էր ճանաչում: Հետո Լուչեսկուն ինձ հասկացրեց, որ ինձ ամեն գնով ցանկանում է»:
- Ի՞նչ եք սովորել նրանից:
- Շատ բան` դաշտից մինչև կենցաղ: Նա վերցնում է երիտասարդին և նրան լավ խաղացողի է վերածում: Եթե, բնականաբար, երիտասարդը լսում է նրան…
- Սկսել եք գոլ խփել և այլևս կանգ չեք առնում. Լուչեսկուի՞ շնորհիվ է, թե՞ Ձեր ներդրումն էլ եք ունեցել:
- Պատասխանելու օգնում են ընկերներս, գոլերը խաղի արդյունքն են: Հետո ես էլ եմ առաջ գնացել: Նախկինում, երբ խաղում էի առջևում, շատ հնարավորություններ էի ունենում, բայց հաճախ սխալվում էի: Հիմա ավելի հանգիստ եմ, համբերատար և ավելի շատ եմ խփում:
- Այո, որովհետև սկզբում Լուչեսկուն Ձեզ օգտագործում էր կիսապաշտպանությունում:
- Եվ այնտեղ սովորել եմ պաշտպանվել, իմանալ պատասխանատվության արժեքը, որովհետև այդ դերում շատ ավելին է, և խորքից գրոհին միանակ:
- Սակայն 11 մետրանոցներ չեք իրացնում…
- Ամեն խաղից առաջ մարզիչը մեզ ասում է` ով պետք է իրացնի դրանք: Այն օրը, երբ ինձ ցանկում դնի, հաճույք կլինի:
- Երբևէ մտածե՞լ եք Ոսկե խաղակոշիկի մասին:
- Ոչ: Մեսսիի ու Ռոնալդուի հետ ոչ ոք հնարավորություն չունի:
- Առաջնությունում գերիշխում էիք…
- Եվ հեշտ չի եղել: Ուկրաինայում ով մեր դեմ է խաղում, չի բավարարվում 100 տոկոսով, տալիս է 101-ը: Ոմանց համար մեզ հաղթելը կամ ուղղակի ոչ-ոքի խաղալը ամենալավ բանն է, որ կարող է պատահել նրանց կյանքում:
- Հունվարի 31. Վիլիանը տեղափոխվեց «Անժի»: Ի՞նչ մտածեցիք:
- Ինձ վատ զգացի, շոկ էր: Կարծում էի` ցանկանում էր մեկնել Անգլիա, և հանկարծ գնաց «Անժի»: Նրան փոխարինել ենք, բայց նույնը չէ: Նա նույնպես, երբ եկավ, արդեն ուժեղ էր, բայց չէր սովորել այն փոքր բաները, որոնք անհրաժեշտ են այստեղ լավ խաղալու համար: հետո սովորեց և քայլ առ քայլ դարձավ աշխարհում լավագույններից մեկը:
- Ո՞րն է Ձեր անցկացրած լավագույն հանդիպումը:
- Ընդամենը 24 տարեկան եմ, հույս ունեմ` իմ լավագույն հանդիպումը դեռ նոր պետք է լինի…
- Ձեր բազմոցին նստած` ի՞նչ ֆուտբոլ եք սիրում նայել:
- Պրեմիեր լիգան. խաղում են արագ, բայց շատ բարձր մակարդակով: Հետո «Բարսան» ու «Ռեալը»` տեխնիկապես անհավատալի են: Եվ վայելում եմ «Բավարիայի», «Յուվեի» ու «Միլանի» հանդիպումները: Ինձ դուր են գալիս թոփ թիմերը, նրանք, որոնց դիտելով կարող ես ինչ-որ բան սովորել:
- Մեծացել եք Ֆրանսիայում, որտեղ խաղում էր Ձեր հայրը: Ի՞նչ հիշողություններ ունեք:
- Շատ և բոլորը լավ, որովհետև հայրս ինձ հետ էր, իսկ այժմ այլևս չկա: Ինձ իր հետ տանում էր մարզումների, հիշում եմ, որ կանգնում էի դռան առջև` սպասելով, որ կգար ու ինձ նշան կաներ, որ գնում ենք: Հետո սկսեց իրեն վատ զգալ, և վերադարձանք Հայաստան: Կյանքն այսպիսին է, ոչինչ չես կարող անել, պետք է պայքարես օր օրի հետևից:
- Ձեր հայր Համլետն էլ էր ուժեղ ռմբարկու:
- Այո, դիտել եմ տեսագրությունները, շատ էր խփում խորհրդային առաջնությունում և Ֆրանսիայում: Մեծ խաղացող էր, դիտարժան խաղ էր ցուցադրում, ինձ պատմում են ընկերները: Իսկ ով նրան իմացել է, ինձ ասում է, որ հաճույք էր նրան ճանաչելը:
- Հետո պրակտիկա անցաք անգամ Բրազիլիայում:
- Այո, 13 տարեկանում գնացի այնտեղ մարզվելու: Եվրոպայի համեմատ` աշխատանքն այլ է, ամեն ինչ հիմնված է տեխնիկայի վրա: Բարելավեցի դրիբլինգս և սովորեցի պորտուգալերեն, հրաշալի լեզու է:
- Եվ օգտագակար է նաև «Շախտյորում», որտեղ այդքան բրազիլացիներ կան:
- Բայց ես բոլորի ընկերն եմ, ոչ միայն բրազիլացիների:
- Դե, բայց ինչ չուրասկո (լատինաամերիկյան խորոված) են պատրաստում…
- Գիտե՞ք` Հայաստանում էլ չուրասկոն վատը չէ:
- «Գարդիանը» Ձեզ ներառել է աշխարհի 100 լավագույնների մեջ:
- Ուրախ եմ: Ոչ միայն նրա համար, որ երիտասարդ եմ, այլ որովհետև հայ եմ: Եվ իմ երկրից մեկի համար հեշտ չէ այդ դասակարգումների մեջ մտնելը:
- Ի դեպ` ինչպիսի՞ն է հայկական ֆուտբոլի մակարդակն այժմ:
- Անկեղծ ասած, չեմ կարող ասել, որ բարձր է: Շատ երիտասարդներ ունենք, որոնք փորձում են առաջ գնալ, երազում են մեծ ակումբի մասին, ինչպես ես էի երազում: Բայց ընդամենը 8 թիմ կա, հետաքրքիր չէ, միշտ խաղում ես նույն թիմերի դեմ ու առաջ չես գնում:
- Երբ չեք խաղում, ի՞նչ եք անում:
- Հանդիպում եմ «Մետալուրգի» հայ ընկերներիս հետ: Իրար ճանաչում ենք մանկական տարիքից և բախտավոր ենք, որ հայտնվել ենք նույն քաղաքոմ: Ճաշում ենք կամ ընթրում, ժամերով խոսոմ ենք ֆուտբոլից:
- Ի՞նչ վիճակ է ամուսնության առաջարկների հետ կապված: Ձեր երկրի նախանձելի փեսացուներից մեկն եք…
- Մի քանիսը ստացել եմ, մեկն անգամ հրապարակայնորեն` համալսարանում: Հույս ունեմ գտնել ճիշտ կնոջը, արդեն ժամանակն է:
Նյութը բոլոր մանրամասներով կարդացեք ՖՈՒՏԲՈԼ 365-ի չորեքշաբթի լույս տեսնող համարում: